Պայքարը շարունակվում է․ Ռաֆֆի Հովհաննիսյան

Պայքարը շարունակվում է․ Ռաֆֆի Հովհաննիսյան

Մենք բազմիցս ասել ենք եւ էլի կասենք, որ ահագնացող այս ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացման միջոցով: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն այդպիսի ցանկություն չունի: Եվ ոչ էլ ի վիճակի է մեկտեղել բոլոր միավորները, քանի որ ցանկացած քաղաքական ուժի մեջ, թող դա ձեզ տարօրինակ չթվա, տեսնում է իր բիզնես-մրցակցին: Ուրիշ էլ ինչ չափանիշներով կարող է դատել ժողովրդի մասին չմտածող, ազգային հարստությունը մսխող իշխանությունը: Այլ ելք մեզ չի մնում, քան վերականգնել իր իշխանության եւ ապագայի հանդեպ մարդկանց հավատը, հավաքագրել ծառացած մարտահրավերներին դիմակայելու նրանց ներուժը:



 



Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ՝ սկսած պայքարի նորանոր կենտրոններ եւ դիմադրության բջիջներ, մշտապես գործող քաղաքացիական բաց ֆորումներ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերի եւ հակասահմանադրական ազգային օրենքների չճանաչմամբ: Կարեւորագույն մեր անելիքներից մեկն էլ իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումն է՝ քաղաքական դասի ու հասարակության մեջ այդ երեւույթը խստորեն դատապարտելու եւ դրա շուրջ քաղաքացիական-քաղաքական միասնական ճակատ ձեւավորելու նպատակով:



 



Ժամն է փետրվարտասնության պատմական փառք ու պատվից, խոնարհումից ու խոտորությունից անցնել ապագա կերտելու գործին: Ինձ ուղղված իր բաց նամակում երիցս իրավացի է մեզ բարին մաղթող մեծարգո բլոգերը՝ շեշտելով «ի շրջանս յուր» վերադարձող հաղթանակի եւ պարտության մեկամյա հետագծից ճշմարտությունը յուրացնելու կարեւորությունը:



 



Իսկ նրանք, ովքեր հեշտ-հեշտ ու դեմքի խորագիտակ արտահայտությամբ խոսում են փոշիացման մասին, ցավոք, ոչ կապ ունեն ժողովրդի հաղթանակի հետ, ոչ էլ հասկանում են նրա անմար ոգին: Պետք չէ ժողովրդի փոխարեն խոսել: Իսկ մենք՝ գիտակցաբար եւ դափնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք ակնհայտ վստահության քվեն, այլ վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, եւ որպեսզի ճիշտ ժամին ու ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միմիայն իրեն:



 



Ուրեմն, թանկագին համաքաղաքացիներ, անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական եւ քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ:



 



Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության, մեր ազատության, ինքնիշխանության եւ ազգային շահի, հանո՛ւն մեր սուրբ նահատակների ու մեր երեխաների՝ հողի եւ ջրի նման անհրաժեշտություն է Միացյալ հրապարակի կայացումը եւ այս չընտրված իշխանությունների հեռացումը՝ մինչեւ վերածննդի ապրիլի 9-ը: Հասկացեք ուղղակի կամ փոխաբերական իմաստով, բայց բոլոր դեպքերում սա ազգային-պետական օրակարգի հիմնական պահանջն է:



 



Մարդ ենք՝ բնության տված մեր առաքինություններով ու թուլություններով. մերթ նվաճող, մերթ սխալվող, բայց միշտ մաքառող, առաջընթացի, լավի ու նորի, արդարի եւ ճշմարիտի ձգտող: Մեր ժողովուրդը եւ յուրաքանչյուր քաղաքացի երկրորդ հնարավորության իրավունք ունի: Ուստի՝ այն, ինչը միասին արեցինք անցյալ տարի, անժխտելի է. ոչ մեկը կարգավիճակ չունի մեր հաղթանակը մեզնից խլելու: Իսկ այն, ինչը կիսատ մնաց, պարտավոր ենք լրացնել միասնաբար, մեր անձնվեր գործով, եւ՝ ի կատար: Հետո գալու է Սեւակի պատգամած մեր հինգերորդ եղանակը:



 



Արժե ապրել մինչեւ ապրիլ: Եվ… հավերժող բյուր գարուններ:



 



Միայն միությամբ կա հայոց փրկություն:



 



Րաֆֆի Կ. Հովհաննիսյան



18 փետրվարի 2014թ.



Երեւան