Օպերային թատրոնը բերել մայրաքաղաքային թատրոնի մակարդակի

Օպերային թատրոնը բերել մայրաքաղաքային թատրոնի մակարդակի

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել հայտնի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ով հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը օպերային թատրոնի զարգացման սեփական հայեցակարգը տեղադրել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում։



 



Երեկ մենք կապվեցինք օպերային երգչի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որքանով էր իր համար դժվար այդ որոշումը կայացնել, հատկապես, որ մեզ հետ նրա վերջին հարցազրույցում նա տարակուսանք էր հայտնել իր առաջադրման հետ կապված, նշելով, որ թատրոնում շատ լճացած վիճակ է. «Թատրոնից շատ մարդիկ, երգիչներ սկսեցին զանգել ինձ՝ իրենց մտահոգությունը հայտնել, թե ինչ անենք, դուք էլ ժամանակին մեր վիճակում եղել եք եւ գիտեք ինչ է նշանակում, երբ թատրոնը կարգավորված է։ Բնականաբար, ես բացատրեցի, որ դա մի քիչ ռիսկային է, ոչ թե որ չեմ կարող, այլ ինքը՝ փչացած մեխանիզմը որպեսզի սարքվի, ահռելի մեծ աշխատանք պետք է արվի, եւ այդ աշխատանքն անելիս կարող են եւ շատ ցավալի պրոցեսներ լինել, որը մի դեպքով չի ստեղծվել, ու խնդիրը դեռ մինչեւ վերջ պարզաբանված չէ։



 



Երբ խնդիրը պարզաբանեն ու տեսնեն, թե ինչքան մասնագիտական հարցեր, խնդիրներ դեռ կան լուծելու ատեստացիայի միջոցով... բայց եթե պիտի գաս ուրիշի արած կեղտերը մաքրես, դա շատ ցավալի է ինձ համար, նաեւ անհարմար, տհաճ այն առումով, թե մնացած կոլեգաների նկատմամբ ինչպես վարվես։ Դրա համար, այսպես թե այնպես, հարցը դրված է, որ ցանկանում են ատեստացիայի, լսումների միջոցով մաքրել, վերջնականապես տեղը տեղին բերել ամբողջ համակարգը։ Հետո երկար-բարակ չկարողացա մտածել, հատկապես որ ժողով էին արել, ցանկություն հայտնել, տեսնենք ինչ կլինի»։



 



Բարսեղ Թումանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դա նշանակում է, որ սերնդափոխությունն օպերային թատրոնում անխուսափելի է։ «Իմ ցանկությունը բոլորովին այլ էր, իմ ցանկությունն է օպերային թատրոնը բերել մայրաքաղաքային թատրոնի մակարդակի, մենք անջատվել ենք իրական գաղափարից՝ ինչ է օպերային թատրոնը, եւ ինչ առաքելություն է նա այսօր կրում։ Օպերային թատրոնի՝ իր կարգը փրկելու համար մենք պետք է շատ լրջորեն նրան մոտենանք, բայց այսօր նա հավակնում է դառնալ մի բան, որը սովետական ժամանակաշրջանում կոչվում էր «նառոդնի դոմ տվորչեստվա», որը կարող եք նաեւ արենդա տալ»։ Ըստ Բարսեղ Թումանյանի, որպեսզի օպերային թատրոնը մայրաքաղաքային թատրոնի մակարդակի հասցվի, այդտեղ անելիքներ ունի նաեւ նախարարությունը, որը եւս պետք է մտածի եւ ինչ-որ քայլեր ձեռնարկի։ «Օպերան մուտացիայի է ենթարկվել, եւ լավ կլինի, որ այն ռեգեներացիայի ենթարկվի, այլ ոչ թե դեգեներացվի»,-նշեց Թումանյանը։



 



Այն դիտարկմանը, թե տնօրենի պաշտոնում չի՞ տուժի արդյոք իր արտասահմանյան հյուրախաղերի գրաֆիկը, Բարսեղ Թումանյանը նշեց, որ ոչ միայն դա կտուժի, բայց հարցը դա չէ։     



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]