Համախմբում՝ մեծ հաղթանակի հասնելու միտումով

Համախմբում՝ մեծ հաղթանակի հասնելու միտումով

ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը նոր տարում որոշում են կայացրել այսուհետ համատեղ գործողություններով հանդես գալ գոնե օրենսդիր դաշտում: Հունվարի 10-ին այս ուժերի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած քննարկումն է հանգեցրել նման որոշման, որի շրջանակներում առաջին քայլի ականատեսը կլինենք վաղը՝ հունվարի 18-ին:



 



ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» նախատեսում են համախմբված մասնակցել հանրահավաքին, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել՝ կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը, մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Կազմակերպիչներն ասում են, որ հանրահավաքն անցկացվում է քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ` նրանց առաջարկով, եւ իրենք ընդունել են քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկն ու որոշել հանդես գալ համատեղ ուժերով: Հունվարտասյան նիստից հետո խմբակցության ներկայացուցիչների կողմից հայտարարվեց, որ քննարկել են համատեղ գործողություններ, որոնք «բավականին լուրջ են», թե ինչի մասին է խոսքը, ինչ ծրագրերի ու հարցերի, փորձեցինք ճշտել խմբակցությունների ներկայացուցիչներից:



«Այո, քննարկվել է միասնական գործելու  մարտավարություն, բայց թե ինչ հարցեր, կներկայացնենք առաջիկայում»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ կասկածելի միասնականությունը՝ հաշվի առնելով, որ, օրինակ, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ջրերը երբեք էլ մի առվով չեն գնացել։ «Եթե երկրին, ժողովրդին նպաստող որեւէ գործողության շրջանակներում մենք չունենք որեւէ հակասություն, սկզբունքային պրոբլեմ, ապա, բնականաբար, պետք է գործակցենք՝ խնդիրը լուծելու համար»,- պատասխանեց Ուրիխանյանը:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խոսքով էլ, համենայնդեպս, ոչ իշխանական չորս ուժերի մոտ կա միմյանց հետ համագործակցելու «տրամադրություն»: «Համատեղ լուրջ գործողությունների» մասին Հակոբյանը տեղյակ չէ, դեռ հստակ չի կարող ասել, թե ինչ հարցերի շուրջ է համախմբում լինելու. «Դա պայմանավորված կլինի, թե ինչ օրակարգային հարց է դրված, բայց, կրկնում եմ, կա տրամադրվածություն, որ պետք է սերտացնել համագործակցությունն օրենսդիր դաշտում»:



«Այս վերջին երկու ամիսների ընթացքում բավական լուրջ համագործակցություն տեղի ունեցավ, որը ողջունելի է, բայց թե դա ինչքան կտեւի, դժվարանում եմ պատասխանել»,- միաժամանակ հավելեց Հակոբյանը: Հարցրինք, թե ինչով է պայմանավորված այդ կասկածելի միասնականությունը, որովհետեւ, հաշվի առնելով անցյալում այդ կուսակցությունների միջեւ հակասությունները, թերահավատության լուրջ հիմքեր կան: «Նման հարց դրված չի եղել, որ բոլոր հարցերի շուրջ պետք է անխտիր համագործակցել, դա անգամ անտրամաբանական կլինի, բոլորի մոտեցումն այն է, որ ինչքան համագործակցության եզրեր գտնեն այս չորս խմբակցությունները, այնքան կհամախմբվի ոչ իշխանական էլեկտորատը»: Խորհրդարանական ուժերի միասնական գործելու փորձերը, իհարկե, որպես քաղաքական քայլ, ողջունելի են: Սակայն օրենսդիր ոլորտում ՀՀԿ-ի իշխող մեծամասնության հանգամանքը հաշվի առնելով՝ ի՞նչ ազդեցություն կունենա համախմբումը, երբ ընդամենը մեկ ամիս առաջ, հակառակ ոչ իշխանական խմբակցությունների լուրջ դիմադրությանը, իշխող մեծամասնությունն ընդունեց գազային աղմկահարույց պայմանագրերը: Հարցի պատասխանը լսեցինք ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանից, իսկ ՀԱԿ խորհրդարանականները, չգիտես ինչու, երեկ չէին պատասխանում հեռախոսազանգերին։ «Այո, ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, բայց ոչ խորհրդարանական լայն զանգվածների մեջ: Հասարակությունը մեծ հաշվով չի ընդունում ՀՀԿ-ին եւ չի կապում իր հույսն այդ կուսակցության հետ»,- ասաց տիկին Թադեւոսյանը: «Կարծում եմ՝ չորս ուժերի համախմբումն իրական ազդեցություն կունենա ոչ միայն հասարակական տրամադրությունների վերակենդանացման վրա՝ դեպի միավորված ուժերի հետ հաղթանակի հասնելու, այլ նաեւ դա հզոր տանդեմ է իշխանական կուսակցությանը, որ նա այսուհետ որեւէ հավաքական որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվի նստի նրանց հետ: Ի վերջո, հնարավոր չէ անընդհատ ի հեճուկս աշխատել»: Թադեւոսյանի խոսքով, ՀՀԿ-ն «ի հեճուկս» է գործում, նրանք պարտադրում են ամեն ինչ՝ հաշվի չառնելով ժողովրդի եւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կարծիքը: «Ընդունում են այն, ինչ իրենց է պետք, օրինակ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումն ինքնին դա նշանակեց: Սրանք կարծես զոռբայության սկզբունքով ամեն ինչ փորձում են անել այնպես, ինչպես իրենք են ուզում: Ոչ իշխանական ուժերը եւ հասարակությունը դեմ էին այդ օրենքին, բայց եղավ այն, ինչ եղավ, իսկ այդպես չի կարելի. հասարակական համերաշխություն, վստահություն, փոխըմբռնում երբեք չի ձեւավորվի, հենց այս երեքի բացակայությունն էլ կտանի, ի վերջո, այնպիսի վիճակի ձեւավորման, որը ոչ ոքի ցանկալի չէ»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]