Մանրամասներ՝ «Թեփ Արմենի» սպանությունից (տեսանյութ)

Մանրամասներ՝ «Թեփ Արմենի» սպանությունից (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է:






Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:






Կատարվեցին դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական այլ միջոցառումներ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ նույն օրը երեկոյան, ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նժդեհ Ենոքյանը:



 




Ավելի ուշ «Արմավիր» բժշկական կենտրոնից ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն` Սարդարապատ գյուղի բնակիչ Ք. Ավետիսյանը:






Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է հայրենի գյուղում` ցերեկվա ժամը երկուսի սահմաններում: Ոստիկանները պարզել են, որ Ք. Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին: 



 




Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է: 
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Կատարվում է նախաքննություն: