Մանչս ինչ իմանա էն ճաշն, որ ինքը կերավ՝ խալխի երեխու թիքա էր

Մանչս ինչ իմանա էն ճաշն, որ ինքը կերավ՝ խալխի երեխու թիքա էր

58-ամյա Նինա Բունիաթյանը ամեն օր հարևանների, ծանոթ բարեկամների հետ վիճում է քանի, որ խորհուրդ են տալիս թոռնիկին հանձնել մանկատուն։ «Մտքովս մի վայրկյան անգամ չի անցել Միքայելիս մանկատուն հանձնեմ, մենք սոված ենք մնում, բայց մանկատան մասին չեմ մտածում»,-ասում է երեխայի տատիկը։






Տիկին Նինան այսօր իրեն մեղավոր է զգում թոռնիկի՝ Միքայելի առջև, որ երեխային անհոգ մանկություն չի կարող պարգևել։ «Տղաս Գևորգը առողջական խնդիրներ ունի, ուղղակի միայնակ չմնալու համար որոշեցի ամուսնացնել մանկատան մի աղջկա հետ։ Երեխա ունենալուց հետո հարսիս առողջական վիճակը վատացավ, նյարդային լարվածություն առաջացավ։






Տղաս և հարսս այժմ նյարդային խանգարումներ ունեն, չպետք է նրանց ամուսնացնեի։ Առանց այն էլ տղաս հիվանդ է, նրան խնամելը ինձ համար դժվար էր, այժմ էլ տղայիս հետ միասին խնամում եմ հարսիս ու Միքայելիս»,-պատմում է տիկին Նինան։ Ընտանիքի միակ եկամուտը՝ նպաստն ու թոշակն է, որն ընդհանուր կազմում է 30 հազար դրամ։ «Միքայելիս սոված եմ պահում, ավելի ճիշտ հարևանների ձեռքին նայելով։ Այդ գումարով միայն կարողանում ենք կոմունալ վճարումները կատարել։ Սնվելու համար գումար չի մնում։ Մենք բարեգործական ճաշարանում ենք սնվում, օրը մեկ անգամ, բայց թոռնիկիս Միքայելի համար այնտեղ սնունդ չկա»,-ասում է տիկին Նինան՝ հավելելով, որ Միքայելը ամեն օր կիսասոված է մնում։ Թերսնման պատճառով երեխայի մոտ ոսկրերի ամրության հետ կապված խնդիրներ են առաջացել։






«Այս տարիքում երեխան պետք է գոնե մի փոքր լավ սնվի, բայց Միքայելս հասցրել է հասկանալ թե ինչ է նշանակում օրերով սոված մնալ։ Աշխատանքից չեմ հրաժարվում, երկար ժամանակ դայակ եմ աշխատել, այժմ արդեն մեծ եմ և ոչ ոք ինձ չի վստահում, նախընտրությունը տալիս են երիտասարդներին»,-ասում է տիկին Նինան։






Տիկնոջ խոսքով` միակ երազանքը այն է, որ երեխան կուշտ քնի գիշերները։ Երեխային այժմ սնվում է նրանով ինչ կարողանում է գտնել տատիկը և նրանով ինչ ուղարկում են հարևաննեը։ Տիկինը հիշում է լացակումած ու պատմում, որ մի անգամ երբ հարևաններից մեկը հերթական անգամ տաք ապուր էր բերել՝ Միքայելը այնքան ախորժակով կերավ, որ դա նկարագրելու չէր․․․



-Չեք պատկերացնի ամանը սրբեց, երջանիկ փայլող աչքերով նայեց ինձ ու ասաց` տատիկ էլի, էլի․․․։ Մանչս ինչ իմանա էն ճաշն, որ ինքը կերավ՝ խալխի երեխու թիքա էր։