Արտագաղթը մեզ էլ հասավ

Արտագաղթը մեզ  էլ հասավ

Երբ շուրջբոլորդ լսում ես արտագաղթի մասին, այն միս ու արյուն չի ստանում, քանի դեռ քո շրջապատից մեկը չի բռնել օտարության ճամփան: Եվ երբ արտագաղթի ալիքը, որն այս տարիներին շրջանցել էր մեզ, «Հրապարակի» խմբագրություն էլ հասավ, հասկանալի դարձավ, որ աղետն իրական է, շոշափելի եւ չի ճանաչում ոչ սոցիալական վիճակ, ոչ կրթական ցենզ, ոչ գաղափարական մակարդակ, ոչ սեռ ու ոչ էլ մասնագիտություն:



 



Օրերս մեր աշխատակիցը մտավ իմ սենյակ՝ անհարմար զգալով տեղեկացրեց, որ «գնում է»: Ո՞ւր: Եվրոպական հեռավոր մի երկիր, որտեղ ծանոթ ունի, որը կանչում է՝ խոստանալով, որ «լավ է լինելու»: Այդ ծանոթն անգամ ընկեր չէ, երկիրն անգամ մոտիկ չէ, մեկնելն էլ հեշտ չէ: Հույս ունի, որ 6 ամսում օտար լեզու կսովորի, ապրելու տեղ ու զբաղմունք կգտնի: Որոշել է գնալ: «Զզվել եմ»՝ կարճ պատճառաբանեց՝ առանց մանրամասնելու: Հասկացա, որ հոգնել է հոգսերից, գաղջ մթնոլորտից, անհեռանկար վիճակից, վարձով ապրելուց, տղամարդուն ոչ վայել աշխատավարձից… Ամեն մեկն իր թվարկումն ունի: Ոչ միայն հոգսերից է հոգնել, այլեւ երկրում տիրող մթնոլորտն է արտագաղթին տրամադրող. երբ շուրջբոլորդ լսում ես՝ այսինչը գնաց, այնինչը գնում է, դժվար է չմտածել, որ քո երազի դրախտն էլ է մի հեռավոր երկրում քեզ սպասում, եւ այդ դրախտում ապրելուն խանգարում է միայն «վիզա» ստանալու դժվարությունը:



 



Հետո, իհարկե, կպարզվի, որ վիզան ամենահեշտ բանն էր, որ բազում-բազում դժվարություններ են առջեւում պահված, որ դրսում փող աշխատելը գուցե ավելի բարդ է, քան մեզ մոտ, որ օտար միջավայրում հնարավոր չէ ոչ լիարժեք մարդ զգալ, ոչ երջանիկ լինել: Բայց ուշ կլինի: Հայերս ասում ենք՝ էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Գնալն ավելի հեշտ է, քան վերադառնալը, որ ոմանց աչքին պարտության է նման: