Արձագանքելով Լիլիթ Գալստյանին

Արձագանքելով Լիլիթ Գալստյանին

Ձեր թերթի թիվ 182-ում՝ 05.10.2013թ., հետաքրքրությամբ կարդացի Լիլիթ Գալստյանի ստորագրությամբ «Մենք» Մի խաթարեք մեր հոգեւոր սահմանները» հրապարակումը, որտեղ իրավացիորեն հեղինակը բողոքում է, որ «գիտակցված խաթարում են մեր հոգեւոր տարածքները»։ Դժգոհությունն ուղղված է հանրապետության հեռուստատեսության 1-ին ալիքից «Հ» տառի չպատճառաբանված անհետացմանը։



Իսկ ես՝ միամիտս, մտածում էի, որ պետք է լիներ ոչ թե մեկ «Հ» տառ, այլ երկուգ. առաջինը՝ մեծատառ, երկրորդը՝ փոքրատառ։ Բայց, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։



Պարզվում է՝ ես սխալվել եմ այդպես մտածելով, հեռուստատեսությունում շատ ավելի գիտակից մարդիկ կան, ում համար կարեւոր չէ, թե հեռուստաալիքն ումն է՝ ռուսների՞նը, թուրքերի՞նը, թե՞ հայերինը։ Հեռացնելով «Հ» տառը՝ նրանք  հանրապետության 1-ին ալիքը դարձրին անդեմ-աներես, դիմագիծը կորցրած անորոշ հեռուստաալիք...



Հայոց լեզուն, մեր այբուբենն է ազգի գոյատեւման պայմանը, ուստի այն ամենայն հոգատարության կարիք ունի բոլորիս կողմից։ Հիշում եմ, թե ինչպիսի վեհ զգացմունք ապրեցի, ինչպիսի հպարտություն, ոգու վերելք ունեցա, երբ 60-ականների վերջում թերթերից մեկում կարդացի, որ մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն՝ հայերենը, պետք է փոխարիներ, որպես գիտական լեզու, մինչ այդ գործածվող մահացած լատիներենին եւ արհեստական էսպերանտո լեզուներին, որոնք իրենց չարդարացրին։



Ընտրության համար հիմնական նախապայման էր հանդիսանում լեզվի հնությունը՝ այն պետք է լիներ հարուստ բառապաշարով եւ ճկուն։ Մրցույթում հայտագրված մոտ 20 լեզուներից առաջին հերթին դուրս մնացին բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրների պետական լեզուները (որպեսզի չձգտեին  համաշխարհային գերիշխանության), այնուհետեւ մնացածները՝ տարբեր չափորոշիչներին չհամապատասխանելու համար։ Վերջնագծին մոտեցան երկուսը՝ մեր հայերենը եւ Ավստրալիայի հյուսիսում գտնվող մի փոքր կղզու բնակիչների լեզուն, բայց քանի որ հայերենն ուներ նաեւ տարբեր երկրներում պատրաստի ուսուցիչներ, որոնք գիտեին եւ տեղաբնակների լեզուն, եւ հայերենը՝ առավելությունը տվեցին մեր լեզվին։



Սակայն այն չանցավ, քանի որ երկիրը գտնվում էր ՍՍՀՄ կազմում, եւ ռուսները համաձայն չեղան… Այժմ այդ աստվածատուր լեզուն վտանգված է մեր իսկ կողմից: Ես՝ Ռուսաստանից ներգաղթած հայս, կասեի, որ մենք կամավոր կործանման ենք տանում մեր տգիտությամբ եւ օտարամոլությամբ։ Վերոհիշյալ հոդվածը կարդալուց հետո ոչ լրիվ օրվա ընթացքում լրագրերի էջերում եւ հեռուստատեսությամբ հաշվեցի մոտ 38-40 օտար բառեր՝ մեծամասամբ ռուսերեն, նաեւ՝ անգլերեն։ Դա երեւի գլոբալիզացիայի, դեպի Եվրոպա ձգտելու, գուցեեւ ինտերնետի արդյունքն է, որ լեզվի վրա այդքան «քար» շպրտես, նա երկար չի դիմակայի, չափազանց դժվար է։



Պետք է միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Առաջ կար Լեզվի տեսչություն, որն զբաղվում էր նման հարցերով, այժմ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է, հատկապես՝ գովազդի (հեռուստատեսության). օրինակ, «գո» (գրված է հայերեն), այնուհետեւ երկու եռանկյունիներ VA (լատինատառ) «վ» եւ «ա» (առանց միջագծի A) եւ հայերեն` «զդ», այսինքն՝ ձեւախեղված գովազդ։ Կան նաեւ այլ գլուխգործոցներ. եթե բառը չկա, պետք է վերցնել արեւմտահայերենից։



 



Վիուլ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ