Ավելի բարեկա՞րգ Երևան, թե՞ ավելի այլանդակ մայրաքաղաք

Ավելի բարեկա՞րգ Երևան, թե՞ ավելի այլանդակ մայրաքաղաք

Եթե ոչ վաղ անցյալում շինարարություն կատարող կազմակերպությունը մետաղյա թիթեղներով քողարկում էր կառուցվող «օբյեկտը», ապա այսօր այն վերափոխվել է նկարազարդ պաստառի, որի վրա գրված է. «Ավելի բարեկարգ դարձնենք Երևանը»: Հեղինակը պարզ է՝ Երևանի քաղաքապետարան: Այս կարգախոսի առումով և ընդհանուր առմամբ կառավարության վերին օղակների կողմից վերջերս շրջանառության մեջ մտած շատ կարգախոսներ առօրյա կյանքում հակառակ իմաստ և բովանդակություն են ստանում:



 



Օրինակ, երբ կառավարությունն ասում է՝ տվյալ ոլորտում բարեփոխում ենք կատարելու, նշանակում է, որ այդ ոլորտը շատ մոտ ապագայում կամ գոյություն չի ունենալու, կամ էլ գործելու է ի չարս ու ի հեճուկս սեփական ժողովրդի: Եթե ուշադրություն դարձնենք մայրաքաղաքի ծայրամասերում ընթացող շինարարություններին, անպայման կնկատենք, որ դրանց գերակշռող մասում կան քաղաքաշինական նորմերի ցցուն խախտումներ: Հետո էլ՝ ծայրամասերն ինչո՞վ են առավել կենտրոնից:



 



Երբ կարող են կենտրոնը դարձնել մեռած և քարերի շենքերի թագավորություն, ինչո՞ւ նույն քաղաքաշինական նորմերը չկիրառել ծայրամասերում, մանավանդ որ ծայրամասերի նկատմամբ հետաքրքրությունն այդքան շատ չէ: Մինչև գլխի ընկնողները գլխի ընկնեն, իրենք սև գործն ավարտած կլինեն: Բոլորովին վերջերս, ավելի ստույգ՝ աշնան սկզբին, Հալաբյան փողոցի թիվ 35 և 36 շենքերի դիմաց հայտնվեց «Ավելի բարեկարգ Երևան» կարգախոսով պաստառը: Առաջին հայացքից թվում էր, թե պաստառի ներսում ընդամենը սանհանգույց պետք է վերանորոգել: Մյուս կողմից՝ պաստառը զարդարում էր եռահարկ մի շինության նկար, որը զարմանք էր առաջացնում ճարտարապետությունից հեռու ցանկացած մարդու մոտ: Ապագա կառույցը պետք է խցկվեր նշված շենքերի արանքում, իսկ ճակատային մասը կախվեր մայթին:



 



Հարց է առաջանում. եթե կառուցվի, մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն այդ առանձնատանը, հետիոտնը ինչպե՞ս պետք է անցնի մայթը: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ առաջացած բոլոր հարցերն ու խնդիրները եղած-չեղածի նման մի բան են: Եռահարկը կառուցվեց՝ փակելով երկու բազմաբնակարան շենքի և ճակատային մասը, և լույսը: Հարց. լավ, առանձնատան տերը, չգիտես ինչից ելնելով, գումարներ է շաղ տալիս այստեղ, բա քաղաքապետարանում խելքը գլխին մեկը չկա՞ր, որ արգելեր՝ ասելով, որ ընտրված վայրը հարմար չէ առանձնատուն կառուցելու համար: Չեն ասել. շենքը կանգուն է՝ նշանակում է քաղաքապետարանն էլ շահագրգռված կողմ է, եթե ոչ՝ ինչո՞ւ պետք է շինթույլտվություն տար նման վայրում: Կարծում ենք, որ ոչ գեղեցիկ աչքերի համար: Իսկ ինչի համար, որ թույլտվությունը տրված է, ժամանակավորապես բարելավելու է մի քանի հոգու բարեկեցությունը, խաթարելու է ներկա և դեռ չգիտես քանի սերնդի անդորրը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ