Փաշինյանից քաղաքակիրթ մերժում են ստացել, իսկ Բագրատյանին չեն հրավիրելու

Փաշինյանից քաղաքակիրթ մերժում են ստացել, իսկ Բագրատյանին չեն հրավիրելու

Ամայացած ընդդիմադիր դաշտի նկատմամբ քաղաքական ուժերի հավակնությունները, պարզվում է, շատ տարբեր են, ոմանք առանձնակի շտապողականություն են դրսեւորում ու խոստանում «100-ամյակն առանց ռեժիմի», ոմանք ինքնահաստատման նկրտումներով դուրս են եկել նախկին թիմակիցների դեմ, մինչդեռ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու մի խումբ հակաԵՏՄ-ականներ բոլորովին չեն շտապում: Պարզվում է՝ նոր ընդդիմադիր ալյանս ձեւավորելու մասին խոսակցություններն այնքան էլ իրատեսական չեն, որովհետեւ Պարույր Հայրիկյանի նախաձեռնության նպատակը ոչ թե ռեժիմի դեմ գործնական պայքար մղող նոր բեւեռի ձեւավորումն է, այլ, կարելի է ասել՝ քաղաքագիտական քննարկումներ կազմակերպելը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակետներ փոխանակելը, արդյունքում, եթե ստացվի, դեմ չեն լինի նաեւ համատեղ պայքարին:



Դեռեւս փետրվարի 9-ից Հայրիկյանի նախաձեռնությամբ շաբաթը մի քանի անգամ հանդիպում եւ «խորհրդատվական» քննարկումներ են ընթանում արեւմտամետ հռչակված մի շարք ուժերի ներկայացուցիչների միջեւ՝ ԱԻՄ, «Ժառանգություն», վերածնված ՀՀՇ, պահպանողականներ, «Ժողովրդավարական հայրենիք» եւ որոշ ժամանակով՝ նաեւ Հիմնադիր խորհրդարան: Բայց վերջինը անցած շաբաթ հայտարարեց, որ այլեւս չեն մասնակցելու այդ հանդիպումներին, քանի որ ռեալ գործողությունների առաջարկ չեն արվում: Հրաժարվեցին մասնակցել նաեւ «ազատ դեմոկրատները»: Այդ դեպքում ի՞նչ է արվում, եւ ի՞նչ սպասելիքներ ունենալ հինգ ուժերի համատեղ հանդիպումներից: Երեկ փորձեցինք պարզել նախաձեռնության հեղինակ Պարույր Հայրիկյանից:



Պրն Հայրիկյանը հենց առաջին հարցից խիստ նեղսրտեց, հորդորեց իրենց «ոչ իշխանական» ուժեր չանվանել. «Կամ լինում ես իշխանական, կամ՝ ընդդիմադիր, թե չէ էդ օրիորդական բառերը՝ «ոչ իշխանական» կամ չգիտեմ ինչ. դրանք հակագիտական բառեր են, օրիորդը շատ լավ բան է, բայց ես նկատի ունեմ՝ երեխայական, իսկ ես երեխայական բառեր չեմ սիրում»: Ոչ «երեխայական», իսկական ընդդիմադիրները, պարզվեց, այս պահին առանձին-առանձին քննարկում են մի հայտարարության նախագիծ: Հայտարարության տեքստը գործողությունների պլա՞ն է, թե՞ համատեղ պայքարի «պայմանագիր»: «Չէ, չէ, չէ, մենք խորհրդատվական նպատակներով այդ հայտարարության մեջ ուղղակի իրազեկում ենք հանրությանը... մի քանի նախագծեր են եղել, հիմա բոլորը հանրագումարի բերելով՝ վերջնական նախագիծը պետք է բոլորը քննարկեն, եւ ասում ենք, որ համաձայնության դեպքում կարող ենք բոլորս միասին հանդես գալ, բայց քանի որ դա չկա, դրա մասին խոսելն իմաստ չունի»,- շտապեց հիասթափեցնել Հայրիկյանը:



Այսինքն՝ երկրում ստեղծված վիճա՞կն եք քննարկում, ու յուրաքանչյուր ուժ դրանից դուրս գալու իր առաջարկնե՞րն է ներկայացնում, որից հետո նոր պետք է պայքարի դուրս գաք: «Չէ, չէ, մենք հանդիպում ենք իրար ու ասում ենք՝ ով ինչ կարեւոր հարց ունի ներկայացնելու, մեկը կարող է ասել՝ եկեք ստեղծենք հեղափոխական դաշինք, մյուսը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ, այսինքն՝ մենք որեւէ սահման չենք դրել, մենք ասում ենք՝ ընդամենը կայուն կապ պահպանենք իրար հետ, առանց նախնական համապարտադիր օրակարգի, քանի որ մենք ունենք ընդհանուր միասնություն, ստրատեգիական հարցերում համախոհ ենք ու դեմ այս իշխանությունների որդեգրած կուրսին, հիմա այս ուժերը, հանդիպելով, փորձում են մի դեպքում իրենց տեսական վերլուծություններով հասնել տեսական եզրահանգումների, մյուս դեպքում՝ նաեւ գործնական խնդիրներ կատարելու հնարավորությանը»:



Այսինքն՝ Պարույր Հայրիկյանը նախ ցանկանում է դասախոսություն կարդալ ու «կիսվել» քաղաքագիտական իր պատկերացումներով, սա՞ է ձեր նախաձեռնության բուն նպատակը: «Ես պատրաստ եմ ամեն ինչի, ներառյալ գործնական քայլերի, բայց դա պետք է լինի տեսական համաձայնությունների հիման վրա»:
Հայրիկյանը հիշեց Հիմնադիր խորհրդարանի ներկայացրած բացատրությունը եւ վրդովվեց, որ «ազնիվ չեն իրենք իրենց հետ»: «Իսկ ո՞վ էր ասում, որ մենք գործողություններ պետք է առաջարկենք, մենք կազմակերպում ենք խորհրդատվական հանդիպումներ՝ մեկը դա հարմար է համարում, մյուսը՝ ոչ: Եթե դու գործով ես զբաղվում այդ ընթացքում, էլի զբաղվիր, որեւէ սահմանափակում ու կապանք դրված չէ»,- ասաց նա:



Նախաձեռնության նպատակի ու սպասվող արդյունքների մասին մեր հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Արդյունքները շատ տարբեր կարող են լինել, բայց խորհրդատվական հանդիպումները շատ օգտակար են, ցանկացած գործի մասնագետ միշտ նախընտրում է իր գործի լայն մասնագետների կարծիքը լսել եւ նաեւ իրենը փոխանցել»: Հայրիկյանն այսօրվա քաղաքական դաշտի կարեւորագույն խնդիրը համարեց «գաղափարախոսական ընդհանրություններ ունեցող ուժերի խորհրդատվական հանդիպումների բացակայությունը»: «Մենք մեր գաղափարախոսական ընկալումներով դաշինքի մեջ ենք, նույն դաշտում, եթե բոլորս կամենանք, բոլորս կպայքարենք իրար հետ: Փաստն այն է, որ այս բեւեռում համագործակցություն է նկատվում, թեկուզ առայժմ տեսական մակարդակով: Իսկ ես չեմ շտապում որպես այս գործի նախաձեռնող»: Հայրիկյանին հարցրինք՝ արդյոք խոսքից գործի անցնելու ժամանակը չէ՞: «Ցանկացած 3 հոգի, որ գործ են անում, իրար հետ խորհրդակցում են... Է, որ մյուսները գործում են, ի՞նչ են անում»:



Ի դեպ, Հայրիկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին դիմել են ու «քաղաքակիրթ» պատասխան գրություն ստացել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից. «Նրանք ոչ մերժել, ոչ էլ քննադատական բան են ասել, իրենց գործերն են վկայակոչել, որ զբաղված են կազմակերպական հարցերով»: Իսկ Բագրատյանին Հայրիկյանը չի պատրաստվում հրավիրել, որովհետեւ նա դեմ չի քվեարկել ԵՏՄ-ին միանալու նախագծին: