«Մուկ»-ը դուրս է մղվում գրականությունից

«Մուկ»-ը դուրս է մղվում գրականությունից

Շեքսպիրի «Համլետ» պիեսը կարող է Հայաստանում այլեւս չբեմադրվել կամ լավագույն դեպքում բեմադրվել խմբագրված: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը բարձր պաշտոններ է զբաղեցնում:



 



Օրերս բավական ուշագրավ դեպք է կատարվել Համազգային թատրոնում: Վիգեն Չալդրանյանը պատրաստվում է բեմադրել «Համլետը»: Պիեսը դրվագ ունի, որտեղ Համլետը խոսում է մոր՝ Գերտրուդի հետ, եւ հանկարծ պարզվում է, որ գաղտնի խոսակցությանը վարագույրի հետեւից թաքուն ունկնդրում է Պոլոնիոսը: Համլետը սուրը պատյանից հանում է, բացականչելով՝ «այստեղ մկներ կան», եւ սպանում Պոլոնիոսին: Վիգեն Չալդրանյանը հանկարծ գլխի է ընկնում ինչ-որ բան ու սառած նայում է Համլետի դերակատար Վարդան Մկրտչյանին, ով Համազգայինի տնօրենն է: «Վարդան, մոռացե՞լ ես, թե ով է մասնակցելու մեր ներկայացմանը»,- ասում է Վիգենը:



 



Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ հայտնի է իր թատերասիրությամբ եւ անգամ երեք թատերական փառատոնների հովանավոր է, օրինակ՝ «Արտավազդի», որպես պատվավոր հյուր մասնակցելու է այդ ներկայացմանը, եւ, բոլորիս հայտնի պատճառով, բնավ դուրեկան չի լինի «այստեղ մկներ կան» արտահայտությունը:



 



Վարդանն առաջարկում է «մկներ» բառը փոխարինել «ձկներ»-ով, մանավանդ որ ձուկն ավելի լուռ է, քան մուկը: Տարբերակը մերժվում է, քանի որ Հովիկ Աբրահամյանը, որպես թատերասեր, կարող է այդ տողերը հիշել, կամ էլ հանդիսատեսը կարդացած կլինի, եւ ավելի վատ վիճակում կհայտնվեն: Երկու դեպքում էլ իրավիճակը ծիծաղելի է:



 



Փորձերն այժմ շարունակվում են, բայց վտանգ կա, որ «Համլետը» կարող է չբեմադրվել:



 



Ի դեպ, Դրամատիկական թատրոնում «Համլետ» ներկայացումը պարբերաբար բեմադրվում էր, սակայն պարզվում է, որ արդեն որերորդ ամիսն է՝ խաղացանկում չկա: «Չար լեզուներն» ասում են, որ պատճառը նույն արտահայտությունն է:



 



Այսպիսով, «մուկ»-ը, թե պարզապես որպես բառ, թե որպես գրական հերոս, սպառնում է իսպառ դուրս գալ գրականությունից:



 



Չի բացառվում, որ մանուկներն այսուհետ «Պույ-պույ մկնիկը» կարդան որպես «Պույ-պույ ձկնիկ»: «Մկների ժողովի» մասին էլ չենք խոսում:



 



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ