Ծառուկյանը վարչապետի միասնական թեկնածո՞ւ

Ծառուկյանը վարչապետի միասնական թեկնածո՞ւ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում քաղաքական այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի շեշտադրումները, ըստ տարբեր գնահատականների, ոչնչով չէին տարբերվում ընդդիմադիր առաջնորդների ելույթներից, չնայած այդ ուժը համառորեն չի հրաժարվում «այլընտրանքի» իր կոչումից, բայց իր խաղը տանում է ընդդիմադիրի դիրքերից:



 



 Ծառուկյանը, ինչպես միշտ, ընդհանուր ձեւակերպումներով բավական սուր քննադատության ենթարկեց երկրում առկա բազմաթիվ երեւույթներ ու տվեց լուծման բանալին, որը ԲՀԿ-ին իշխանության մեջ մասնաբաժին հատկացնելն է: Սակայն Ծառուկյանը համաձայն չէ այն մասնաբաժնին, որը Սերժ Սարգսյանը նրան առաջարկում էր 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է այդ մասին: «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրինք մեր ծրագիրը եւ ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ մեր պատկերացրած կառավարությունը կազմելու եւ սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու: Եվ երկրորդ տարբերակը՝  հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերություններն ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե խորհրդարանում, թե ժողովրդի հետ: Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:



 



Սա դժվար, երկարատեւ աշխատանքի, բայց նաեւ արժանապատիվ կեցվածքի ճանապարհ էր: Բայց եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին»,- ասել է Ծառուկյանը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողը: Նա չի մասնավորեցրել, թե հատկապես որ ձեւաչափով կարող է ժողովուրդն օգտագործել այդ խոսափողը, սակայն, միեւնույն ժամանակ, կրկին հայտարարել է, որ ինքը պատրաստ է կորցնել ունեցվածքը, բայց ոչ ժողովրդի վստահությունը, եւ դուրս գալ փողոց: «Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ մարդիկ կհավաքվեն՝ իրենց խնդիրները բարձրացնելու համար»,- իր կուսակիցներին դիմելով՝ ասել է Ծառուկյանը:



Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է դեմ դուրս գալ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ իր ընդդիմադիր հռետորաբանությունը բավականացնում է միայն կառավարությանը քննադատության ենթարկելու համար՝ անգամ չհնչեցնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Նրա ելույթում այս հարցի պատասխանը կարծես նույնպես կա. նա այդպես էլ չի տալիս Սերժ Սարգսյանի անունը եւ քննադատության հիմնական թիրախ է դարձնում կառավարությունն ու նրա գործունեությունը:



 



Շատերը սա դիտարկեցին իբրեւ Ծառուկյանի կողմից վարչապետական հայտ, իսկ ՀՀԿ-ականները բառի բուն իմաստով սկսեցին ծաղրել Ծառուկյանի ընդդիմադիր դրսեւորումները: ԲՀԿ համագումարի օրը Արմեն Աշոտյանն անդրադարձավ  Ծառուկյանի ելույթին եւ  ուշագրավ դիտարկում արեց. «Ահա եւ անցյալում է խորհրդավորության շղարշով պատված, դարակազմիկ իրադարձության հավակնություններով, սակայն իրականում դատարկ փամփուշտով կրակոցի նմանված ԲՀԿ համագումարը: Ծառուկյանի ելույթի ամենա«ռիսկով» հատվածներն անգամ թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր էին հիշեցնում: Քաղաքական տեսակետից կաթնատամների փուլը չանցած ԲՀԿ-ն ջանում է իբր թե ատամ գցել…»:



Ինչպես տեսնում եք, Ծառուկյանի ելույթի ամենա«ռիսկով» հատվածները ՀՀԿ-ն գնահատել է որպես «թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր»: Իսկ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Ծառուկյանի վճռականության եւ հարստության կորստից չվախենալու մասին անդրադարձով տակից էլ սպառնում է: «Մենակ Ծառուկյանը կորցնելու բան ունի: Ես լուրջ հետեւություններ չեմ անում, որովհետեւ իրենք էլ լուրջ չեն տրամադրված»: Նա նաեւ հայտարարեց, որ ուժեղ ընդդիմությունից ՀՀԿ-ն չի վախենում ու չի պատրաստվում ինչ-որ զիջումների գնալ:



Նշենք, որ ոչ իշխանական ուժերը վարչապետին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել եւ այժմ նախագիծն են քննարկում, որում, ըստ ամենայնի, դուրս չի մնացել վարչապետի հավանական թեկնածուի մասին կետը: Կարո՞ղ է Ծառուկյանը դառնալ ոչ իշխանականների համատեղ վարչապետացուն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարցը լսելուց հետո հայտարարեց, որ շատ զբաղված է, իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չկա, երբ լինի, այն ժամանակ կհայտնեմ, բայց եթե «եթե»-ներով ենք առաջնորդվում, ու եթե եկել է այդ իրավիճակը, ապա պետք է քննարկվի»: Այսինքն՝ «Ժառանգությունը» կատեգորիկ դեմ չէ՞: «Ես կատեգորիկ դեմ չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա այդ թեկնածուն»,- պատասխանեց՝ հավելելով, որ «անձերի խնդիր չկա, երկրի վիճակը կարգավորելու խնդիր կա, եւ բոլոր նմանատիպ հարցերը պետք է քննարկել»: ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը Ծառուկյանի ելույթում վարչապետական հավակնություններ չի տեսնում. «Քննադատություն, այո, կար, հիմնախնդիրների վերհանում կար, վճռականություն կար, բայց հավակնություն, որ վարչապետ է ցանկանում դառնալ, ես չեմ նկատել: ՀԱԿ-ն էլ է քննադատում կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն ուզում է կառավարության պատասխանատվությունը»: Տիկին Թադեւոսյանը, այդուհանդերձ, հավելում է. «Եթե ոչ իշխանական ուժերը նման հարց քննարկեն եւ որոշում կայացնեն, ես կողմ եմ ցանկացած որոշման»:



 



ՀԳ.  Հավանաբար, Ծառուկյանի ելույթը խառնել է ոչ իշխանական խորհրդարանականների խաղաքարտերը, եւ նրանք դեռ ծանրութեթեւ են անում ինչպես արձագանքել: Երեկ նրանց մեծ մասը կամ չէր պատասխանում մեր զանգերին, կամ խոստանում էր օրեր անց պատասխանել:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]