Փոքրիկը մահացել է հիվանդանոցում

Փոքրիկը մահացել է հիվանդանոցում

Հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի տեղեկություններով՝ հունիսի մեկին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 2010թ-ին ծնված աղջիկ երեխա՝ ջրծաղիկ ախտորոշմամբ, որտեղ սակայն փոքրիկը մեկ օր անց մահացել է:



 



Այս տեղեկությունը հաստատել է նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը՝ հրաժարվելով սակայն տեղի ունեցածի հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ: Ինֆեկցիոն հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Էվինյանի խոսքով 4-ամյա փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 20:00-ին: «Վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր»,-ասել է նա, հրաժարվելով կատարվածի մասին այլ մանրամասներ հայտնել:



 



Lorinews.am-ի տեղեկություններով փոքրիկը մինչ հիվանդանոց տեղափոխվելը ջերմություն է ունեցել, շտապօգնություն են կանչել, բրիգադը ներարկում է արել, այնուհետ ծնողներն իրենց իսկ ապահովության համար երեխային տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի նա լինի բժիշկների հսկողության տակ:



 



Կատարվածի մասին Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:



 



Փոքրիկը ընտանիքի միակ երեխան էր, որին ծնողները երկար տարիներ էին սպասել: