Հեռախոսը զվարճության առարկա չէ, այլ կապի միջոց

Հեռախոսը զվարճության առարկա չէ, այլ կապի միջոց

«Մենք բջջային հեռախոսների նոր կարգը չենք պարտադրում որեւէ մեկին, կմտնեն՝  կմտնեն, չէ՝ իրենց գործն է»,- ասում է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Բանն այն է, որ առցանց լրատվամիջոցներից մեկը՝ ilur.am-ը նյութ էր հրապարակել, որտեղ մեղադրել էր դպրոցի տնօրինությանը «աբսուրդային որոշում» կայացնելու եւ կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեջ։ Մեղադրանքը կապված է դպրոցում բջջային հեռախոսների օգտագործման մասին ընդունված նոր կարգի հետ, այն է՝ աշակերտները ճեմարանի տարածքում կարող են օգտվել բացառապես «Օրանժ» կապի ծառայությունից։



 



«Ծնողներն իրենք են ցանկացել մտնել ի սկզբանե ճեմարանի աշխատակիցների համար նախատեսված բջջային ցանց»։ Տնօրենը պատմում է, որ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ճեմարանի ամբողջ տարածքում բջջային հեռախոսների օգտագործումն արգելված է եղել. «Պատճառն այն էր, որ այդ հեռախոսային ապարատները նշանակային չէին օգտագործվում, աշակերտները բջջայինով անպարկեշտ լուսանկարներ էին նայում, անպարկեշտ հաղորդագրություններ ուղարկում միմյանց։ Դրա փոխարեն մենք թույլատրեցինք բոլոր մեր սաներին ճեմարանի 12 քաղաքային հեռախոսներից օգտվել ցանկացած ժամանակ, ցանկացած աշխատասենյակից»։



 



Թե ինչու հանկարծ պետք եղավ, որ երեխաներն էլ դպրոցի տարածքում բջջային հեռախոս ունենան, տնօրենը եւս մեկ անգամ նշեց, որ դա ծնողների կամքն է եղել. «Մենք կորպորատիվ փաթեթ էինք ստեղծում միայն աշխատակիցների համար։ Աշակերտների ծնողները, իմանալով այդ մասին, ոգեւորվեցին եւ իրենք առաջարկեցին այդ միտքը։ Ծնողները չէին հաշտվում հեռախոս չլինելու մտքի հետ, ասում էին, որ երեխաները դասերից հետո գնում են պարապմունքների, նրանց պետք են հեռախոսները»։



 



«Անանիա Շիրակացի» ճեմարանում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ այստեղ գալիս են միայն սովորելու ունակ եւ նման ցանկություն ունեցող երեխաներ, որոնք պարտավոր են պահպանել ճեմարանի կանոնները: Այդ կանոնների պահպանմանը հետեւում են նաեւ ծնողները: Եթե մյուս դպրոցներում, սկսած տարրական դասարաններից, հեռախոս ունենալը սովորական երեւույթ է, ապա ճեմարանում կարծում են, որ հեռախոսները միայն խանգարում են ուսումնական պրոցեսին՝ ոչ միայն «անպարկեշտ լուսանկարներ» նայելու առումով, այլեւ հուշարարության, sms-ներ ուղարկելու, Ֆեյսբուք կամ Օդնոկլասսնիկի կայքեր մտնելու: Սակայն քանի որ հեռախոսների բացակայությունը խանգարում է, որ երեխաների հետ մշտական կապ պահպանվի, իսկ նրանց մի մասը ճեմարան է գալիս հեռվից, ծնողներն անհանգստանում են, այդ իսկ պատճառով որոշել են հեռախոսներ ունենալու միջանկյալ տարբերակ գտնել, որ չխանգարի ուսումնական պրոցեսին, բայց նաեւ ծնողների հետ մշտական կապ լինի: Որոշել են աշակերտներին եւս մտցնել ճեմարանի աշխատողների համար նախատեսված կորպորատիվ փաթեթի մեջ՝ մի բացառությամբ, որ «Օրանժ»-ը նրանց զրկել է sms-ներ ուղարկելու, ինտերնետ մտնելու, լուսանկարելու հնարավորությունից: Նախագիծը թերեւս ձեռնտու է «Օրանժ»-ին, որը որոշել է ինքնարժեքով հեռախոսներ տրամադրել երեխաներին: Դրանք 7 հազար դրամանոց հեռախոսներ են, որոնք, փաստորեն, ծառայելու են միայն զանգելու եւ զանգեր ընդունելու համար: Ընդ որում, փաթեթում գտնվողները՝ եւ աշակերտները, եւ ուսուցիչները, եւ ծնողները միմյանց հետ խոսելու են անվճար: Աշոտ Ալիխանյանն ասում է, որ երեխաների զանգերի վարձը՝ 500 դրամի սահմաններում, վճարելու է ճեմարանը, քանի որ երբ թույլատրում են քաղաքային հեռախոսներից օգտվել, վարձավճարն ավելի մեծ է լինում, եւ այս պայմանագրից օգտվելու պարագայում ճեմարանը ֆինանսապես շահում է:



 



Այն հարցին՝ փաթեթ ստեղծելու առաջարկությունն իրե՞նց կողմից է եղել, թե՞ «Օրանժ տելեկոմ»-ի, Աշոտ Ալիխանյանը զայրացավ. «Դա է՞լ է կարեւոր։ Հիմա «Օրանժ»-ը չլիներ՝ այլ օպերատոր կլիներ։ Տարբերություն չկա։ Ուղղակի «Օրանժ»-ի պայմանները մեզ հարմար են»։ Չմոռանանք նշել նաեւ, որ դպրոցի տարածքում տեղադրվելու են տերմինալներ, եւ երեխաները հնարավորություն են ունենալու լիցքավորել իրենց հեռախոսները։



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ