ՊԵԿ-ը՝ Շուրջ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոց հայտնաբերելու մասին

ՊԵԿ-ը՝ Շուրջ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոց հայտնաբերելու մասին

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության  վարչությունը, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների  առումով: Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով:



 



Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման  միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի  հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար  մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով, զննության է ենթարկվել:



 



Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում:



 



Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին