Հայաստան ասելիս աչքերս լցվում են…

Հայաստան ասելիս աչքերս լցվում են…

Երեկ մի կարևոր բանում համոզվեցի: Որ Հայաստան երկիրը թանկ է բոլորիս համար, որ ունենք հարազատ մայր, որի անունը տալուց բոլորիս սիրտը թրթռում, ոտքերը դողում են: Որ մենք սիրում ենք մեր երկիրը, նրա անցյալը, ներկան ու ապագան: Ու ավելի քան համոզվեցի, որ մենք անպարտելի ենք: Այդ առումով, անկախ թե Հայաստանի ներկայացուցիչները կհաղթեն Նոր ալիք- ում, թե ոչ, ես հաղթությունը տալիս եմ մեր երկրին՝ իբրև գոյատևման հավերժական խորհրդանիշ: Սոնան ու Մհերը այդ սերը ներկայացրին, այդ կարոտը՝ ոչ թե բառերով, այլ զգայականով, որը հնարավոր չէ վերծանել բառերով: Ու երեկ, երբ Սոնա ու Մհերը Հայաստան էին երգում, երևի բոլոր լսողներն էլ Սահյանի նկարագրած հոգեվիճակում էին: Ե՛վ երգողները, և՛ լսողները.
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Մի տեսակ մեծացանք, թևեր առանք ու սկսեցինք ճախրել.
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:



ՀԳ Հետո հարցնում եք՝ ու՞մ շուրջ համախմբվենք, ինչ գաղափարի շուրջ: Միայն Հայաստանի:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ