Գողը որ տնից լինի՝ կովը երդիկից կհանի

Գողը որ տնից լինի՝ կովը երդիկից կհանի

 Ով լսում է, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետը թալանել են, մի խոր շունչ է քաշում ու ասում՝ Լֆիկին դա քիչ է: Ու չեն փորձում խորանալ, թե երկրորդ հարկի տաղավարից գողացված գումարը, պայուսակները, կոշիկները, հագուստը ի՞նչ կապ ունեն Լֆիկի հետ: Մարդիկ այդտեղ սենյակներ են վարձակալել ու իրենց հնարավորություններով Թուրքիայից, Հունաստանից և այլ վայրերից ապրանք են բերում ու վաճառում: Պատկերացրեք տանտեր, ով իր սենյակների մեծ մասը վարձակալության է տվել: Հաճախ եմ ապրանք գնելուց զրուցել վարձակալողների հետ: Ասում են՝ արյուն- քրտինքով ենք էդ ապրանքը ձեռք բերում: Երբ հարցնում եմ՝ նոր ապրանք չե՞ք բերելու, մի տեսակ խեղճացած ասում են՝ սրանք պիտի ծախվեն, որ ձեռքներիս փող լինի, կարողանանք նորից գնալ: Սա մանրամասնում եմ այն պատճառով, որ այդ մարդիկ փաստացի Լֆիկի տնվորներն են և թալանված ապրանքը այդ մարդկանց սեփականությունն է, գոյատևման միջոցը: Երկրորդ հարկի որոշ տաղավարների թալանը վնաս է պատճառել ոչ թե Լֆիկին, այլ նրա տնվորներին,  թալանվողը ոչ թե Լֆիկն է, այլ նրա տնվորները: Տունն իր տեղում է, Սիթին իր տեղում է, թալանել են տան միջի ապրանքը, որը Լֆիկինը չի: Գումարած դրան՝ շարքային գողը չի կարող օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնել, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել  պաշտպանիչ շերտերը, մտնել սուպերմարկետի 2-րդ հարկ: Սա պրոֆեսիոնալ գողի արարք է, ով երկար տարիներ այդ արհեստով է զբաղվում: Նման պարագայում ասում են՝ գողը որ տնից լինի՝ կովը երդիկից կհանի:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ