Համարձակ ֆիլմ համարձակ հանդիսատեսի համար

Համարձակ ֆիլմ համարձակ հանդիսատեսի համար

Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Նաերկ Քթոյանը։



Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել հասարակության մի շարք շերտերում և այդ կապակցությամբ ներկայացնում ենք հեղինակների համառոտ նկարագրությունը ֆիլմի մասին։



«Մենք մեզ հաճախ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս թեմային։ Սակայն պատասխանի համար երկար մտածելու կարիք չկա։ Մենք ցանկանում էինք նկարել մի պատմություն, որտեղ արտացոլված երիտասարդը կլինի անկեղծ, զերծ բոլոր ձևականություններից «քյարթություններից»։ Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմիում այդ նույն խելացի երիտասարդները, գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ 180 աստիճանով փոխվում են։ Հաշվի առնելով որոշ տեսարաններ, շատերին ֆիլմը համարձակ կարող է թվալ, բայց ֆիլմը հենց համարձակ մարդկանց համար է, ովքեր ցանկանում են լսել իրական խոսք, տեսնել իրական կերպարները, շփվել իրական խնդիրների հետ։ Եթե անդրադառնում ես նման թեմայի, այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի»։



 



Ֆիլմի հիմնական ասելիքը.



 



«Ես ուզում եմ անկեղծ լինել ու բոլորին նախազգուշացնել, որ այս տեսակ հայական ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Ֆիլմի էական թեմաներից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների հետ։ Պատահական չէ, որ Գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմն ըստ էության՝ 6 ընկերների մասին է, ովքեր բանական մարդ լինելով մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին։ Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես՝ հանդիսատեսն էլ է մասնակցում խնջույքին»։



 



 



 



Ինչու Ռոմանտիկներ



 



«Ռոմանտինկներ, որովհետև նրանց երազանքները ռոմանտիկ են, նրանք մեխսագործներ են, սակայն, ինչպես անմեղ երեխան՝ անգիտակցորեն են հանցանք գործում։ Իրականում սա «Տականքներ» բառի հականիշ է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»։ Այս արտահայտությունը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում. նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են։



 



Սուր տեսարաններ



 



Ֆիլմում որպես այդպիսին «բաց» կամ «էրոտիկ» տեսարան չկա։ Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների հանդեպ։ Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։  «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» Ազգային Կինոյի մրցանակբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային Ֆիլմ», «Լավագույն Ռեժիսոր», «Լավագույն Սցենար», «Լավագույն Օպերատոր», «Լավագույն Նկարիչ» և «Լավագույն Դերասան»։



 



ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։ Համաշհարհային պրեմիերան տեղի է ունեցել «Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում» (Շվեդիա) 2014թ. հունվարին։