«Տեարետիչեսկի» օգնություն մանկավարժական համալսարանին

«Տեարետիչեսկի» օգնություն մանկավարժական համալսարանին

 



Չնայած ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուրբաթ օրը եկել էր Մանկավարժական համալսարան իր հոր՝ Ստեփան Պողոսյանի, եւ հեռուստալրագրող, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի անունը կրող լսարանի ու ստուդիայի բացմանը, սակայն չկարողացավ խույս տալ Գառնիի տաճարի շուրջ ծավալվող խոսակցություններից։ Մշակույթի նախարարը մի քանի անգամ կմկմաց «քննարկվում է» արտահայտության վրա եւ ասաց. «Ժողովուրդ, ես հիմա ասում եմ այն, ինչ ասում եմ։ Առանց նյարդայնանալու հիմա ամեն ինչ քննարկվում է»։ Չնյարդայնացող Հասմիկ Պողոսյանը դժգոհեց, որ լրագրողները «դժվար» թեմաներից են խոսում. «Կուզեի խոսել այլ արժեհամակարգի մասին, կան արժեքներ, որոնց մասին չենք խոսում»։



 



ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի Արմեն Հովհաննիսյանի անվան լսարանի պատին կարելի է հանդիպել ոսկեգույն տախտակ. «Ստուդիայի սարքավորումները հատկացրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը. հիմնադիր՝ Բարսեղ Բեգլարյան»։ Նույն ինքը՝ Ֆլեշի Բարսեղը։ Վերջինս ներկա էր ստուդիայի բացմանը, սակայն հրաժարվեց կտրել բացման կարմիր ժապավենը։ Բարերարը հայտարարեց միայն, որ ինքը ծափ կտա։



 



Իսկ Հասմիկ Պողոսյանը «հիացած» էր  ստուդիայի տեխնիկական հագեցվածությամբ։ Վերջինս շրջեց ստուդիայում եւ ասաց. «Ասում ա՝ տեարետիչեսկի (տեսականորեն) չեն տիրապետում, էլի, իրանց մասնագիտությանը»։ «Տեարետիչեսկի» Հասմիկ Պողոսյանն էլ անմասն չի մնացել բարերարություն անելուց։ Նվիրաբերել է իր հոր՝ Ստեփան Պողոսյանի հեղինակած գրքերը։



 



ՀՊՄՀ ընդհանուր հարցերի պրոռեկտոր Արմեն Թամազյանը տեղեկացրեց, որ անվանակոչված լսարանները վերանորոգվել են համալսարանի միջոցներով. «Նորոգման մասին խոսք չկա, լսարանները նորոգված եղել են մինչ սարքավորումները տեղադրելը»։ Վերջինս չցանկացավ պատասխանել, թե որքան գումար է նվիրաբերել «Բարեպաշտ սերունդ հիմնադրամը»։



 



Երբ զանգահարեցինք հիմնադրամ եւ հարցրինք, թե կարո՞ղ են արդյոք ինֆորմացիա տրամադրել, առանց հարցը լսելու կտրուկ պատասխանեցին՝ ոչ, քանի որ զբաղված են։ Սակայն, երբ տեղեկացան, որ ընդամենը ցանկանում ենք ճշտել նվիրաբերված գումարի չափը, վայրկյանների ընթացքում պատասխանեցին. պարզվում է, որ Բարսեղ Բեգլարյանը «ծափահարելով» ծախսել է համարյա 3 մլն դրամ։



 



Սիրան Հունանյան