Եգիպտոսի անապատներից՝ Օպերայի տնօրեն

Եգիպտոսի անապատներից՝ Օպերայի տնօրեն

Օպերայի տնօրենի շուրջ ընթացող պալատական ինտրիգները մոտեցան իրենց հանգուցալուծմանը։ Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում մշակույթի նախարարը հաղթող 2 թեկնածուներից տնօրենի պաշտոնում հրամանագրեց Անդրանիկ Արզումանյանին, ում մասին նախօրեին գրել էինք, որ պետական եւ կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է, աշխատել է Եգիպտոսի մշակույթի ռուսաստանյան կենտրոնում:



 



Ի դեպ, մրցույթի օրը մեզ հետ զրույցում Արզումանյանը, անդրադառնալով մրցույթի պարտադիր կետերից ՀՀ քաղաքացիությանը, նշել էր, որ ունի թե ՀՀ եւ թե ՌԴ քաղաքացիություն ու թեեւ երաժշտության հետ ոչ մի առնչություն չունի, բայց ունի 10 տարվա ղեկավարման փորձ։ Թատրոնի մասով նա նաեւ նշել էր, որ չի կարծում, թե Օպերան լուրջ բարեփոխումների կարիք ունի, ընդգծելով միայն, որ «ներքին աշխատաձեւը պետք է մի քիչ փոխվի»՝ կողմ արտահայտվելով միաժամանակ գեղարվեստական ղեկավարի անհրաժեշտությանը թատրոնում։ Չնայած Արզումանյանն ամեն կերպ հերքեց իր առնչությունը Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի հետ, բայց դրանով չդադարեցին նրա անձի շուրջ խոսակցությունները եւ այն պնդումը, որ հենց ինքն էր վերջիններիս հովանավորյալն ու նախընտրելի թեկնածուն։ Հիշեցնենք, որ նախօրեին կայացած մրցույթի ժամանակ 2-րդ՝ հարցազրույցի փուլ էին անցել 3 մասնակիցներ՝ Անդրանիկ Արզումանյանը, Գագիկ Մանասյանը եւ Արթուր Շահնազարյանը։ Մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը եւ Գագիկ Մանասյանը։ 



 



Նախարարի հրամանից հետո կապվեցինք Գագիկ Մանասյանի հետ եւ հարցրինք, թե տեղյա՞կ է, որ տնօրենի պաշտոնում նախարարը նախընտրել է Արզումանյանին։ «Ես 15 օր առաջ գիտեի դրա մասին, ի սկզբանե դա կանխատեսելի էր իմ համար, նույնիսկ օրինաչափ, ուղղակի դեռ զարմանում եմ, որ հիասթափված եմ»։ Մանասյանը գտնում է, որ դա վաղուց ու գաղտնի պլանավորված մի ծուղակ էր, որ արվեց. «Նախարարի ու Արմեն Սմբատյանի թեկնածուն է, որ հրավիրվել է Եգիպտոսի անապատներից... դա մեր երկրում կատարվող անարդարությունների օրգանական շարունակությունն է, ի՞նչ է նշանակում լինել Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի տնօրեն, ես դա համարում եմ, ասենք, լինել Ստեփանավանի կուլտուրայի տան դիրեկտոր, ո՞նց եղավ, որ այդ մարդը 20 տարի կապ չունի Հայաստանի, նրա օրենսդրության, մշակութային կյանքի հետ ու 9 բալ է ստանում, որովհետեւ Արմեն Սմբատյանի լծի տակ գտնվող Կոնսերվատորիայի 3-4 հոգի ժյուրիի անդամ են, ու նախագահը՝ այդ «մորքուրը» (ես իրան այդպես եմ ասում), Սմբատյանի լծի տակ գտնվող մարդիկ են։ Այդ ո՞նց է, որ Մանասյան Գագիկը, որը, ներողություն եմ խնդրում, մշակույթի վաստակավոր գործիչ եմ, գիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ հանրային խորհրդի մշակույթի պետ, Հանրապետական կուսակցության մշակույթի հանձնաժողովի նախագահ, իմ բոլոր տիտուլները հաշվի չեն առնում եւ մեկ էլ մի անծանոթ մարդու նշանակում են... ո՞նց կարամ ես դա համարեմ, որ արդար է»։ Մանասյանը նշեց, որ մենք՝ հայերս, ամեն ինչ կարող ենք տանել՝ սովից սկսած, բայց անարդարությունն ու անարդար որոշումը՝ երբեք։ Ավելին, նա պատմեց, որ կոլեկտիվն իր համար մոմ է վառել, որ հանկարծ չնշանակվի այդ պաշտոնին, մինչդեռ ինքն ընդամենը ուզում էր օգտակար լինել Օպերայի տնօրենի պաշտոնին գալով, եթե չուզեցին, ուրեմն, թքած ունի բոլորի վրա։      



 



Մրցույթի 2-րդ փուլ անցած թեկնածուներից կոմիտասագետ Արթուր Շահնազարյանից նույնպես հետաքրքրվեցինք, թե որքանով էր իր համար կանխատեսելի ընտրության այս ելքը։ Վերջինս նշեց, որ 1-ին փուլում 100 տոկոսանոց արդյունք ցույց տալուց հետո կարող է միայն նշել, որ 2-րդ փուլն ուղղակի դերասանություն էր, որովհետեւ. «Այնտեղ նստած կային մարդիկ, որ եթե ես նրանց, որպես երաժիշտ, քննեմ, այդ լուրջ երաժշտի կոչումներն ուղղակի իրանցից կվերցնեն: Ինձ, օրինակ, Ղուկասյան Արթուրը նեղացած հարցնում է, որ ռուսաց լեզուն ես օտար լեզու եմ նշել, բայց իրեն հայերեն թելադրություն որ տաս, չի կարողանա գրի… եւ հետո, հիմար հարցեր է տալիս բանաձեւերով՝ քիմիայի նման, ասենք 8, v ու չգիտեմ  ինչ, մենեջմենթի մեջ ի՞նչ է նշանակում, որն ընդհանրապես մեզ տրված հարցերի շրջանակում չի մտնում։ Դա նման է նրան, որ ես իրեն հարցնեմ՝ Կոմիտասն «ա» տառով քանի՞ հատ երգ ունի»։ Շահնազարյանն անդրադարձավ ժյուրիի անդամներից նաեւ Կարեն Դուրգարյանին, ով, ըստ նրա, «անպատկառ է իրեն պահել». «Կարեն Դուրգարյան՝ չստացված դիրիժոր, որ եթե ես իմ ստեղծագործություններն ու գրքերը դնեմ նժարին, իր քաշից ավելին կլինի։ Եթե ձեզ ասված է, որ պետք է քվեարկեք մեկի օգտին՝ քվեարկեք, բայց իրավունք չունեք մարդուն վիրավորելու, անգրագետի նման քմծիծաղ տալով, ասում ա՝ Դուք գրել եք, որ Օպերայում կարեւոր չի ռեժիսորն ով ա, ասում եմ՝ լավ կարդացեք, ես ո՞նց կարող է նման բան գրած լինեմ, գրել եմ՝ այսօրվա վիճակի համար ոչ այնքան կարեւոր է, թե ով է ռեժիսորը, որքան ժողովրդին Օպերայի մեջ ներգրավելը, իսկ ինքը պնդում է, որ եթե մի հատ անվանի ռեժիսոր հրավիրենք, մարդիկ կգան, բայց դա մեր օպերա՞ն կլինի: Oպերայի համար միջավայր չկա, եւ հենց մեկն իր պատճառով է, որ չկա։ Եվ նա եկել է այստեղ, այդ չստացված ֆլեյտիստը, որ դաշնամուր նվագել չգիտի, որպեսզի իմ կարողություննե՞րը որոշի։ Ափսոս, այդ քննությունն այդձեւ է անցնում, եթե մի հատ դաշնամուր դնեին ու ցույց տային, թե ով ինչ գիտի, մի հատ իրան ասեի՝ նվագի, ոչ թե ձեռով չափ տուր, քեզանից հարյուր անգամ լավ դիրիժորներ կան, նոր կերեւար նրա անգրագիտությունը։ Էլի եմ ասում, եթե ձեզ հանձնարարված էր չգիտեմ ում կողմից՝ մինուս դրեք, բայց կուլտուրա ունեցեք, իմացեք ով է ձեր դիմաց կանգնած։ Այդպիսի մարդիկ հայ ազգային երաժշտությունից կիլոմետրերով հեռու են, ապազգային ու հայկական կրթություն չստացած»։



 



Ինչ վերաբերում է Անդրանիկ Արզումանյանին, ում համար էլ, ըստ էության, նախարարությունն ամբողջ ընթացակարգը գաղտնի անցկացրեց, ապա Շահնազարյանը նշեց, որ պետք է անկեղծ լինի. «Անդրանիկն իմ ընկերն է, ես միամիտ իրեն այնտեղ տեսա, քանի տարի է՝ իրեն չէի տեսել, բայց մոտ ընկերս է, խելացի, կիրթ, լավ տղա է, ու եթե նույնիսկ ասել են իր մասին, այդ ամբողջի մեջ ամենաբարոյական մարդն ինքն է, ոչ թե այն նստածները, որոնք սուտ մասնագետներ են՝ բացի մի քանի հոգուց»։ Շահնազարյանը նշեց, որ այդ վերաբերմունքը չի ներելու եւ ամենուր ասելու է, որովհետեւ երբ լռում են, այդ մարդիկ ամենատարբեր հանձնաժողովներում են հայտնվում ու հարցեր լուծում Հայաստանում. «Ցավն այն է, որ ես բոլորին նայում եմ որպես իմ ժողովուրդ ու երբ նայում եմ հանձնաժողովում նստածներին, իմ համար լրիվ պարզ է դառնում մեր դարավոր դժբախտությունների պատճառը, եւ սարսափելի է ներկայանում ապագան։ Արդեն սկսում ես մտածել, որ քո ժողովրդի 90 տոկոս մտավորականությունը ծախու շուն է, եւ ծախու շուն ասում են ոչ թե նրա համար, որ շահի համար են ծախված, այլ՝ որովհետեւ ստրուկ են, միայն հաճոյանալու համար են ծախվում։ Սրանից վատ, ցածր ու քստմնելի մարդու տեսակ աշխարհում չեմ կարող գտնել, որովհետեւ ստրուկ տեսակն ընդունակ է ամեն ինչի»։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]