Իմ թիկունքն իմ ժողովուրդն է

Իմ թիկունքն իմ ժողովուրդն է

Ամբողջ աշխարհում ղեկավարները պարբերաբար հրաժեշտ են տալիս իրենց աթոռներին: Ոչ թե պաշտոնների փոխատեղում է լինում, այլ պաշտոնանկ են արվում կամ անցնում բոլորովին այլ աշխատանքի: Փոփոխություններն այն պատճառով են, որպեսզի ղեկավարները ներսում ու դրսում չհասցնեն բարիդրացիական կապեր հաստատել, չլճանան, չէժանացնեն իրենց զբաղեցրած պաշտոնները:



Մինչդեռ Հայաստանի անկախ հանրապետությունում պաշտոնյաները ցմահ են ղեկավարում: Անկախ աշխատանքի որակից ու հասարակական վերաբերմունքից, նրանք միշտ ղեկին են. նույնիսկ եթե աղմկահարույց պատմությունների կիզակետում են հայտնվել, վաղուց հատել են թոշակային տարիքի շեմը, տկար են, հոգնած կամ լճացած, միեւնույն է՝ մնում եւ ղեկավարում են: Լավագույն դեպքում, շախմատային լեզվով ասած՝ ռակիրովկա են լինում:



 



Երկարաժամկետ ղեկավարների փոփոխությանն սպասելիս հասարակությունը երբեմն ինքն է փորձում «արագի մեջ» մեկին թոշակի ուղարկել, մյուսի համար անկողնային ռեժիմ սահմանել, երրորդին տեսնել ճամպրուկներով՝ երկրի սահմանագծին...



 



Պետական կառավարման կադրային համակարգում տիրող միապաղաղությունը ցրելու փորձ են անում հատկապես նրանք, ովքեր այս կամ այն պաշտոնի համար տարիներ ի վեր հերթի են կանգնած: Եվս մեկ անգամ հիշեցնելով իրենց գոյությունը, տեղեկատվական տարբեր խողովակներով այսինչ կամ այնինչ պաշտոնյայի մոտալուտ մայրամուտն են կանխատեսում, ձեռքի հետ էլ շոշափում պաշտոնանկ եղած ղեկավարի տեղում սեփական անձին տեսնելու հասարակական տրամադրությունները:



Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հերթական պաշտոնյան էր, որին բոլորովին վերջերս վաստակած հանգստի ուղեգիր էին կանխատեսում: Մարզպետի պաշտոնում նա ամենաերկարակյացներից է՝ Տավուշի եւ Կոտայքի մարզպետներից հետո: Հավաստումներն այն մասին, թե 65-ի շեմին հասած Ղահրամանյանն ուր որ է թոշակի է անցնելու, իսկ Արմավիրի մարզպետի աթոռը մնալու է թափուր, ախորժակ էր բացում մարզպետի մանդատը գրպանում տեսնել երազողների համար: Այդ պաշտոնի համար նույնիսկ մի շարք թեկնածուների անուններ հայտնվեցին մամուլի էջերում: Էլ գեներալ Մանվելի քաղաքապետ որդի, էլ աղմկոտ պատմություններով հայտնի ՀՀԿ-ական պատգամավոր, էլ փոխմարզպետ ու Արմավիրի քաղաքապետ...



Պարզվում է, սակայն, որ Արմավիրի մարզպետը չի էլ մտածում իր հարմար աթոռը որեւէ մեկին զիջելու մասին: «Նախ, իմ 65-ը կլրանա այս տարվա դեկտեմբերին եւ հետո՝ մարզպետի պաշտոնը հայեցողական է, տարիքի հետ կապ չունի»: Երեւի ուզում էր ասել՝ թող որեւէ մեկն ախորժակ չպահի, այս պաշտոնի հետ հույսեր չկապի:



 



Խոսքի ենթատեքստը հուշում էր, որ Աշոտ Ղահրամանյանն անձեռնմխելի է: Կարծիքներն այն մասին, որ նա բավականին հուսալի տանիք ունի, որն էլ հաստատ է պահում իր դիրքերը ղեկավար պաշտոնում, առաջացրեց նրա զարմանքը: «Իմ թիկունքն իմ ժողովուրդն է, իսկ նա դժվար թե ինձնից հոգնած լինի»,-ասաց:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ