Ձեռնալվայից անդին

Ձեռնալվայից անդին

Ռուսներն ասում են` «на воре шапка горит», հայերս` որ «գողն առաջինն է «բռնիր գողին» կանչում»: Արցախում ավելի տարածված է «մահակդ վերցնես` գող շունը կփախչի» խոսքը: Բայց դրանից իմաստն էականորեն չի փոխվում:



Հայկական ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանն անդրադարձել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը, ԵԱՀԿ գործող նախագահը, Եվրախորհրդարանը: Դրանք պաշտոնական արձագանքներ են: Դիվանագիտական նրբասացությունները մի կողմ թողած` բոլոր հայտարարություններում իշխում է այն միտքը, որ ԼՂ խնդիրը «ռազմական լուծում չունի»:



Միջադեպին, առ նոյեմբերի 13-ի հետմիջօրեի ժամը, չի անդրադարձել պաշտոնական Մոսկվան: Բայց ասել, թե ռուսաստանյան կողմը «չի նկատել» զորքերի շփման գծում աննախադեպ միջադեպը, միամտություն կլինի:



Haqqin.az-ը փոխանցել է «Կոմերսանտի» մեկնաբանությունը: Եվ ստացվել է, որ ռուսաստանյան լրատվամիջոցը վկայակոչել է... եվրոպական անանուն դիվանագետի, ում կարծիքով` «Ադրբեջանի զինվորականության եւ քաղաքական գործիչների շրջանում քիչ չեն կոշտ գծի կողմնակիցները, որ փորձում են նախագահ Իլհամ Ալիեւին մղել ուժային տարբերակի: Նրանք հույս ունեն, որ զինված ուժերի ամրապնդմանն ուղղված միլիարդավոր նավթադոլարները թույլ են տվել փոխելու ուժերի հարաբերակցությունը, եւ կարելի է 1990-ականների պարտության դիմաց ռեւանշի հասնել»:



Նույն «աղբյուրը», սակայն, հույս է հայտնել, որ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ դա կարող է բերել «Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմանը, եւ լարվածությունը թուլացնելու հնարավորություն կգտնի»: Լավ է, չէ՞: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւի շրջապատում «ճուռակները» պատերազմ են ցանկանում, իսկ նա (պետք է արժանին մատուցել Ադրբեջանի նախագահի պաշտոնը բռնազավթածի «հանդուրժողականությանը»), միեւնույն է, «լարվածությունը թուլացնելու հնարավորություն կգտնի»:



Սույն «եվրադիվանագետի» ասածին կարելի էր վստահել կամ ոչ, եթե գրեթե միաժամանակ հայկական մասս-մեդիան չտարածեր Ռուս-հայկական ընկերակցության փորձագետ Դենիս Դվորնիկովի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք մեծ հրդեհի շեմին ենք Հարավային Կովկասում: Ընդ որում՝ նոր պատերազմը միանգամայն այլ է լինելու: Ոչ ոք զերծ չի մնա, այդ թվում նաեւ ՌԴ հյուսիսկովկասյան շրջանները: Հումանիտար աղետ, երեք պետությունների ենթակառուցվածքների ոչնչացում, հավանաբար, նույնիսկ Վրաստանի (սահմանամերձ գոտիներում): Իսկ Իրանի ու Թուրքիայի հավանական ներքաշումը ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը կվերածվի մեծ մսաղացի: Այդ հրդեհը կգրավի շատ այլ «գործընկերների» եւս: Դա՞ է Բաքվի ընկերների ուզածը»:



Ասացեք, խնդրում եմ, տարբերություն տեսնո՞ւմ եք անանուն «եվրադիվանագետի» եւ Ռուս-հայկական ընկերակցության փորձագետի ասածների միջեւ: Հազիվ թե: Կամ «Կոմերսանտի» աղբյուրը նույն Դվորնիկովն է, կամ վերջինս քաղաքագիտության մեջ «գրագող» է: Կա նաեւ երրորդ, ամենահավանական տարբերակը` «Կոմերսանտը», վերջինիս «հեղինակավոր աղբյուրի» ասածը տիրաժավորող haqqin.az-ը եւ Ռուս-հայկական ընկերակցության փորձագետը հրահանգավորված են նույն կենտրոնից:



Քանի որ ասում են նույն բանը` «մենք մեծ հրդեհի շեմին ենք»: Այսինքն` «եթե խնդրի խաղաղ կարգավորում չլինի, Ադրբեջանը պատերազմ կսկսի»: Որովհետեւ «ճուռակներն» Իլհամ Ալիեւին կպարտադրեն «անցնել ուժային տարբերակի»:



«Մեծ խաղն» ունի իր չգրված կանոնները: Դրանցից մեկն էլ ապագա իրադարձությունների «տեղեկատվական մոդելավորումն է»: Ադրբեջանը վաղո՜ւց է այդ ուղղությամբ աշխատում: Արտառոցը (թե՞ տրամաբանականը) Դվորնիկովի «ձեռնալվան» է: Այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուս-հայկական ընկերակցության փորձագետը կանխատեսում է հարավկովկասյան երեք պետությունների (Հայաստանը Հարավային Կովկասի միջազգայնորեն ճանաչված երեք պետություններից մեկը չէ՞) «ենթակառուցվածքների ոչնչացում»: Էլ չխոսենք Արցախի հայ բնակչության ճակատագրից:



...«Մեծ խաղի» այլ մասնակիցներ կարող են «մոդելավորել» տարածաշրջանի «ապոկալիպսիսը»: Նպատակը հասկանալի է, ինչպես ռուսներն են ասում՝ «նաեւ ոզնուն»: Անհասկանալի է (արդյո՞ք), թե հայկական մասս-մեդիան ինչու է տիրաժավորում մեր հայրենիքի «կործանման տեսլականը»: Դա արդեն ձեռնալվայից անդին է:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ