Սիրիայում իրավիճակը դարձյալ լարվում է

Սիրիայում իրավիճակը դարձյալ լարվում է

Դամասկոսի մի քանի թաղամասերում արկեր են պայթել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ ռմբակոծության արդյունքում քաղաքի տարբեր թաղամասերում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ:



Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել Դամասկոսի մերձակա Այն Թուրմա գյուղում՝ հարձակում է իրականացնելով նրանց հավաքատեղիների վրա: Սպանվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:

«Ալ Ջազիրա»-ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ կառավարական օդային ուժերը ռմբակոծել են Կունեյտրայի շրջանի Թել ալ Մալ բնակավայրը, ինչպես նաև՝ բախումներ են եղել Նոր Կունեյտրա և Համիդիե բնակավայրերի մերձակայքում: Աղբյուրի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմաբոկծել են Գոլանի բարձունքների սահմանագիծը:



Անհանգիստ է նաև Հալեպում: Հրդեհող ռումբեր են պայթել քաղաքի Սալիհին, Բաբ Նեյրաբ և Մաադի թաղամասերում:

Նախօրեին 50 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել է ալ Բաբ քաղաքի ռմբակոծության հետևանքով:



Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել 190 հազարից ավելի մարդ: