Արարատյան դաշտի հողերը չորանում են. Սևանա լճի օգնությունն է պետք

Արարատյան դաշտի հողերը չորանում են. Սևանա լճի օգնությունն է պետք

Լսելով Արարատյան դաշտին Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու հնարավոր որոշման մասին, Սեւանի տարածաշրջանի ջրօգտագործողները ցիտել էին հայտնի ֆիլմի հերոսին. «Մենք շատ ունե՞նք, որ ուրիշին եք տալիս»:



Որ Արարատյան դաշտը ոռոգման ջրի խիստ պահանջ ունի, փաստում են հազարավոր հեկտարներով անմշակ մնացած հողերը: Որ գյուղատնտեսական մթերքների առյուծի բաժինն արտադրում են Արարատյան հարթավայրի գյուղացիները, չեն հերքում նաեւ իրենք՝ Սեւանի ավազանի բնակիչները: Բայց դե արի ու նրանց բացատրի, որ, չնայած իրենց աճեցրած կարտոֆիլն ու կաղամբն էլ անհրաժեշտ պարեն են տնտեսապես անկում ապրող երկրի սպառողական շուկայի համար, բայց հիմնական արտադրողն արարատյան գյուղացին է. եթե նա չարտադրի, քաղաքացին սոված կմնա: Իսկ հարթավայրի գյուղացին ոռոգման ջրի կարիք ունի, շատ ունի այդ կարիքը: Նա մեղավոր չէ, որ տարիներ շարունակ իր հողի ծարավը հագեցրած Քասախ ու Սեւջուր գետերը ցամաքել են, որ ձկնաբուծարաններն ընդերքն այնպես են քամել, որ խորքային հորերն ի զորու չեն սահմանված չափով ջուր արտամղել: Որ ներտնտեսային ցանցի մաշվածությունը թույլ չի տալիս եղած ջուրն էլ լիարժեք իրեն հասնի... Որ ստիպված են Սեւանից լրացուցիչ ջուր խնդրում:



 



«Եթե կառավարությունը մեկ-երկու ամիս հետո պետք է լրացուցիչ ջուր տալու որոշում կայացնի՝ շատ ուշ կլինի: Էլ ո՞ւմ է պետք այդ ջուրը, եթե այգին չորացած լինի, սածիլը՝ սածիլ էլ մնացած: Մարդիկ, Սեւանի հույսով, հատը 10 դրամով սածիլ են առնում: Պատկերացնո՞ւմ եք՝ ջուրը բաց չթողնեն: Ամենը կչորանա: Նորից հերթական հիասթափությունը կապրենք: Նրանք, որ Ռուսաստանից ձմռանը եկել են էլ չգնալու խոստումով, նորից գաղթի ճամփան կբռնեն»,- ջուր չլինելու դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացումը նկարագրեց գյուղատնտես Արամ Հարությունյանը:



 



Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելուն դեմ են նաեւ բնապահպանները, որոնց կարծիքով, Արարատյան դաշտի սակավաջրությունը կանխելու ծրագիրը կարող է հարվածի տակ դնել Գեղամա գեղեցկուհու մակարդակը: «Մի ժամանակ էլ, երբ Եղվարդի ջրամբարն էին ուզում կառուցել, որը լուծելու էր Արարատյան դաշտի ոռոգման ջրի խնդիրը, հայտնվեցին մի քանի «հայրենասերներ» եւ տարբեր լրատվամիջոցներով հայտարարեցին, թե մեզ ջրամբար պետք չէ: Հիմա նրանք Ամերիկայում վայելում են կյանքը, մենք ընկած փող ենք ման գալիս, որ Եղվարդի ջրամբարը կառուցենք»,- ի հակադրություն բնապահպանական աղմուկի, ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:



 



Նկատենք, որ եղած ջրամբարներն էլ գրեթե կիսադատարկ են: Ադիբեկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ դրանք ծանրաբեռնված են իրենց հնարավորությունների շուրջ 25 տոկոսով: Հենց դա է պատճառը, որ լրացուցիչ եւս 320 մլն խմ ջուր են ուզում Սեւանից: Ու թեեւ ապրիլի 24-ից Սեւանը, որպես այլընտրանքային տարբերակ, արդեն օգնության է հասել Արարատյան դաշտին, բայց դա ամենամյա թույլատրելի ջուրն է, որի թողունակությունը չի գերազանցում 170 մլն խմ-ն: Իսկ Արարատյան դաշտի գյուղացին ցանքսն արել՝ սպասում է ջրին:



 



Սերոբ  ՄԱՐՈՒԹՅԱՆ