Երևանում Իրանի դեսպանն ու Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը դատապարտել են Իսրայելի գործողությունները Պաղեստինում

Երևանում Իրանի դեսպանն ու Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը դատապարտել են Իսրայելի գործողությունները Պաղեստինում

Այսօր Երևանի Կապույտ մզկիթում կայացել է «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» խորագրով համաժողով՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ:



Միջոցառման ընթացքում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում պաշտպանելու Պաղեստինի նպատակները և արտահայտելու ատելություն սիոնիստական վարչակարգի օկուպացիայի և համաշխարհային կեղեքիչների այդ անմարդկային քայլերի նկատմամբ:



Ըստ նրա՝ այս օրերին Պաղեստինի անմեղ կանանց ու երեխաների դաժան սպանությունը հաստատում է այն վարչակարգի դաժան բնույթը, որը ոչ մի ջանք չի խնայում իր նպատակներին հասնելու համար, և նրանց նպատակն է տարանջատել իսլամական երկրներն ու հարվածել դիմադրությանը:



«Իսրայելի հանցագործությունները Գազայում և պաղեստինցի անմեղ կանանց, տղամարդկանց ու երեխաների դաժան սպանությունները և ՄԱԿ ԱԽ-ի լուռ և անպատասխանատու պահվածքը սիոնիստական վարչակարգի հանցագործությունների հանդեպ ցավալի է: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Իսրայելը, ոտնահարելով մարդկայնության սկզբունքները և խախտելով միջազգային ու մարդու իրավունքները, օգտագործելով ամենաժամանակակից սպառազինություններ, Գազայի հատվածի անմեղ բնակիչներին իր հարձակումների թիրախն է դարձրել։ Սա 600 քաղաքացիների սպանության և ավելի քան 4 հազար պաղեստինցիների վիրավորվելու պատճառ է դարձել:



Այս հումանիտար աղետը տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ բավարարվածությամբ համակցված լուռ և անպատասխանատու պահվածքի և մարդու իրավունքների պաշտպանների կողմից Գազայի քաղաքացիների սպանությունները բացահայտ հովանավորելու ներքո: Գազայի բնակչությունն այսօր կանգնած է անբավարար բուժօգնության ու դեղամիջոցների մեծածավալ ճգնաժամի առջև, և խոչընդոտներ են հարուցվում այդ ուղղությամբ օգնություն ուղարկելուն։ Այս իրավիճակի շարունակվելը հումանիտար դաժան աղետի պատճառ է դարձել:



Ցավոք, այն քայլերը, որոնք ձեռնարկվել են հօգուտ Գազայի, այդ տարածաշրջանում աղետի մակարդակին չեն համապատասխանում, և անհրաժեշտ է, որ դադարեցվեն հարձակումները, վերացվի Գազայի շրջափակումն ու սնունդ և դեղամիջոցներ ուղարկվեն»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Իսրայելը, օգտվելով Մերձավոր Արևելքում զարգացումներից, փորձում է արաբական ու իսլամական երկրների ուշադրությունը կենտրոնացնել իր վրա և հետին պլան մղելով Պաղեստինի խնդիրները, շիաների ու սունների միջև առաջացնել խնդիրներ, որպեսզի այս ճանապարհով իրագործի իր խարդախ նպատակները:



Իսրայելի գործողությունները Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ դատապարտեց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, որը Պաղեստինում տեղի ունեցող ոճրագործությունները նմանեցրեց Հայոց ցեղասպանությանը և մեկուկես միլիոն հայերի տեղահանությանն ու կոտորածին: Ըստ նրա՝ հայերն ու պաղեստինցիները պատմականորեն նույն ճակատագիրն են ունեցել: Եզրափակելով՝ սրբազանը խաղաղություն մաղթեց: Միջոցառումն ուղեկցվեց Պաղեստինից ու մասնավորապես Գազայից դաժանագույն տեսանյութերով:



Մանրամասները՝ «Առաջին լրատվականի» տեսանյութում: