Ներսիկ Իսպիրյանը տոնը տոն դարձրեց

Ներսիկ Իսպիրյանը տոնը տոն դարձրեց

Հանրապետության օրը մեծ տոն է: Հանրապետության հրապարակում Ներսիկ Իսպիրյանի հայրենասիրական, ոգեշնչող երգերով՝ անչափ հուզիչ ու տրամադրող երեկո էր: Նույնիսկ արտասահմանցիներն էին պարում եւ ըմբոշխնում օրվա խորհուրդը: Ես հիացած էի մեր ջահելներով՝ շուրջպար բռնած տղաներով ու աղջիկներով: Այնքան ուժ, գեղեցկություն, հմայք ու հայրենասիրություն կար այդ խրոխտ ու քաջ պարերի մեջ: Ներսիկ Իսպիրյանը մեծ տոն պարգեւեց մեր ժողովրդին: Նա, իհարկե, շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարարին, Երեւանի քաղաքապետին՝ միջոցառումը կազմակերպելու համար, հետո խնդրում էր բուռն ծափահարություններով ողջունել նրանց, սակայն ոչ մի ծափ չհնչեց այս կապակցությամբ: Եվս մի հարց. նախորդ միջոցառմանը մի հայտնի երգչուհի պատկառելի գումար էր ստացել հրապարակում երգելու համար: Կարծում եմ՝ այդ արծաթասեր, նյութապաշտ շոու-բիզնեսի օլիգարխն այնքան հայրենասիրություն, համախմբվածություն, հրճվանք չպատճառեց ժողովրդին, որքան Ներսիկ Իսպիրյան երգիչը:



 



Ես մեծ ցավով ու հուզմունքով, սիրով նայում էի մեր նոր հրաշք երիտասարդությանը: Երիտասարդներ, որոնք աշխատանք չունեն, արժանապատիվ ապրելու հնարավորություն չունեն: Այդ հրապարակում պետք է մեր հանցավոր իշխանավորները լինեին, որ տեսնեին, թե որքան արժանի է այս ազգն իր երկրի տերը լինելուն: Նայում ու մտածում էի, թե այս պարող, ծափահարող, հրճվող տղաներից որքանն է պատրաստվում հեռանալ երկրից: Եվ մինչ ողջ երկիրը տոնում էր ու ցնծում, կար մի ընտանիք, մի օջախ, որտեղ սգում էին 19-ամյա զինվորի մահը: Մահ, որ վրա է հասել սահմանը պաշտպանելուց: Չեմ հասկանում՝ մինչեւ ե՞րբ պետք է մեր սահմանները պաշտպանեն 19-ամյա պատանիները, իսկ ինչո՞վ են զբաղված փորձառու զինվորականները, թե՞ նրանց գործը հարբեցողությունն է, պայմանագրային զինծառայողներից փողեր կորզելն ու հրապարակներում զորահանդեսների մասնակցելը: Իսկ նախարար Սեյրան Օհանյանն անտարբեր, առանց ցավի ու ափսոսանքի ցավակցության հերթապահ բառերն է ասում զոհվածի ընտանիքին: Շաբլոն մի տող ու ընդամենը վազող մի տող հեռուստատեսությամբ: Ինչքա՞ն պետք է շարունակվեն այս անտարբերությունն ու անհոգությունը:



 



Եվ շնորհակալություն Ներսիկ Իսպիրյանին, որը պետության գործն էլ է իր ուսերին վերցրել՝ ոգեշնչելով ու դաստիարակելով երիտասարդությանը եւ նրա մեջ հույս, հայրենասիրություն եւ հայրենիքը պաշտպանելու ձգտում արթնացրել: Մեր ապագան նրանք են: Նրանք կարող են 2018 թվականը մոտեցնել մեզ:



 



Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ