«Ստրիպտիզից» անդին-2

«Ստրիպտիզից» անդին-2

Ռուսաստանցի քաղաքագետ Նեյժմակովի «ստրիպտիզի հաճույքը» դեռ չմարսած, Մոսկվան ավելի բարձր մակարդակից է «բացահայտումներ» անում: Այս անգամ haqqin.az-ն է ռուսաստանցի վիզավի գտել: Ընդ որում` պետական դումայի «կողասրահներից»:
Եվ իրենց «շլանգի» տեղ դրած` հարցնում է.



- Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղ բանակցային գործընթացն ակտիվացնելու Ռուսաստանի ջանքերը մատնվել են անհաջողության: Բայց չէ՞ որ այնքան ակնկալիքներ կային Սոչիի հանդիպումից հետո: Մի՞թե կողմերն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ:



- Ընդհակառակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը կողմերը ձեռք են բերել շատ կարեւոր համաձայնություններ, որոնք հանել են Ադրբեջանի զավթված տարածքները փուլ առ փուլ ազատագրելու հետ կապված վիճելի շատ հարցեր: Այդ համաձայնությունների կատարումը հնարավորություն կտար շփման գծից անարյուն ետ քաշել զորքերը, փախստականներին, որ Ադրբեջանում շուրջ մեկ միլիոն են, վերադարձնել իրենց տները: Զուգահեռ հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ապագա կարգավիճակի քննարկման հնարավորություն էր ծագում... Վերջերս Ադրբեջանի ղեկավարության հետ իմ հանդիպումներից պարզ դարձավ, որ այդ հանրապետությունը մեծ հույսերով է սպասում այդ գործընթացի սկսվելուն, եւ նրանք չեն հասկանում, թե հայկական կողմն ինչու է հետաձգում այդ սկզբունքների կատարումը,- պատասխանում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը (http://haqqin.az/news/ 34620):
Ծավալուն մեջբերման համար հայցելով ընթերցողի ներողամտությունը, նրան պետք է խնդրեմ, որ զինվի համբերությամբ: Քանի որ ստիպված եմ Դմիտրի Սավելեւի «ստրիպտիզը» մի փոքր մանրամասնել:



Եվ այսպես, ըստ ռուսաստանցի պատգամավորի, Սոչիի հանդիպման նախօրեին ՌԴ նախագահի աշխատակազմը եւ ԱԳՆ-ն «երկու հանրապետությունների միջեւ խաղաղության ավելի տրամաբանական բանաձեւ են առաջարկել, եւ, հուրախություն ռուսաստանյան կողմի, հակամարտող կողմերի նախագահներն այդ բանաձեւն ընդունել են»:



Տրամաբանական է հարցնել. «Եթե Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են ռուսաստանյան բանաձեւը, ապա ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասվել»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2007թ.-ից ի վեր ջանքեր են գործադրում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցնեն կարգավորման հայեցակարգը, ինչը մասամբ գաղտնազերծված է ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարություններում, բայց` ապարդյուն:



Եվ հանկարծ, ընդ որում` զորքերի շփման գծում հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածությունից հետո, ՌԴ նախագահը Սոչիում հրավիրում է «սեպարատ» գագաթնաժողով, ներկայացնում «ավելի տրամաբանական» (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, որոնցից մեկն էլ Ռուսաստանի ներկայացուցիչն է, մշակածի համեմատ) բանաձեւ, ինչին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «համաձայնում են», Բաքվում «մեծ հույսերով սպասում են այդ գործընթացի սկսվելուն եւ չեն հասկանում, թե հայկական կողմն ինչու է հետաձգում այդ սկզբունքների կատարումը»:



Շարունակությունն այս է. ադրբեջանական կողմը «փորձագիտական մակարդակով» ակնարկում է, որ «առաջիկայում կարող է լինել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման անհրաժեշտություն», ապա Իլհամ Ալիեւի «գերագույն գլխավոր հրամանատարությամբ» շփման գծում անցկացվում են 40 հազար ժամկետային եւ 5 հազար պահեստային զինծառայողի մասնակցությամբ զորավարժություններ` վերջին տարիներին Ռուսաստանից ձեռք բերած նորագույն զինատեսակների մարտական կիրառմամբ: Հետեւում են «Միասնություն 2014» զորավարժությունները, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր ղեկավարության ուղղակի հրամանով խոցվում է հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը:



Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե Պաշտպանության բանակի հետախույզները չիրականացնեին ուղղաթիռի զոհված անձնակազմին տարհանելու հատուկ գործողությունը: Մանավանդ որ Ադրբեջանը չէր ընդունում Միջազգային կարմիր խաչի կոմիտեի միջնորդությամբ զուտ մարդասիրական գործողություն իրականացնելու տարբերակը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկին արգելել էր մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:



Ամենահավանականը Ռուսաստանի միջնորդությունն է պատկերվում` «Սոչի- 2» տարբերակով: Դա, գուցե, նվազ ռիսկային էր ավելի մեծ լարվածության հավանականության նկատառմամբ: Բայց այդ դեպքում 1991-94 թթ. պատերազմի բոլոր ձեռքբերումների վրա խաչ կքաշվեր: Հայկական կողմն ընտրեց պատերազմի հաջողությունները պաշտպանելու եւ իր ռազմաքաղաքական ինքնիշխանությունը կտրուկ վերահաստատելու առաջնահերթությունը եւ խնդիրը լուծեց փայլուն:



Եվ, թերեւս, ա՞յդ պատճառով է ռուսաստանցի պատգամավորն ասում. «Ինչքան մենք հեռանում ենք Սոչիի հանդիպման որոշումներից, այդքան դժվար է լինելու վերադառնալ այն խաղաղ պոստուլատներին, որ թույլ են տալիս նստել մի սեղանի շուրջ եւ, միմյանց աչքերին նայելով, որոշումներ ընդունել` հանուն իրենց ժողովուրդների խաղաղ ապագայի» (նույն տեղում):



... Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է ուղղաթիռի խոցման հետաքննություն անցկացնել եւ բոլոր մեղավորներին պատժել: Ավելի ճիշտ չէ՞ր լինի հարցնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելեւին` «ինչպե՞ս եւ ինչո՞ւ է խոցվել ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական «ՄԻ-24»-ը»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ