Ավերել են Քաղաքագետների միության մուտքը

Ավերել են Քաղաքագետների միության մուտքը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին հարձակվել են Քաղաքագետների միության շենքի վրա եւ ավերել մուտքը՝ այդպիսով արգելափակել իրենց գործունեությունը։



 



«Դեկտեմբերի 27-ին մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղղել քաղաքապետարան՝ պահանջելով ներկայացնել իրենց քանդման թույլտվության իրավական հիմքերը եւ մինչ այդ կասեցնել քանդման թույլտվությունը։



 



Չնայած դրան, այն ժամանակ չկասեցրին, իսկ հիմա պատասխանել են մարդու իրավունքների պաշտպանին, որ «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը քանդման որեւէ թույլտվություն չի ունեցել։ Հայտնել են նաեւ, որ ներկա պահին քանդման գործողություններ չեն գնում, բայց արդեն քանդել-ավերել են»,- ասում է Հովհաննիսյանը։ Իսկ դեկտեմբերի 26-28-ը Քաղաքագետների միության նախագահն ապարդյուն փորձել է կապվել քաղաքապետին. «Բայց նա իմ զանգերին չէր պատասխանում, մի քանի անգամ խոսել եմ քարտուղարուհու հետ, իսկ այդ ժամանակ քաղաքապետը թեկնածուական թեզի պաշտպանությամբ էր զբաղված»։



 



Սենիկ Ջուլհակյանը փորձել է Հովհաննիսյանին պարտադրել, ինչպես ինքը տեղեկացրեց, որ իրեն վաճառի քաղաքագետների զբաղեցրած տարածքը. «Սակայն ես, նկատի ունենալով, որ 2002թ. գայստեղ Պետռեգիստրի կողմից պաշտոնապես գրանցված է ՀՀ քաղաքագետների միությունը, եւ իդեալական պայմաններ եմ ստեղծել վերլուծական աշխատանքների համար, բնականաբար, չեմ կարող վաճառել կամ հրաժարվել այդ ամենից։ Իսկ կառավարության որոշմամբ, որն ընդունվել է 2012թ. մարտի 1-ին, Սենիկ Ջուլհակյանին սեփականաշնորհվել են ոչ միայն «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ զբաղեցրած 2-րդ եւ 3-րդ հարկերը, այլ նաեւ ընդհանուր օգտագործման տարածքները՝ մուտքը եւ աստիճանավանդակները, որոնք շենքի 4 սեփականատերերի, այդ թվում նաեւ իմ, ընդհանուր սեփականությունն են։ Դրանով խախտվել, ոտնահարվել են բոլոր սեփականատերերի իրավունքները»։



Այդ մասին մարդու իրավունքների պաշտպանը 2010թ. որոշում էր կայացրել եւ ուղարկել կառավարություն՝ առաջարկելով Սենիկ Ջուլհակյանին սեփականաշնորհված տարածքներից հանել ընդհանուր օգտագործման տարածքները՝ մուտքը եւ աստիճանավանդակները, ինչը չի արվել։



 



«Իսկ  Ջուլհակյանը մուտքը ձեւափոխելու անվան տակ կարող է ցանկացած պահի արգելափակել Քաղաքագետների միության գործունեությունը, ինչը որ արվել է։ Սա կառավարության կողմից ընդունված ապօրինի որոշում է, Սենիկ Ջուլհակյանին սեփականաշնորհել են ոչ միայն այն տարածքները, որն զբաղեցնում է «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ-ն, այլ նաեւ ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք բոլոր 4 սեփականատերերի, այդ թվում իմ, ընդհանուր սեփականությունն է, այսինքն՝ շենքի նկատմամբ մյուս սեփականատերերի իրավունքները ոտնահարվել են կառավարության այդ որոշմամբ»,- պարզաբանում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։



 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ