Միկոյանը՝ ընդդեմ Տերյանի

Միկոյանը՝ ընդդեմ Տերյանի

Միկոյանն է հուշել բոլշևիկներին՝  հրաժարվել ցեղասպանության հատուցման պահանջից։



 



Այդ մասին է վկայում Անաստաս Միկոյանի ձեռքով 1919 թվականի դեկտեմբերին  գրված փաստաթղթի բնագիրը, որը պահվում է Սոցիալ-քաղաքական պատմության  ռուսաստանյան  պետական արխիվում  (ՀթԸհկԼ):  Առաջին անգամ այն հրապարակվել է միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Յուրի Բարսեղովի գրքում եւ վերատպվել  Lragir.am կայքում  (http://www.lragir.am/index/arm/0/society/view/98876):  Այդ փաստաթղթի հիման վրա բոլշեւիկյան առաջնորդները հրաժարվեցին Հայկական հարցի հանդեպ Վահան Տերյանի կողմից առաջարկված եւ մինչ այդ ունեցած հայանպաստ պաշտոնական իրենց դիրքորոշումից  եւ որդեգրեցին Միկոյանի  թուրքամետ  առաջարկը: «Անաստվածը», ինչպես ժողովուրդն էր անվանում նրան, առաջարկում էր համաձայնել Հայոց  ցեղասպանության  արդյունքում  ստեղծված իրավիճակի հետ եւ հրաժարվել հատուցման պահանջից: Ավելին, Միկոյանի կարծիքով, Հայկական հարցն  այլեւս գոյություն չունի, քանի որ  Հայոց  ցեղասպանության  արդյունքում  «այսպես կոչված  Թուրքահայաստանում ապրում են գրեթե միայն մահմեդականներ»:  Ըստ Միկոյանի, բոլշեւիկները չեն կարող համաձայնել «հայ շովինիստների»  հետ, այլապես «ինքնավարության իրավունք կտրվի մեռածներին»:  Միկոյանի կարծիքով, քանի որ հայերը  կուտակվել են Կովկասում եւ այլեւս չեն բնակվում Թուրքահայաստանում,  նրանք, փաստորեն, վերածվել են կովկասյան  ազգի: Հետեւաբար,  նրանց հարցը դադարել է եվրոպական, միջազգային հարց լինելուց՝ վերածվելով  ռուսաստանյան  հարցի,  ինչպիսիք են վրացականը, ադրբեջանականը եւ այլն: 



 



Պետք է նշել, որ Միկոյանի «թեթեւ ձեռքով»  Կրեմլը մինչ օրս այդպես էլ կարծում  է:



 



Տերյանը դեռ չէր մահացել, երբ Միկոյանը ոչնչացրեց նրա կյանքի գործը



Վահան Տերյանն իր հեղինակած «Թուրքահայաստանի մասին զեկուցագրում»  եւ «Թուրքահայաստանի մասին  դեկրետի»  նախագծում առաջարկել էր «վճռականորեն պաշտպանել թուրքահայերի ազգային լիակատար ինքնորոշման ձգտումը», հայրենիք վերադարձնել  բոլոր բռնի արտաքսվածներին եւ հայտարարել, որ «ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով Հայաստանի գրավված մասից»:  Այսինքն, ըստ Տերյանի,  Հայոց մեծ եղեռնի հետեւանքով փախստական դարձած անձինք պետք է վերադառնային հայրենիք, եւ այնտեղ պետք է կազմավորվեր  Թուրքահայաստանը:



 



1917 թվականի դեկտեմբերին դեկրետը ստորագրվել էր Լենինի կողմից, սակայն Ստալինի պահանջով դրանից հանվել էր Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթներում առժամանակ որոշ քանակությամբ ռուսական զորքեր թողնելու անհրաժեշտության մասին կետը: Այդ հարցով Տերյանը բուռն վեճ է ունեցել իր փաստացի անմիջական ղեկավար, Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինի հետ:



«Ժողովուրդների հայրը», իհարկե, չէր կարող հանդուրժել այնպիսի հայրենասեր, սկզբունքային  ու անկոտրում  տեղակալի,  ինչպիսին Վահան Տերյանն էր՝  Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարը: Նա օգտվել է Գուրգեն Հայկունու կողմից  Հայաստանից  դուրս ստեղծված եւ ղեկավարվող  հայ «վայ» կոմունիստների՝  «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության կենտկոմի անդամների ծառայությունից: Վերջինները  Վահան Տերյանի եւ նրա կողմնակիցների դեմ սանձազերծել էին հալածանքների, խարդավանքների, ամբաստանությունների արշավ: Տերյանին անվանել են ազգայնական, մեղադրել  (ի դեպ՝ արդարացի), թե  նա օգնել, պաշտպանել եւ փրկել է «հակահեղափոխականներին», Կոմիսարիատին տրամադրված գումարները Հյուսիսային Կովկասում  ծախսել է բացառապես  հայ փախստականներին օգնելու համար՝ մերժելով տեղի կոմունիստներին գումար տալ: Այս ամենի արդյունքում Վահան Տերյանին հեռացրել են պաշտոնից  եւ սկսել մտածել, թե ինչպես կարող են ազատվել նրանից: Վահան Տերյանի՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունից  դուրս գալու մասին դիմումից պարզվում է, որ 1919 թվականի մայիսին Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է կայացրել աշխատանքից հեռացված, տուբերկուլյոզով հիվանդ Տերյանին ուղարկել ռազմաճակատ: Հետո, երբ բացահայտվել է այդ որոշման անհեթեթությունը, Գուրգեն Հայկունու առաջարկով կայացվել  է Տերյանին Ղրիմ ուղարկելու մասին որոշում:  Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձեւը՝  նրան «գործուղել են Պարսկաստան եւ Թուրքիա՝ Թուրքեստանով»: «Ժողովուրդների հայրը», ըստ երեւույթին, հաշվարկել էր, որ պոետին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ, փակ էր՝ քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:



 



Այդպես էլ եղավ. 1920 թվականի հունվարի 7-ին Վահան Տերյանը վախճանվեց ճանապարհին՝ ձյունածածկ Օրենբուրգում: Բայց պոետը դեռ չէր հասցրել մահանալ, երբ 1919 թվականի դեկտեմբերին Անաստաս Միկոյանը սպանեց Տերյանի կյանքի գործը: Այդ օրերին Լենինին հասցեագրված  «Կովկասյան հարցի շուրջ» իր զեկույցի թեզիսներում նա գրում է. «Մեծագույն սխալ էր Թուրքահայաստանի  ինքնուրույնության  մասին Սովետական  Ռուսաստանի  դեկրետը  (1917 թ.)… Պետք է  ընդունել, որ… Թուրքահայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցագործ եւ ռեակցիոն ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը…»: 



 



Միկոյանը սպանեց այն, ինչի ակնկալիքով Վահան Տերյանն անդամակցել էր բոլշեւիկյան կուսակցությանը՝ իր հայացքներով չլինելով կոմունիստ: Այն, ինչի իրականացման համար Տերյանը մերժել էր դաշնակցական ականավոր գործիչ,  բժիշկ Հակոբ Զավրիեւի առաջարկը՝  հեռանալ սոված ու ցուրտ Մոսկվայից եւ բուժվել Եվրոպայում: Մերժել էր, որպեսզի շարունակի պայքարել Հայկական հարցի արդար լուծման համար: Բայց անհավասար պայքարում Տերյանը պարտություն կրեց...



 



Վերացնելով Վահան Տերյանի նման հայրենասեր, ազնիվ եւ սկզբունքային կոմունիստներին, Ստալինին հաջողվեց Հայկական հարցը լուծել ըստ իր հայեցողության...



Եվ այդ հարցում, ինչպես պարզվում է, նրան օգնել է Անաստաս Միկոյանը:   



 



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ