Ազատամարտիկները միակարծիք չեն Սերժ Սարգսյանի ելույթի առիթով

Ազատամարտիկները միակարծիք չեն Սերժ Սարգսյանի ելույթի առիթով

Փետրվարի 15-ին ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն ազատամարտիկներին խորթերի եւ հարազատների բաժանեց:



Հիշեցնենք. ՀՀ նախագահն ասաց, որ իրենք լավ գիտեն, թե ով ինչ ճանապարհ է անցել։ «Հարազատները», անշուշտ, դահլիճում ներկաներն էին, իսկ «խորթերը»՝ դրսերում պայքարողները, որոնք, ըստ Սարգսյանի, թոշակի կռիվ են տալիս։ Փորձեցինք դրսերում պայքարող ազատամարտիկների վերաբերմունքը ճշտել այդ ելույթի վերաբերյալ։ Ազատամարտիկների աշխատանքային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը կտրուկ էր. «Էդ ո՞վ ա, մենք չենք էլ ճանաչում ըտենց մարդու, եթե էն գողի մասին ա խոսքը, որ ձայները գողացավ եւ նախագահ հռչակեց իրեն, դրա խոսքը մեզ չի հետաքրքրում, թող խոսա՝ ինչքան ուզում ա։



 



Ազատամարտիկներին նեղություն մի տվեք Սերժի մասին հարցեր տալով, ընդամենը կարող եք մեծատառով գրել, որ Սերժ Սարգսյանը պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակն իր ելույթով, Երկրապահի անունը։ Եվ էնտեղ մի քանի կարգին տղերքին հանած, ցավոք սրտի, բոլորը «այո» կամ «ոչ» ասող էին, կնոպկա սեղմող, ուրիշ ոչինչ, իշխանական սազանդարություն էր կատարվում: Դա պղծություն է Երկրապահ կամավորականների միության գաղափարի հանդեպ, մենք դա էդպես չենք թողնի»։



 



Ազատամարտիկների աշխատանքային խորհուրդը երեկ հերթական նիստն էր գումարել, եւ այդ առիթով Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց. «Մեր հավաքը որոշեց, որ պետք է բոլոր ազատամարտիկներին հայտարարի՝ մարտի 1-ին լինեն Ազատության հրապարակում, ավելի մանրամասն մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Հանրահավաքին մասնակցելու ենք մեր բոլոր ռեսուրսներով՝ շրջաններից, ջոկատներով, բոլոր ազատամարտիկները։ Մենք մարտի 1-ին գալու ենք եւ մեր երկրի գարունը պետք է վերադարձնենք ժողովրդին, մեր գարունը գողացել են, պիտի գանք, որ ամեն մեկին իր տեղը ցույց տանք։ Այդ օրը պիտի բոլորը մի կողմ դնեն տարաձայնությունները եւ գան Ազատության հրապարակ, թե չէ փուչ խոսքերով թող այլեւս էս ժողովրդի զահլեն չտանեն»։



 



 «Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատար Հովիկ Վարդումյանը հետեւյալ կերպ արձագանքեց Սերժ Սարգսյանի ելույթին. «Ազատամարտիկներին ոչնչացնելու քաղաքականություն է, պատահական չէ, որ գնդապետ Վոլոդյայի վրա գործ սարքեցին, իրենց ձեռնտու չէր մեր շարժումը։ Մեր շարժումն ամիսների ընթացքում մաս-մաս արեցին, քայքայեցին, հիմա էլ Սուրենենց միջոցով ալտերնատիվ երկրապահ են սարքում, ասում են՝ կռվող տղերքը մեզ մոտ են, թե՝ Երկրապահի վարչությունում կռված տղա չկա։ Կեղտոտ բան է, իրար վրա ֆռռում են, ոչ մեկն էլ ճիշտ չի, ուղղակի մեր շարժումը ձեռնտու չէր իշխանություններին։ Երկրապահի վարչությանն ամեն ինչ տալիս են, օգնում են, պետականորեն փողեր են հատկացնում, իշխանություններին պետք է կռվող տղերքի ուժ, որ իրենց ձեռքի տակ լինի, իրենց կամակատարը լինի։ Իրենք զգացին, որ մենք իրենց թաթի տակից դուրս եկող ենք։ Սկզբում կիսեցին՝ Դաշտային հրամանատարների խորհուրդ ստեղծելով, որոնք զբաղված են հայհոյախոսությամբ, պոռոտախոսությամբ: Տեսան, որ դա չի օգնում՝ Վոլոդյային ձերբակալեցին, էլի տեսան, որ դա էլ չի օգնում, մարդիկ մտցրին՝ իբր մենք պասիվ ենք, իրենք ուզում են ակտիվացնել, եւ նորից կիսեցին։ Իսկ նախագահի ելույթը Երկրապահում այդ ամենի շարունակությունն էր, ինքն օգտագործեց այդ ամբիոնը, որ նորից շարժման վրա ցեխ շպրտի, վարկաբեկի, եւ հարյուր հազարավոր մարդիկ լսեցին, որ մեր շարժումն էգոիստական էր, որ մենք փողի համար ենք պայքարում։ Մեր շարժումը հիմա քայքայված վիճակում է, եւ սպասում ենք Վոլոդյայի դուրս գալուն, որից հետո կիմանանք մեր անելիքը»։



 



 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ