ԺԱՆՏԱԽՏՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

ԺԱՆՏԱԽՏՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Ժան Ժիոնոյի «Հուսարը՝ տանիքի վրա» վեպը



 



Ժանտախտը, որ մահվանից գրեթե միշտ մի քանի քայլ ետ է ընկած, կարճ ժամանակով մարմնի համար դառնում է տառապանքի կենսագրություն: Մարդկային ճակատագրի հետ ուղղակիորեն առնչված այս մի քանի քայլ ետ ընկածի պատմական անատոմիան գրականության մեջ պարզվել է յուրօրինակ արտացոլումներով: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր հարցազրույցներում մի քանի անգամ հիշատակում է Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը» վեպը, որն առաջին հայացքից ականատես լրագրողի ռեպորտաժ է թվում, սոսկալի աղետի բացառիկ վկայություն, բայց այնուամենայնիվ վեպ է, քանզի (ականատես լրագրողի ռեպորտաժը) վիպապատումի անխախտ եղանակն է, ընտրված ձեւը: «Սերը ժանտախտի ժամանակ» վեպով Մարկեսը կարծես շարունակում է երկխոսությունն իր սիրելի վեպերից մեկի հետ՝ ընտրելով պատմությունը ձեւակերպելու այլ ծիսակարգ: Ալբեր Կամյուն «Ժանտախտը» վեպի բնաբանը վերցնում է Դեֆոյից. «Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաեւ իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով»:



 



20-րդ դարի ֆրանսիական արձակի ամենահետաքրքիր դեմքերից մեկը՝ Ժան Ժիոնոն, «Հուսարը՝ տանիքի վրա» ծավալուն վեպով (Երեւան, «Անտարես» հրատարակչություն, 2013թ., թարգմանիչ՝ Լիլիթ Գասպարյան) շարունակում է, արդեն կարելի է ասել՝ ժանտախտագրության ժանրում սեփական որոնումները եւ արձանագրում այնպիսի առաձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իր հերոսներին:



 



1830-ական թվականներին, Նապոլեոնի անկումից հետո, Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող, ազգությամբ իտալացի, հուսարական գնդի գնդապետ 25-ամյա Անժելո Պարդին փախչում է հետապնդումներից Ֆրանսիայում բռնկված ժանտախտի ժամանակ: 50-ականներին ֆրանսիական արձակի մեջ այլեւս պատմություն էին դարձել սյուրռեալիստների՝ Բրետոնի, Կրեւելի, Արագոնի եւ մյուսների փորձարարական գործերը, եւ սկզբնավորվում էր «նոր վեպը»: Ժիոնոն ընտրում է այլ ճանապարհ, վերցնում է ստենդալյան պատումի կերպը: Ահա՝ փոխըմբռնելի, հստակ, դանդաղահոս արձակ, որտեղ եռանդը, վեհանձնությունն ու պատվախնդրությունը գլխավոր հերոսի ամենաէական բաղադրություններն են: Անժելո Պարդին նմանօրինակ հերոս է: «Մարդիկ իրոք դժբախտ արարծներ են,- մտածում էր Անժելոն:- Ամենահիանալին կատարվում է առանց նրանց: Նրանք հորինում են խոլերան ու լոզունգները: Կատաղում նախանձից կամ տանջվում ձանձրույթից, ինչը նույնն է, թե մարդն ի վիճակի չէ գործելու: Սակայն գործելու դեպքում հաղթանակում են կեղծավորությունն ու խելագարությունը»: «Մի՞թե իրավացի չեմ,- շարունակում էր խորհել Անժելոն,- երբ ինձ ավելի վեհանձն եմ զգում մենակ գործելիս»:



 



Ժիոնոյի վեպն ասես երկու գերագույն, այդպես էլ չլուծված խնդիրների՝ կյանքի ու մահվան  ընդդիմադարձությունը լինի: Բնության սքանչելի նկարագրություններին հանկարծ փոխարինելու են գալիս սեւ ցավի ժանտախտի տանջահար ավերածությունները: Եվ ուժգնությամբ ու հմայքով նրանք տեղ-տեղ նույնանում են: Ժանտախտված գեղեցկության միջով Ժիոնոյի խիզախ հերոսը՝ Անժելոն, առանց երկմտելու օգնության է նետվում, փորձում է փրկել դատապարտվածին, կյանքի կոչել մահով առլեցուն մարմինը, որից ակնթարթում կարող է վարակվել, զոհվել՝ կորցնելով ներսում վառվող դիոնիսյան կորովը: Մյուսների ժանտախտային վախի թիրախը դառնալով ու հետապնդվելով (այդ վախը, որ վեպում հաղթանակում է հիվանդությանն ու ստրկության մեջ պահում մարդկային միտքը), հուսարը բարձրանում է տանիք՝ շունչ առնելու ու մենախոսելու. «Ես այս տանիքների գերին եմ,- ինքն իրեն ասաց նա:- Հիմա գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում, եթե փողոց իջնեմ»:



 



Խառնվածքով հախուռն, երբեմն անխոհեմ թվացող Անժելոն հավատում է, գիտակցում է իր համոզմունքի ճշմարտացիությունը՝ ինչպես որ կա, բայցեւ մերժում է կյանքին անհարմար արհեստականորեն պարտադրված խելամտությունը, որն անվերջ կրկնում է. «Մի՛ դիպչիր ժանտահարված մարմնին՝ դու կմեռնես»: Եվ Անժելոն պիտի իջնի տանիքից, շարունակի պայքարը, սիրի եւ տարվի իր մերթ մանկական երեւակայությամբ, մերթ այլատեսակ խոհերով:



 



Մահը մերժող գրականությունը, ուզած թե չուզած, վերապրում է մահվան բոլոր փուլերը, ճանաչում է նրան, հասկանում, ապա բաց է թողնում, բայց երբեք, ոչ մի պարագայում չշրջանցելով, չարհամարհելով նրա սահմանները: Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպի վերջին տողերն են. «Ժանտախտի բացիլը երբեք չի մահանում, ոչ էլ անհետանում է, այն կարող է տասնյակ տարիներ քնել կահույքի կամ սպիտակեղենի մեջ, համբերությամբ կարող է սպասել սենյակներում, գետնափոր շտեմարաններում, սնդուկներում, թաշկինակներում եւ թղթապանակներում, եւ երբ օրը գա մարդկանց դժբախտություն բերելու կամ դաստիարակելու համար, ժանտախտը կարթնացնի իր առնետներին եւ նրանց կուղարկի մահանալու որեւէ երջանիկ քաղաքի մեջ»։



 



 Բայց ժանտախտը - մահը, որ ինքնամոռացվելու հատկություն ունի, ստիպված է ընդունել Ժիոնոյի վեպի հերոսի՝ Անժելոյի մարտահրավերը, որ նետված է կյանքի կողմից:



 



Արամ ՊԱՉՅԱՆ