ՊԵԿ-Ֆիննախ հակամարտությունը շարունակվում է

ՊԵԿ-Ֆիննախ հակամարտությունը շարունակվում է

Ֆինանսների նախարարությունն օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի կատարած թերացումները, որին էլ պատասխանել էր ՊԵԿ-ը: Այժմ էլ Ֆիննախն է կրկին պատասխանում ՊԵԿ-ին: «Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։ Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։ Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։ Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։ Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։ Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչություն