Եթե գոլորշի բաց թողնեն, մենք կես ճամփից կհրաժարվենք

Եթե գոլորշի բաց թողնեն, մենք կես ճամփից կհրաժարվենք

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին, ինչպես հայտնի է, ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աբրահամյանն առաջարկել է «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:



Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն անցած քառօրյային հանդես էին եկել նման առաջարկով, սակայն բուռն քննարկումների արդյունքում ԱԺ մեծամասնությունը մերժեց այս առաջարկը: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ուզում էին առաջարկվող հանձնաժողովի միջոցով ստանալ մի քանի հարցերի պատասխաններ. ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչո՞ւ Հայաստանի սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչությանը 380-ով է հասնում, ինչո՞ւ կառավարությունը երաշխավորեց, որ մինչեւ 2044 թվականը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից:



 



ԱԺ նախագահը խմբակցությունների քննարկմանն է ներկայացրել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը, ըստ ոչ իշխանականների, էականորեն չի տարբերվում իրենց ներկայացրածից:  Ոչ իշխանական ուժերը դեռեւս վերջնական պատասխան չեն տվել ԱԺ նախագահի առաջարկին: 6 խմբակցություններն այն պետք է ուսումնասիրեն եւ իրենց եզրակացությունը ներկայացնեն գալիք հինգշաբթի կամ ուրբաթ նախատեսված հանդիպմանը: «Իշխանության ներկայացրած նախագիծը կարծես կրկնությունը լինի 2010-ին Դաշնակցության ներկայացրած համանման նախագծի՝ գազի գնագոյացման, Հայաստան ներմուծման-իրացման, հաշվիչ կայանների աշխատանքների եւ այլ հարցերի վերաբերյալ, դրան գումարած վերջին իրադարձություններով պայմանավորված համաձայնագրերում գնագոյացման համակարգի ուսումնասիրության հարցը»,- մեզ հետ զրույցում նկատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների դիրքորոշման վերանայումը խոսում է վերոնշյալ հարցերը քննարկելու անհրաժեշտության մասին. «Մենք այս պահին դրական դիրքորոշում ունենք, կարեւոր է, որ այս հարցերը քննարկման առարկա դառնան»: ՀՅԴ-ն դեռ քննարկում է եւ միայն շաբաթվա վերջին նախատեսված հանդիպմանը կներկայացնի իր առաջարկություններն ու դիտողությունները: Արծվիկ Մինասյանը չի ցանկանում «այս գլխից» ակնկալիքների մասին խոսել եւ հատկապես համաձայնագրերի հետկանչի հավանականության մասին կոնկրետ բան ասել։ «Հարկավոր է, որ մանրամասն ուսումնասիրություններ արվեն, ինչու ոչ՝ նույն համաձայնագրերով մի շարք անորոշ դրույթների եւ սահմանափակումների վերանայման առաջարկներ հնարավոր է լինեն»,- այդուհանդերձ ասաց նա: ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը նույնպես նախկին եւ ներկա նախագծերում գրեթե տարբերություն չի տեսնում. «Տարբերությունը միայն հեղինակներն են, այն նախագծի հեղինակները ոչ իշխանականներն էին, այս մեկինը՝ իշխանականները: Բայց դա մենք երկրորդական ենք համարում, եւ, ի սեր Աստծո, որեւէ հեղինակային ամբիցիաներ չկան, մեր համար գործն է կարեւոր, որպեսզի ուսումնասիրվեն այդ հարցերը»:



 



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆԸ






Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացված փաստաթղթի վերաբերյալ արդեն իսկ որոշ դիտարկումներ ունի, որոնք վերջնական տեսքով կներկայացվեն խմբակցությունում քննարկումներից հետո: «Մենք տեսնում ենք, որ հարցերի շատ ավելի լայն շրջանակ է այդ հանձնաժողովի օրակարգը ներառում, որը մի քիչ իմ մեջ վտանգ է ներառում, որ հարցերի առաջնահերթությունները կլղոզեն: Երկրորդ՝  մեր հարցադրման հիմնական կետն այն է, որ գազային ավանտյուրայի արդյունքում պարտքի կուտակման հարցում շրջանցվել են Սահմանադրությունը եւ օրենքները: Իսկ ներկայացված նախագծում խոսք է գնում ոչ թե պարտքի օրինականության, այլ հիմնավորվածության մասին: Կարծում ենք, որ հանձնաժողովը պետք է լիազորություն ունենա ուսումնասիրելու «գազային» գործընթացի ոչ միայն հիմնավորվածության, այլեւ օրինականության հարցը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ վերջինի վերաբերյալ հենց խորհրդակցության ժամանակ առաջարկ են հնչեցրել եւ հուսով են, որ կներառվի իշխանության նախագծում: Իսկապես, իշխանության պահվածքը զավեշտալի կլիներ, եթե ամեն բան այսքան պարզ լիներ եւ այս ամենը՝ թվացյալ ամբիցիայի խնդիր: Չէ՞ որ ոչ իշխանականներին սույն հարցով մերժումից մեկ օր անց իշխանությունը փոշմանեց, ու հիմա սեփական նախագիծը ոչնչով չի տարբերվում նախկինից: ԱԺ նախագահի ներկայացրած նախագծում ներառված են այլ՝ ըստ էության երկրորդական նշանակության հարցեր, որոնց լուծումը, խոշոր հաշվով, մեծ ջանքերի հետ կապված չէ, բայց որը կարող է լիցքաթափել իրավիճակը: Օրինակ, բացի վերոնշյալ 3 կարեւորագույն հարցերից, ընդգրկված են նաեւ, դիցուք, այսպիսի խնդիրներ. «բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման եւ այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը» կամ՝ «անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների արդյունավետության գնահատումը»: Այսինքն՝ այսպիսով իշխանությունը կարող է հերթական գոլորշին բաց թողնել եւ ավելի քան 9 ամիս ընդդիմությանն զբաղեցնել այս հանձնաժողովում, քանի որ հանձնաժողովի աշխատանքները կսկսվեն, հավանաբար, մարտին եւ, ըստ նախագծի, կավարտվեն նոյեմբերի 8-ին: «Եթե մենք զգանք, որ դա գոլորշի բաց թողնելու խնդիր է, եւ այն չի խորանում էական խնդիրների մեջ, մենք կես ճամփից կհրաժարվենք եւ չենք շարունակի»,- վստահեցրեց ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ իրենք անպայման  իրենց առաջարկներով կնպաստեն խորը ուսումնասիրությունների:



 



Ո՞րն է ոչ իշխանականների նպատակը՝ միջանկյալ հարցերին լուծում տա՞լը, թե՞ գազային համաձայնագրերի հետկանչը։ «Ես դժվարանում եմ ասել, թե նպատակը որն է, բայց քանի որ գազային հարցերով է ստեղծվում, պետք է բոլոր տեսանկյուններից քննել: Մեզ համար, օրինակ, ցանկալի արդյունք կլինի հետեւյալ հստակեցումը՝ ինչո՞ւ է սահմանից մինչեւ սպառողին հասնելը գազը թանկանում 204 դրամով, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի վրա ազդեցությունը, ինչո՞ւ է այն դառնում 38 դրամ, երբ տարբեր գնահատականներով ՀԷԿ-երը հոսանքի ինքնարժեք ունեն 1-2 դրամ, ատոմակայանում մոտ 7-8 դրամ է, բայց սպառողին հասնում է 38 դրամ: Եվ հաջորդ՝ ինչպե՞ս առանց ԱԺ գիտության գազի պարտք գոյացավ՝ 300 մլն, այս հարցերի պատասխանը պիտի ստանանք, հանձնաժողովը պիտի տա այդ պատասխանը, եւ հասարակությունը հանգստանա»: Իսկ, օրինակ, պահանջ ներկայացվելո՞ւ է, որ պարտքի դիմաց 20 տոկոս բաժնեմասը հետ վերցվի՝ պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Առանց արդյունքներն իմանալու ես չեմ կարող որեւէ բան ասել: Եվ հետո, խնդիրը ոչ միայն 20 տոկոսն է, այլեւ կառավարության գործունեությունն ԱԺ-ից թաքուն պահելը: ԱԺ-ում այդ հարցերը բարձրացվում էին, բայց իրենք մեզ չէին պատասխանում, որ պարտք է գոյանում, եւ մենք գույքով ենք վճարում: Կառավարությունը գերազանցում է իր իրավունքները, եւ սա Սահմանադրության խախտում է»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]