Բանակը նաև ընտրազանգված է, սեփական ժողովրդի դեմ պայքարելու գործիք

Բանակը նաև ընտրազանգված է, սեփական ժողովրդի դեմ պայքարելու գործիք

 Հունվարի 28-ը Բանակի օրն է: Ինչպես բոլոր տոներին, այս օրերին եւս հեռուստաէկրաններից մեր գլխին են թափվում բանակին նվիրված կեղծ պաթետիկ դիֆերամբներ, որոնք իրականության հետ առնչվում են այնքանով, որ Հայաստանի Հանրապետությունն էլ բանակ ունի: Աշխուժանում են բանակի կայացման գործում ներդրում ունեցողներն ու չունեցողները, ծառայածներն ու դասալիքները, եւ բոլորը միահամուռ սկսում են փառաբանել բանակը եւ «տարածաշրջանում ամենահզոր» զինուժին նվիրված կենացներ խմում: Եռաբլուր են ուղեւորվում իշխանության ներկայացուցիչները, որոնց զանգերով ու միջնորդություններով բանակի գլխավոր պատասխանատու Սեյրան Օհանյանը ոմանց ազատում է ծառայությունից, ոմանց տեղավորում երեւանյան կամ արտոնյալ զորամասերում՝ հայրենիքի ու նրա սահմանների պաշտպանության գործը թողնելով անապահով ծնողներ ու հովանավորներ չունեցողների որդիներին: Այս օրերին, որպես կանոն, բանակում տիրող բարքերի, բարոյահոգեբանական խեղված մթնոլորտի մասին  ոչ մի խոսք չի հնչում: Որդեկորույս ծնողները, որոնք տարիներ շարունակ կառավարությունից արդար դատաստան են պահանջում, ուշադրության չեն արժանանում:



Բանակի վիճակի մասին զրուցեցինք ազատամարտիկներ, նախկին քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի եւ  Սասուն Միքայելյանի հետ: Օրվա խորհուրդը չէր կարող չազդել նրանց ասելիքի վրա, նրանք տոնի առթիվ ավելի մեղմ արտահայտվեցին բանակում տիրող բարքերի ու թերությունների մասին: Իսկ նախապես շնորհավորեցին  բոլոր զինվորականներին, որոնց շնորհիվ կա ու շարունակելու է լինել ՀՀ զինուժը: 



 



 



ԲԱՆԱԿԸ ՉՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ






«Բանակն ամենակարեւոր կառույցն է եւ ամենակայացած կառույցներից մեկը, որը պետք է լինի մեր ժողովրդի  ուշադրության ու հոգատարության կենտրոնում: Եվ ասեմ, որ այդ ուղղությամբ բավական մեծ ներդրում ունեն լրագրողները, որոնց հետեւողական ու քննադատական հոդվածների շնորհիվ  լուրջ փոփոխություններ կան բանակում, բայց դրանով պետք չի սահմանափակվել: Այսօր բավական թափանցիկություն կա բանակում, որը նպաստում է բացասական երեւույթների նվազմանը»,-թվարկեց Մյասնիկ Մալխասյանը: Ազատամարտիկը չշրջանցեց նաեւ խնդիրները. «Իհարկե, բանակում առկա են նաեւ շատ խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ խուսափում են եւ ամեն ինչ անում, որ որդիները չծառայեն բանակում, նրանք խուսափում են ներքին խնդիրներից, որի լուծելու հարցում բոլորն անելիք ունեն»: Իսկ Սեյրան Օհանյանն ի վիճակի՞ է կամք դրսեւորել եւ իրավիճակը փոխել, որքա՞ն է իր դերն այսօրվա խնդիրները կարգավորելու գործում՝ հարցրինք Մալխասյանին: «Բնականաբար, անհատների դերը մեծ է, բայց ընդհանուր լուծման գործում պետական կառավարման համակարգը չի կարող մի մասնիկ առանձին թողնել, բնականաբար, ընդհանուր մթնոլորտի վրա կլինի ազդեցություն… եթե հիշենք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն իր վառ անհատականությամբ կարողացավ բանակի կայացման գործում լուրջ ներդրում ունենալ: Անհատները կարող են փոխել իրավիճակը, անհատները կարող են ազդել իրավիճակի վրա»: Բայց անհատներն ինչպե՞ս կարող են ազդել, երբ նրանք իշխանությունը պահելու համար պատրաստ են բանակը ժողովրդի դեմ հանել: «Բնականաբար,  սրանք այն դեպքերն են, որ անհատները չեն կարող որեւէ բան անել, որն էլ բացասական ազդեցություն է թողնելու: Ընդհանուր ուժերով պետք է կարողանանք դուրս մղել, որովհետեւ տարածաշրջանում ՀՀ անվտանգության երաշխավորը բանակն է, ու պիտի կարողանանք նպաստել նրան, որ բանակը չներգրավվի նման արատավոր գործերի մեջ, երկար ժամանակ կպահանջվի, որ կարողանանք այդ հետեւանքները շտկել»,-եզրափակեց Մալխասյանը:



 



ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է ԻՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ






Սասուն Միքայելյանի խոսքով, բանակն ուժեղ է նաեւ զարգացած, կայացած տնտեսությամբ, իսկ երկրի ներքաղաքական կյանքը շատ վատ վիճակում է, որն էլ իր ազդեցությունն է ունենում բանակի վրա: «Մեր իշխանությունը մեր հաղթանակներն այնպես պետք է մատուցի, որ ապագա զինվորների մոտ հավատ սերմանի մեր արժեքների հանդեպ: Բայց իշխանությունները գերադասում են իրենց աթոռը պահեն, քան այդ խնդիրները լուծեն ոչ միայն բանակաշինության, այլ բոլոր ոլորտներում: Բայց բանակը հզոր է հավատքով, համախմբվածությամբ, ժողովրդով, որի հնարավորությունն էսօր մեր իշխանությունները չտվեցին»: Բանակի հանդեպ  պատանիների բացասական վերաբերմունքի հարցում ի՞նչ անելիք ունի պաշտպանության գլխավոր պատասխանատուն, որը չի անում՝ հարցրինք Միքայելյանին: «Նորմալ պետություն ձեւավորեն՝ պետական հիմքերի վրա, ոչ թե իրանց աթոռների: Բանակը պիտի դրանով կայուն լիներ, բանակում էլ նման խնդիրներ չէին լինի: Սպարապետը մի հատ խոսք ուներ՝ երկրի սահմանները գծվել են արյամբ, պետք է ամրապնդվեն քրտինքով: Մենք արյամբ ազգովի գծել ենք, բայց դրանք պիտի ամրապնդվեին քրտինքով՝ աշխատանքով, նորմալ տնտեսություն ձեւավորվեր: Պետություններն ուժեղ են իրենց  տնտեսությամբ, իսկ մեր թիկունքն արդեն բաց ա մնում, ժողովուրդն արտագաղթում է: Իսկ իրանք ոչ թե ժողովրդի ձայնով, այլ դրսի ուժերով են եկել իշխանության եւ այսօր կատարում են դրսի ցանկությունները, չեն կարող չկատարեն՝ ճիշտ շախմատի օրենքով. ձեռք ես տվել, պիտի խաղաս: Դրսի ուժերին թույլ պետություն է պետք այս տարածաշրջանում»:  Ըստ Սասուն Միքայելյանի, Սեյրան Օհանյանը, ում ճանաչում է 91-92 թվականներից, կարծում է, որ եթե հնարավորություն տան, նա կկարողանա իրավիճակ շտկել: Ինչ վերաբերում է բանակը ժողովրդի դեմ հանելու փաստերին, ապա. «Բանակն իրավունք չունի խառնվելու քաղաքական խնդիրներին, եթե դրան կարողանան հասնել, ուրեմն բանակը կկայունանա»:



 



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է






Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով ընդդիմադիր զարթոնքի ժամանակ ընդդիմության թիմում էր ու անողոք քննադատում էր իշխանություններին, բանակի ներքին խնդիրների մասին խոսեց շատ զգույշ. «Բանակի ղեկավարության թերացումն այն ժամանակ կլինի, երբ սպայական կազմը մարտունակ չլինի, համապատասխան պատրաստվածություն չունենա ու չկարողանա ղեկավարել ստորաբաժանումները»: Արդյո՞ք  բանակի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի լիարժեք պատկերը գոմեշի մսի գործի բացահայտումն ու դրա գլխավոր պատասխանատու՝ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի անպատժելիությունը չէր: «Իսկ նա որտե՞ղ  է: Այո, ճաղերի հետեւում չի, ոչ էլ որեւէ մեկը գիտի, թե որտեղ է, դա էլ պատիժ է, որ նրան ազատում են, վռնդում են բանակից, դա զինվորականի համար ծանր պատիժ է»,-ասաց նա: Ըստ Շիրխանյանի, հրաշալի բանակը հրաշալի հասարակությամբ է ստեղծվում: «Թերացումներ կան, եւ ես առաջինը կնշեի ՀՀ ներքին սոցիալական խնդիրների լուծումը: Սոցիալական վիճակն ուղղակի կապված է բանակի հետ: Սոցիալական վիճակը պետք է այնքան բարելավվի, որ մարդիկ կարողանան տանը, դպրոցում հայրենասիրություն քարոզել, դա է ամենամեծ խնդիրը»,-ասում է նա՝ պնդելով, որ հայրենասիրության քարոզը տանն է լինում, իսկ իշխանության գործը սոցիալական վիճակի բարելավումն է:



 



ՀԳ. Շնորհավոր տոնդ, զինվո՛ր: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]