Պետական եվ նախագահի մրցանակներ ստացողների մի 20 տարվա ցուցակ կա

Պետական եվ նախագահի մրցանակներ ստացողների մի 20 տարվա ցուցակ կա

Հարցազրույց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ



 



- Այս տարի նախագահի մրցանակ գրականության ասպարեզում չտրվեց։ Դուք նույնպես գիրք էիք ներկայացրել, բաց Ձեր անունը չկար երկրորդ փուլ անցած երեք հեղինակների մեջ։ Ի՞նչ գիրք էիք ներկայացրել։






- Ես ներկայացրել էի իմ վերջին պատմավեպը՝ «Շուշեցու հիշատակարանը», որը նախորդ դարի 1910-1940-ական թթ. Լեռնային Ղարաբաղի իրական պատմությունն է։ Հերոսի ճակատագրով ներկայացնում եմ Ղարաբաղի, նաեւ Հայաստանի ճակատագիրը. Շուշիի կոտորած, կոլեկտիվացման տարիներ, աքսոր Սիբիր, ֆաշիստական ճամբար եւ այլն։ Ես ձգտել եմ բացարձակապես ճշգրիտ ներկայացնել այդ ամբողջ ժամանակաշրջանը, որը մեր գրականության մեջ մեր գրողները մի տեսակ շրջանցել են, եւ ես որոշեցի այդ բացը լրացնել։



 



- Ես տարբեր հեղինակներից կարծիք եմ լսել՝ հանձնաժողովի անդամները չեն կարդում ներկայացված գրքերը եւ քվեարկում են հեղինակին, ոչ թե ստեղծագործությունը։ Ձեր գիրքը կարդացե՞լ են։






- Ես նախորդ անգամ, որ պետական մրցանակի ներկայացրել էի «Նեռը իմ մեջ» վեպը, բոլորովին ուրիշ վեպ, որ ազգայինից դուրս է գալիս համամարդկային արժեքներ։ Տեսա, որ ոչ ոք չի կարդացել, ես հետո խոսել եմ հանձնաժողովի անդամների հետ եւ համոզվել։ Ընդհանրապես, գրաքննադատություն գոյություն չունի, չեն կարդում, իրենց հետաքրքիր չի, զբաղված են մենագրություն գրելով, որը կապ չունի մեր այսօրվա գրականության հետ։ Մրցանակներ հիմնականում ստանում են Գրողների միության նախագահության անդամ բանաստեղծները, որոնք ներսում կազմակերպում, դասավորում են, պարզ է, դա հայտնի է։



 



- Արդեն քանի անգամ Դուք գիրք եք ներկայացրել եւ պետական, եւ նախագահի մրցանակներին եւ չեք ստացել։ Նույնիսկ ասել եք, որ նախապես հորդորել են չներկայացնել։ Ինչո՞ւ։






- Ես երբ «Նեռը իմ մեջ» վեպը ներկայացրի պետական մրցանակի, Լեւոն Անանյանն (Աստված հոգին լուսավորի, ես չեմ ուզում խոսել, բայց դա ճշմարտություն է, թե ինչ մեխանիզմ կա, դրա մասին պետք է խոսել) ասաց՝ մի ներկայացրու, միեւնույն է, մենք տալու ենք Հովհաննես Գրիգորյանին։ Պատճառաբանեց, թե հիվանդ է, պետք է օգնել, ես ուրախ եմ, որ օգնում են հիվանդ մարդուն, բայց դա գրականության հետ ի՞նչ կապ ունի։ Այդպես է, նախապես Գրողների միության նախագահը որոշում է, թե ում է տալիս, եւ ցուցակ ունենա, թե հերթն ում է հասել, արդեն մի 20 տարվա ցուցակ կա, հիմա ինչքանով է գործում, չգիտեմ, գուցե չի գործում, նոր նախագահ կա։ Հետո ուզում էի էլի ներկայացնել պետական մրցանակի, ասաց՝ մի ներկայացրու, որովհետեւ տալու ենք Միլիտոնյանին, հաջորդը դու կստանաս։ Ասում եմ՝ ինձ մի ասեք, որ ես կստանամ, իրավունք չունեք հաշվելու-բաշխելու նախապես, գիրքը պետք է այդ հանձնաժողովն ընթերցի եւ ճիշտ որոշում կայացնի։ Բացի այդ, ստանում են բանաստեղծները, իսկ արձակն ուշադրությունից դուրս է, սակայն առանց արձակի չկա գրականություն։



 



- Այսինքն մրցանակը, փաստորեն, տրվում է հեղինակին, ոչ թե ստեղծագործությանը։






- Փաստորեն կոռուպցիան, որպես մտածելակերպ, մտել է նաեւ մշակույթի մեջ, գրականության մեջ. մեր գրական տունը կոռումպացված է, սա է խնդիրը։ Ես հաճախ եմ գրում մեր բարոյական անկման մասին, մի ճյուղն էլ հենց այդ մրցանակների բաշխումն է։ Իրավունք չունեն պետության պատվի հետ խաղալ, որովհետեւ դա պետական մրցանակ է, եւ իրավունք չունեն ըստ ցանկության բաշխել։ Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել այդ հարցով բաց նամակ գրել երկրի նախագահին, բողոք եմ հայտնել, որ զգույշ լինեն, բայց ուշադրություն չեն դարձնում։ Գրողների միության նոր նախագահը հայտարարեց, թե՝ ես չեմ խառնվելու այդ մրցանակներին, չգիտեմ, դա հետո կերեւա, թե ինչքանով է խառնվելու, ինչքանով՝ չէ։ Ես խնդիր ունեմ, բողոքել եմ, եւ ինքն էլ արտահայտվել է բացասական կերպով, թե ինքը թող ազատվի իր միջի նեռից. ԳՄ նախագահն իրավունք չունի այդպես խոսելու, նեռն իմ մեջ չէ, իմ հերոսի մեջ է։ Իսկ նախագահի այս վերջին մրցանակաբաշխությանը իմ վեպից 8 օրինակ տվել եմ, ասում են, որ բաժանել են հանձնաժողովին, բայց ես վստահ եմ, որ չեն կարդում։ Մի խոհանոց է, որտեղ ներքին կարգով, թե ով ում հետ ինչ կապ ունի, սա է որոշում։ Պայքար է գնում, թե ով ինչ կապեր ունի, ես այդ կապերի մեջ չեմ մտնում, ոչ ոքի չեմ դիմում, գտնում եմ, որ դա սխալ է, որովհետեւ այդ խնդրում ես կողմ եմ բարոյականության, կողմ եմ, որ կոռուպցիան հեռու լինի։ Մրցանակը չի տրվում գրականությանը, այլ հեղինակին, իրական գրականությունը չի գնահատվում։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ