Քեսաբի խնդրով քննարկում Հոլանդիայի խորհրդարանում

Քեսաբի խնդրով քննարկում Հոլանդիայի խորհրդարանում

Ապրիլի 24-ին Հոլանդիայի խորհրդարանում ներկայացվել է առաջարկ, որով կառավարությանը կոչ է արվել հանդես գալ Սիրիայի պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցով միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու օգտին:



 



Առաջարկի նախաբանում նշված են այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք շրջանառության մեջ են և վկայում են Սիրիայի պատերազմում Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի հնարավոր ներգրավվածության մասին:



 



Առաջարկը ներկայացրել է պատգամավոր Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), պատգամավորներ Ջոել Ֆորդեվինդի (Քրիստոնեական միություն – CU) և Պիտեր Օմտզիգտի (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) հետ միասին:



 



Վան Բոմելը նախ անդրադարձել է այն փաստին, որ ուղիղ 99 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Նա կարևորել է այս անդրադարձը, քանի որ նույնիսկ այժմ էլ հարձակում է կատարվում մարդկանց վրա, որոնք պատկանում են որոշակի կրոնական և ազգային խմբի, ինչպես Քեսաբում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում:



 



Վան Բոմելը հայտարարել է, որ առաջարկը խոսում է «ուղղակի կամ անուղղակի» ներգրավվածության մասին, քանի որ կա լուրերի հոսք, որը ցույց է տալիս, որ իրոք թուրքական կառավարությունն առնվազն չի խոչնդոտել Թուրքիայից Քեսաբի վրա հարձակում կատարող խմբերի գործողությունները:



 



Իր պատասխանում Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը ասել է, որ հոլանդական կառավարության համար ապացույց չկա, որ Թուրքիան ներգրավված է ջիհադիստների կամ ջիհադիստական խմբերի գործողություններում: Բացի այդ նախարարն այն կարծիքին է, որ դա անպատեհ կլիներ Նիդեռլանդների և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններում: Այնպես որ, նա խորհուրդ չտվեց ընդունել առաջարկը:



 



Այս առաջարկին կողմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմությունը բացի (Դեմոկրատներ 66) D66-ից, որը իշխանական կուսակցությունների` (Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության համար) VVD-ի և (Աշխատանքի կուսակցություն) PvDA-ի հետ միասին դեմ է քվեարկել և հետևաբար առաջարկը չի ընդունվել: Ակնկալվում է, որ սրանով քննարկումը դեռ չի փակվել: