Գազը կէժանանա` հատկապես մեթանը

Գազը կէժանանա` հատկապես մեթանը

 Անկեղծորեն ասեմ` երբ կարդացի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վերջին հայտարարությունը, մտքովս չանցավ, որ «մեթան գազի սիրահար» արտահայտության տակ հենց Կարեն Ավագյանն է նկատի առնված: Փաստորեն, հասցրել էի մոռանալ փուչիկների ոչ այն է՝ տխուր, ոչ այն է` զավեշտալի պատմությունը, որի մեջ, այո, Կարեն Ավագյանը դերակատարություն ուներ որպես ՀՀԿ մանկապատանեկան թեւի առաջնորդ: Իհարկե, դատավարությամբ չփաստվեց Կարեն Ավագյանի մասնակցությունն ու մեղքն այդ գործում, բայց ավելի ուշ, երբ ՀՀԿ-ն մատաղ արեց, որ զոհեր չեն եղել, դարձյալ Կարեն Ավագյանն էր կենտրոնում, ու այնպիսի տպավորություն էր, որ ինքն էր այդ մատաղը խոստացել:



 



Բայց Կարեն Ավագյանին անդրադառնալուս պատճառն ամենեւին էլ մեթան գազի հանդեպ նրա ունեցած թուլությունը չէ: Իրականում շատ ավելի լուրջ գործընթացներ են թաքնված այս ողջ աղմուկի տակ, որը կոչվում է Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «բանավեճ»: Ճիշտն ասած` չգիտեմ էլ ում անունն առաջ գրել` Քոչարյանի՞, թե՞ Սարգսյանի, որովհետեւ «բանավեճի» սկիզբն ազդարարել է ոչ թե Քոչարյանը, ինչպես շատերն են կարծում, այլ վարչապետ Սարգսյանը: Ի դեպ, «բանավեճ» բառն էլ չակերտի մեջ առանք, որովհետեւ սա շատ ավելի նման է մեկ դարպասի վրա խաղի, քան երկուստեք հարձակողական ֆուտբոլի:



Իմ ծանոթներից մեկը շատ գեղեցիկ է նկարագրում Ռոբերտ Քոչարյանի մարտավարությունը: Նա ասում է` անկախ այն բանից, թե ով է հրահրում  «կռիվը», Քոչարյանը միշտ առաջինն է հարվածում ու դրանով իր հակառակորդին գցում «մանդռաժի» մեջ: Կարծում ենք` ոչ ոք չի կասկածում, որ Տիգրան Սարգսյանի «անզգույշ» արտահայտությունը, թե «շինարարական բումը փուչիկ էր, որ պայթեց», առիթ հանդիսացավ Քոչարյանի` տեղից վեր կենալուն եւ «մի հատ դմփելուն», որից հետո վարչապետն սկսեց ոչ ադեկվատ հոդվածներով հանդես գալ: Էլ երկար չպատմեմ դեպքը, որովհետեւ, ինչպես ասացի, այս ամենի տակ ավելի լուրջ քաղաքական գործընթաց կա, քան կարող է երեւալ մակերեսից:



Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, իսկ հետո նաեւ Կարեն Ավագյանի հրապարակային, թող ներվի մեզ ասել, «ջղաձգումները» վկայում են այն մասին, որ նրանց ինչ-որ տեղը, այնուամենայնիվ, մրմռում է Քոչարյանի վերջին շրջանի հարցազրույցներից ու նրա գրասենյակի հայտարարություններից: Ինչո՞ւ: Ինչո՞ւ միայն երիտասարդները: Ինչո՞ւ են լռում ՀՀԿ ծանր քաշայինները: Մի կեսբերան «փնթփնթացել» է միայն Գալուստ Սահակյանը, այն էլ այնքանով, որքանով իր ասածն ինքն է հասկացել: Մյուսների դեպքում նկատվում է ծանր ու խոհուն սպասումը: Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածում, իսկ Տիգրան Սարգսյանի գրասենյակի ձայնը չի լսվում: Ի՞նչն է պատճառը: Իսկ գուցե Տիգրան Սարգսյանը գրասենյակ չունի՞: Բայց փոխարենը ՀՀ երրորդ նախագահն ունի, չէ՞: Ո՞ւր է ՀՀ գործող իշխանության պատասխանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը: Միայն թե չասեն, որ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր անձ է: Շատ ներողություն, երբ «տալիս են ուղիղ վարչապետի աչքին», սովորաբար, ավելորդ է դառնում երկար-բարակ մտածելը` մասնավոր ա՞նձ էր տվողը, թե՞ երկրի երկրորդ նախագահը, որի մոտ այդ նույն վարչապետը բանկի կառավարիչ է աշխատել:



 



Ահա եւ մոտեցանք խնդրի բուն հարցին` ինչո՞ւ ՀՀԿ-ն խաչակրաց արշավանք չի սկսում Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ վերջինս պարբերաբար եւ մեթոդաբար «ծեծի» է ենթարկում իր նախկին ենթակային` դեռեւս պաշտոնավարող վարչապետին եւ, ինչու չէ, նաեւ նրա շուրջ, ներողություն արտահայտությանս համար, վազվզող «մոսկաներին»:



 



Պատասխանը մեկն է` ՀՀԿ-ի մի հատվածը շփոթահար է: Դա այն հատվածն է, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ է կուտակվել իշխանական օլիմպում ու, մինչ այս իրադարձությունները, մտքով իսկ չէր անցկացնում, որ իր տաքուկ բույնը երկրաշարժի կենթարկվի: Գուցե դեռ անփորձ են, չեն կարողանում արագ կողմնորոշվել, կամ մի ուրիշ պատճառ կա: Չգիտենք, բայց այս տարիների ընթացքում հո հասցրել են երիտհանրապետական թեւ ստեղծել, Սեւանի ափին հավաքներ անել ու լսել Տիգրան Սարգսյանի սրտակեղեք «Բարով եկար, սիրուն կռունկ»-ը: Տիգրան Սարգսյանը, բնականաբար, նրանց չէր կարող սովորեցնել, որ երբ ինձ բան ասեն, կիջնեք ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը: Այդպիսի բաները քյոհնա հանրապետականները տարիքի հետ են սովորում, իսկ երիտասարդ հասակում, ահա, այսքան վառվռուն են նրանք ու առաջինն են մարտի նետվում:



 



Նրանց այս կեցվածքը, սակայն, միայն վառվռուն տարիքով չես պայմանավորի: Անշուշտ, կա նաեւ վառվռուն երազանքի խնդիրը; Երազանք, որ կարող է հօդս ցնդել Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո: Ի՞նչ իմանաս, թե ով կգա, եւ թույլ կտա՞ արդյոք իրենց պաշտոնավարել հետագայում ու համարվել հասարակության ծաղիկ: Մինչդեռ որքան հրաշալի էր ամեն ինչ` պետական ծառայողական մեքենա, բնակարան, աշխատավարձ, պետության հաշվին գործուղումներ, անվճար ճամբարներ, աշխարհի լավագույն համալսարաններ, հեռուստաեթեր… կեր, խմի, քեֆ արա, երիտհանրապետական ջան: Արածներն էլ ի՞նչ էր` փափուկ բարձ էին դնում ժողովրդի գլխի տակ ու ասում` ժողովուրդ ջան, մի սատկի, գարուն է գալու:



 



ՀՀԿ-ի լուրջ թեւը, թեեւ այդ թեւն էլ քիչ չի օգտվել այս ամենից, նախընտրում է ոտքի տակ չընկնել: Վնգստոցն այս թեւին վայել չէ: Իրենց տեղը ծանր-ծանր նստած են, մինչեւ տեսնեն, թե ինչ է գալիս գլխներին: Համ էլ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար ուրիշ մարդ չի, ինչպես, օրինակ, Կարեն Ավագյանի համար, որին, երեւի, հեռուստատեսությամբ է տեսել միայն:



 



«Ժառանգության» փլուզման մասին էինք խոսում, բայց ՀՀԿ-ի փլուզումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ: Իսկ ո՞վ գիտի, գուցե այդ երկու փլուզումներն էլ միմյանցո՞վ են պայմանավորված: ԱԺ առաջիկա նստաշրջանը ցույց կտա, թե իրականում ինչ խմոր է հունցվել այս ընթացքում: Նկատի ունենք 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ընկած ժամանակահատվածը: Տիգրան Սարգսյանի մեծագույն ձախորդությունները հենց այդ ժամանակաշրջանի հետ են կապված, թեեւ սկսվել էին նրա օֆշորային գործունեության մասին առաջին հրապարակումներից, որոնց մեջ պարզորոշ նկատելի էր ռուսական ոչ մշակութային ծառայությունների հետքը:



 



Այնպես որ, առայժմ պաշտոնավարող Կարեն Ավագյանն իզուր է սպառնում Քոչարյանին ու նրա գրասենյակին, որ ուշիուշով հետեւելու է ՀՀ երկրորդ, «պաշտոնաթող» նախագահի ելույթների հայաստանյան եւ սփյուռքյան արձագանքներին, որպեսզի դրանցից լիարժեք պատկեր ստանա: Առնվազն իր պատկերի մասին պետք է մտածի, որը հայտնի է արդեն բոլորին եւ նույնիսկ այն ուսանող երիտասարդությանը, որ այսքան տարի մասովկայի դեր է կատարել սույն երիտհանրապետականի համար ու որպես «մեթանով լի փուչիկ» իր ու իր սերնդակիցների համար նվեր ստացել կուտակային կենսաթոշակի մասին այս խայտառակ օրենքը: Ի դեպ, շատ ծիծաղելի կլինի Կարեն Ավագյանի հակացույցը, եթե, իհարկե, նա որոշի նման բան անել հունվարի 18-ին: Պատկերացնել նույնիսկ հնարավոր չէ, թե ինչպես պետք է 30-ից ցածր տարիք ունեցող մարդիկ պահանջեն, որ, պարտադիր բաղադրիչով հանդերձ, կուտակային կենսաթոշակի մասին օրենքը ՍԴ-ի կողմից սահմանադրական ճանաչվի եւ դրվի գործողության մեջ:



 



Որպես վերջաբան. «Հրապարակն» իր երեկվա համարում ցավ էր հայտնել, որ մեր նախկին նախագահները ոչ թե երկրի, այլ իրենց ապագայով են մտահոգ եւ բարեհաճում են շարժվել, երբ ասվող խոսքն անմիջապես իրենց անձին է վերաբերում: Պիտի փաստենք, որ դա ցավալի ճշմարտություն է: Ավագյանն էլ, ահա, որպես անհաջող հերթափոխ, նրանցից շատ չի տարբերվում: Խնդրեմ, տեղից վեր թռավ, հենց մեթան գազի անուն լսեց:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ