Վեց տուֆակերտ քանդակ՝ Ստեփանակերտի պուրակներին

Վեց տուֆակերտ քանդակ՝ Ստեփանակերտի պուրակներին

Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 12 ուսանող կարմիր տուֆից 6 քանդակ է ստեղծել՝ որպես նվեր Ստեփանակերտին:



 



Քանդակներն արդեն տեղափոխվում են Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ և կդրվեն պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները կտևեն ևս 2-3 շաբաթ։



 



«Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում»,- ասել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։



 



«Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- նշել է քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։



 



Քանդակների ստեղծմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: