Հայկական անիմացիան ապագա ունի կամ 18+ մուլտֆիլմեր՝ միայն մեծահասակների համար

Հայկական անիմացիան ապագա ունի կամ 18+ մուլտֆիլմեր՝ միայն մեծահասակների համար

«Մոսկվա» կինոթատրոնի շենքն այս օրերին զարդարում է գունավոր մի մեծ պաստառ՝ «ՌեԱնիմանիա. Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» գրությամբ: Մինչեւ հոկտեմբերի 31-ը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա կինոթատրոնում, արվեստի միությունների դահլիճներում եւ սրճարաններում դիտելու լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների ստեղծագործողների կողմից: Անիմացիոն ֆիլմեր ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար:
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սրահը հյուրընկալել էր «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունուն, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ֆաբիան Ներային, կինոռեժիսոր Մարկ Բորեալին եւ կինոերաժշտությունների կոմպոզիտոր Սերժ Բեսեին:
«Ֆրանսիայի դեսպանատունը հաճույքով է աջակցում այս փառատոնին: Նախեւառաջ մենք ուզում ենք, որ անիմացիոն ֆիլմեր նկարահանողների եւ աշխատողների վերապատրաստման գործընթաց իրականացվի՝ կապված Ֆրանսիայի լավագույն բարձրակարգ մասնագետների հետ: Բացի այդ, ցանկանում ենք հայկական հեռուստատեսություններին առաջարկել անիմացիոն մուլտֆիլմերի սերիալներ, իհարկե, դա կոմերցիոն առաջարկ է»,- ասաց Ֆրանսիայի դեսպանատան լեզվի եւ հումանիտար հարցերով կցորդ Ֆաբիան Ներան:



Կինոփառատոնը չորս անվանակարգ է ընդգրկելու՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» եւ «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ»: Ժյուրիի անդամ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Սերժ Բեսեն ասաց, որ Հայաստանում ինքն իրեն զգում է, ինչպես տանը. «Իմ շրջանում շատ մեծ հայկական սփյուռք կա: Ես նրանց հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ եւ շատերի հետ ընկերություն եմ անում: Այդ պատճառով Հայաստանն ինձ համար շատ հարազատ երկիր է: Եթե գաք ֆիլմերի ներկայացմանը, ես ամեն ֆիլմից առաջ փոքրիկ ներկայացում եմ անելու, բացատրություն եմ տալու, եթե հարցեր կլինեն, այդ ժամանակ կարող եք հարցեր տալ»: Պարզվեց՝ ժյուրիի մյուս անդամն էլ Հայաստանի հետ սերտ «հարաբերություններ» ունի, կապն էլ ապահովում է՝ հայկական արմատներով կինը: «Նախեւառաջ, ես գիտեմ, թե ինչպիսի մեծ ամբիցիաներ ունի հայկական անիմացիան, ինչպիսի տարիների փորձ եւ այլն: Բայց ամենից շատ ինձ դուր են գալիս ժամանակակից երիտասարդների կորովը եւ նրանց հետաքրքրվածությունը: Այն, ինչ որ տեսնում եմ ես այդ ինստիտուտներում, Թումոյում, կարծում եմ, որ հայկական անիմացիան իր լավագույն շարունակությունը կունենա մոտակա ժամանակներս»,- ասաց Մարկ Բորեալը:
Կրեատիվ անիմացիոն ֆիլմեր՝ խորիմաստ գաղափարներով, տարօրինակ կերպարներով եւ 16+, նույնիսկ 18+ սցենարներով… մանուկների համար նախատեսված գունավոր կերպարներն այս անգամ գրավելու են մեծահասակների ուշադրությունը:



«Անիմացիոն ֆիլմերը մեծահասակների համար այսբերգի վերին մասն են կազմում: Այսբերգի ներքեւի մասը կազմում են հեռուստատեսությունը, հեռուստատեսության համար նկարահանվող ֆիլմերը, որոնք հիմնականում ուղղված են մանկական հանդիսատեսին»,- եղավ Մարկ Բորեալի արձագանքը: