Հալեպի հերթական փորձությունը

Հալեպի հերթական փորձությունը

Օրվա մեջ համացանցում աչքի անցկացնելով սիրիական դեպքերի արձանագրությունները (հազարավոր տեսաձայնագրություններ, ավերված քաղաքների լուսանկարներ՝ լուսանկարներ մորթոտված խաղաղ բնակչության, բախտի քմահաճույքին տրված գաղթականներ, որոնք զրկվեցին իրենց տներից ու հայրենիքից, զրկվեցին վերադարձի համարյա բոլոր հույսերից)…



Անհավանականության եւ անորոշության զգացողություն է, երբ դեպքերից առաջ եւ դեպքերից հետո նայում ես Հալեպին ու մյուս բոլոր քաղաքներին: Եվ, ընդհանրապես, նաեւ անհավանական է թվում այսպիսի արագությամբ Մերձավոր Արեւելքի քայքայման պատմությունը:



Ոչ մի օր չպետք է մոռանալ, որ արյունահեղությունը շարունակվում է, որ Սիրիայում հայկական բնակավայրերը, Հալեպի հայկական թաղամասերը դեռեւս խիստ վտանգի մեջ են, 25 հազար հայ կրակի տակ: Եվ ամեն օր ինչ-որ կերպ պիտի մոբիլիզացնել ուժերը մեր հայրենակիցներին աջակցելու համար:



Սիրիական ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ թատերաբեմ դարձած Հալեպին առաջիկայում եւս մեծ փորձություն է սպասվում: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն այս շաբաթ հայտնել էր, որ ընդդիմության «ամրոց» Հալեպն այժմ ամբողջովին պաշարված է Սիրիայի բանակի կողմից, եւ քաղաքի անկումը կնվազեցնի սիրիական պատերազմին քաղաքական լուծումներ տալու հույսերը: Սի Էն Էն-ը հաղորդում է, որ Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի ձմեռ պապը չէ, իսկ Թուրքիայի հետ իրենք պատերազմական վիճակի մեջ են. «Ո՞վ է ասել, թե ԱՄՆ-ն մեր բարեկամն է: Այս պահին կարող ենք հասարակական շահեր ունենալ, բայց դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք: Ամերիկան Սիրիայի ձմեռ պապը չէ: Մինչեւ այս պահը այդ երկիրը եղել է սիրիական ժողովրդի թշնամին: Նրա մարտավարությունը եւ թիրախները չեն փոխվել, հետեւաբար, նա շարունակում է մեր թշնամին մնալ: Իսկ Թուրքիայի կեցվածքը նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մենք սկզբից էլ քննադատել ենք այն: Այս պահին էլ մենք պատերազմական վիճակի մեջ ենք, եւ սրա մասին բոլորը գիտեն»:



Սիրիայի հարցով ՄԱԿ-ի պատվիրակ Սթեֆան դը Միսթուրան նշել է, որ «Daash»-ը մոտենում է Հալեպին, որն էլ առիթ է միջազգային հանրույթի համար՝ կասեցնելու հակամարտությունը, քանզի բոլորն էլ համաձայն են, որ այսօր այս կազմակերպությունն իրենից մեծ վտանգ է ներկայացնում:



Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մտահոգված է բանակայինների առաջխաղացման առիթով: «Հալեպի զարգացումներին հետեւում ենք մտահոգությամբ: Թեեւ Հալեպը դեռեւս ընկնելու եզրին չէ, բայց մեծ ճնշման տակ է, եւ եթե քաղաքն ընկնի, տեղահանվածների մեծ քանակ կունենանք, լուրջ ճգնաժամ: Դա է պատճառը, որ մենք ապահով գոտի ենք ուզում»:



Եթե բանակայինները գրավեն Հալեպը, կամ, ի վերջո, լուծվի քաղաքին մոտեցող «Daash»-ի հարցը, առաջիկա մի քանի շաբաթների մեջ սիրիական պատերազմի հանգուցալուծումը կարող է վճռական փուլ մտնել: