Հիմնում ենք Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե. Բորիս Նավասարդյան

Հիմնում ենք Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե. Բորիս Նավասարդյան

Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.




Հռչակագիր



Ուկրաինայի քաղաքացիները բարձարցրել են Ազատության դրոշը եւ ոտքի են ելել պայքարելու եվրոպական ժողովուրդների ընտանիքում իրենց երկրի ապագան կառուցելու նպատակով: Սակայն երկիրը հանուն ազգային շահերի կառավարելու, միջազգային պատրավորությունները հետեւողականորեն ու պատասխանատվությամբ կատարելու անկարողություն դրսեւորած իշխանությունները քաղաքացիների խաղաղ բողոքին պատասխանեցին սադրանքներով, մարդաորսությամբ, խոշտանգումներով, ակտվիստների սպանություններով: Փետրվարի 18-ից Վիկտոր Յանուկվիչը կազմակերպելով զանգվածային արյունահեղություն, կատարելով հանցագործություններ իր երկրի քաղաքացիների եւ մարդկայնության դեմ, ստեղծեց Ուկրաինայի մասնատման լուրջ վտանգ եւ որպես երկրի ղեկավար, զրկեց իրեն լեգիտիմությունից: Մենք հիացած ենք հանուն քաղաքացիական արժանապատվության եւ իրենց անկախ պետականության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի արիությամբ եւ այն վճռականությամբ, որով նրանք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հայրենիքը Հայստանից հետո դառնա Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը:



Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արեւելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաեւ համաեւրոպական անվտանգության եւ եւրոպական արժեքների հաստատման վրա: Մայդանի ակտիվիստներն ու բարիկադները պաշտպանում են նաեւ մեր հասարակության ձգտումը դեպի լիարժեք անկախ պետականություն եւ ժողովրդավարություն: Քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ելած Հայաստանի քաղաքացիները նույնպես գնդակահարվեցին 2008 թվականի մարտի 1-ին: Համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով իշխանությունները ներգրավեցին ոչ միայն ոստիկանությունը, այլեւ բանակը, դիպուկահարների ու զինվրական համազգեստ հագած քրեական տարրը: Պաշտոնական տվյալներով այդ օրը Երեւանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի ու մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության: Ուկրաինացիների ազատ կամարտահայտումը խեղդելու գործընթացը հստակ ուրվագծում է կառավարման նույն եւ Լուբյանկայում հղկված ձեռագիրը. իրավապահ մարմինները եւ հատուկ ջոկատայինները սադրիչների ու քրեական տարրի հետ համատեղ կազմակերպում եւ իրականացնում են զանգվածային անօրինականություններ, ծանր հանցագրծություններ:



Մենք, ներքոստորագրյալներս, արտահայտելով մեր համերաշխությունն ու զորակցությունը Ուկրաինայի արժանապատիվ քաղաքացներին, որոնք պայքարում են ոչ միայն իրենց, այլեւ մեր Ազատության համար, հիմնում ենք Մայդանի հետ համերաշխության կոմիտե: Կոմիտեյի խնդիրներն են. Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության եւ արտերկրում ապրող հայերի շրջանում տարածել ճմարիտ եւ հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչը հատկապես կարեւոր է կեղծիքի եւ այլատյածության վրա հիմնված ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության պայմաններում:



 



Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝



- անհապաղ ձեռնարկել Ուկրաինայի քաղաքացիներին սպանդի ենթարկող իշխանություններից պաշտպանող եւ առաջին հերթին Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու գործուն միջոցներ,



- Յանուկովիչի եւ նրա շրջապատի կողմից իրականացված հանցագործություններին տալ քաղաքական եւ իրավական գնահատական եւ նրանց նկատմամբ անհապաղ կիրառել տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ,



- ստեղծել միջազգային տրիբունալ՝ ուկրաինացի պաշտոնական անձանց մասնակցությամբ, ինչպես նաեւ օտարերկրյա միջամտությամբ Ուկրաինայի պետականության ու ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները բացահայտելու նպատակով:



Առուստամյան Գայանե- Երեւան, Հայաստան
Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լեւոն- Գյումրի, Հայաստան
Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս-Կիեւ, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն- Երեւան
Նավասարդյան Բորիս- Երեւան, Հայաստան
Հովհաննեսյան Զարուհի- Երեւան, Հայաստան
Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, ԱՄՆ
Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան
Շահնազարյան Դավիթ- Երեւան, Հայաստան



20 փետրվարի, 2014թ.