Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի ֆիլմը լավագույնն է

Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի ֆիլմը լավագույնն է

Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում տեղի ունեցած Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. փախուստ»-ը, արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցել է 10 ֆիլմ` ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից, Սիրիայից եւ Հայաստանից:



Միջազգային ժյուրիի կազմում են եղել չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը, որոնք մրցանակը հանձնեցին հետեւյալ եզրակացությամբ. «Հարություն Խաչատրյանն իրեն հատուկ կինոտարրերի իրական զգացումով եւ դրանց գիտակից ու զգուշավոր կիրառությամբ հանդիսականին պատումի հոսքի եւ կենդանագրված իրականության ֆիզիկական մասնակիցը դառնալու հնարավորություն է ստեղծում:Պատկերների խորին գեղագիտության, ժամանակի զգացողության, ազդեցիկ հնչյունաշարի եւ երաժշտության նուրբ համադրությունը մարդու աշխարhիկ մենությանը մետաֆիզիկական որակ է փոխանցում, որտեղ հանդիսականը հաղորդակից է դառնում երջանկություն, ազատություն եւ կապվածություն որոնող խեղճ հերոսին»: 



«Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի, Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոնների, այդ թվում՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնեւի միջազգային կինոփառատոններին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: 2012 թ. «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել էր «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին:



Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի երկրորդ ֆիլմը՝ «Լեւոն. փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով, նվիրված է Լեւոն անունով մի ինժեների: Ֆիլմն այժմ մոնտաժի փուլում է: