Եզդիների «բազմամարդ» Նոր տարին

Եզդիների «բազմամարդ»  Նոր տարին

 Երեկ Անգլիական այգում ՀՀ Եզդիների ազգային միության անդամները հավաքվել էին նշելու Չարշամա Սըրսալեն՝ եզդիների ազգային Նոր տարին։ Բայց դժվար էր դա տոնակատարություն անվանել, որովհետեւ, նախ, լրագրողական համայնքն ավելի շատ էր, քան եզդիական համայնքը, հետո էլ, նախատեսված եզդիական ազգային երգերի, պարերի, տարազի եւ ուտեստների փոխարեն ներկայացվեց 3 հոգու մասնակցությամբ 2 րոպեանոց մի պար եւ փոքրիկ սեղանի վրա մի քանի ուտեստների համեստ տեսականի։



 



Փոխարենը առանձնահատուկ տեղ հատկացվեց եզդիական համայնքին ուղղված նախագահի եւ քաղաքապետի շնորհավորական տեքստերի ընթերցմանը։ Ազիզ Թամոյանն իրենց համայնքի կարեւորությունն ընդգծեց նախեւառաջ նախագահի ուշադրությամբ, նշելով, որ նախկին նախագահների դեմ ոչինչ չունի, բայց ներկայիս նախագահը դեռ չի եղել մի տարի, որ իրենց գրավոր տեքստով չշնորհավորի։ Քաղաքապետին էլ պակաս գովեստներ չհասան. պարզվում է՝ իրենց «բազմամարդ» միջոցառմանը եզդի համայնքը չի հասցրել Տարոն Մարգարյանին հրավիրել, բայց վերջինս զարմանալի ուշադրություն է դրսեւորել եւ շնորհավորական ուղերձ հղել, որը հասցրել են իրենց տոնակատարությունից ընդամենը մի քանի րոպե առաջ։ Ինչեւէ, Անգլիական այգում հերթապահող ոստիկանները եւ նարդի խաղացող պապիկները, ոնց էլ չլինի, մի ժամով կտրվեցին իրենց առօրյայից ու մասնակից դարձան եզդիների Նոր տարվա տոնակատարությանը։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ