Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրվեց ՀՀԿ-ի այսօրվա նիստում

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրվեց ՀՀԿ-ի այսօրվա նիստում

ՀՀԿ ԳՄ նիստն այսօր նախատեսվածից շուրջ երկու ժամ ուշ մեկնարկեց․ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ չէր ժամանում ՀՀԿ գրասենյակ։ Վերջապես ժամը 23:00-ին մոտ իշխող կոսւակցության նիստն ավարտվեց։ Նշենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով այս անգամ էլ ներկա չէր նիստին, քանզի կրկին գտնվում է գործուղման մեջ, և նրա փոխարեն նիստի արդյունքները ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Հերմիեն Նաղդալյանը։



Վերջինս ասաց, որ ԳՄ նիստում քննարկվել են նախագահի կողմից այսօր իրականացված հանդիպումները վեց քաղաքական ուժերի հետ, այդ հանդիպումների ընթացքում բարձրացրած հարցերը և այն խնդիրը, որ վերաբերում է այն հանգամանքին, որ իրենք այսօր սկսում ենք սահմանադրական բարեփոխումների հետ կապված քննարկումները։



Նա ասաց, որ իր կարծիքով՝ սա իսկապես պատմական պահ է մեզ համար և Հայաստանի Հանրապետությունը նոր փուլ է թևակոխելու, և Սահմանադրությունը, որը քննարկմանն արդյունքում բարեփոխվելու է, իսկապես Հայաստանի զարգացման համար նոր տեսլական է բացելու։ Նաղդալյանը նշեց նաև, որ նախագահը կարևորել է բոլոր ուժերի մասնակցությունը այս քննարկումներին, որպեսզի ձևավորվի լայն կոնսոլիդացիա, և լայն քննարկումների ճանապարհով իրենք հանգեն այն եզրակացությանը, թե ինչպես պետք է փոխեն Սահմանադրությունը։



Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ բոլորին հրավեր չի ուղարկվել, օրինակ՝ ՀԱԿ-ին չեն հրավիրել այսօրվա հանդիպմանը, Նաղդալյանն ասաց․ «Ի՞նչ իմաստ կա հրավիրելու մարդկանց, որոնք քննարկման որևէ եզր չեն տեսնում»։



Ստացվում է՝ ԲՀԿ-ն եզր տեսնու՞մ էր, որ հրավիրեցին իրենց, Նաղդալյանն ասաց, որ ԲՀԿ-ն եկավ այն եզրակացության, որ ինքը մասնակցելու է քննարկմանը, և իրենք չեն կարծում, որ քննարկում՝ նշանակում է բոլոր հարցերի մեջ համաձայնությունը բոլորի միջև։ Քննարկում, ըստ նրա, նախևառաջ նշանակում է ցանկություն իրար լսելու և ինչ-որ մի բանի հարցում ընդհանուր եզր գտնելու։



Hraparak.am-ի հարցին՝ Սերժ սարգսյանն ինքը վերջնականապես կո՞ղմ է փոփոխություններին և ինքը այդ ուժերին, ըստ էության հրավիրել էր քննարկման, որ համոզեր նրանք նու՞կնպես համաայնեին բարեփոխումներին, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքը պարզ հայտարարել է այն մասին՝ կողմ է թե ոչ, բայց այսօր մենք ունենք իրավիճակ, որ իրավական և քաղաքական քննարկումների փուլ ենք մտել։ Այդ քննակումների արդյունքում նոր պարզ կդառնա՝ ինչպիսի փաստաթութ մենք կունենանք և դրա շուրջ նոր իրենց տեսակետը կհայտնեն՝ ինչին են կողմ կամ ինչը չեն ընդունում։



Մեր մյուս հարցին՝ հնարավո՞ր է այդ ուժերը, ոորնք մասնակցելու են քննարկմանը կտրականապես դեմ արտահայտվեն, ու Սերժ Սարգսյանը հետ կանգնի իր որոշումից, Նաղդալյանն ասաց․ «Հնարավոր է և չի բացառվում, որ նախագահը խորհրդարանի քննարկմանը ներկայացնի երկու փաստաթուղթ, որ խորհրդարանը ինքը որոշի՝ որն է համարում առավել ընդունելի»։



Իսկ թե որոնք են լինելու այդ երկու փաստաթղթերը, Նաղդալյանը սրբագրեց իր նախորդ ասածը․ «Ես չեմ ասւոմ երկու փաստաթուղթ, ես ասում եմ՝ եթե լինեն տարբեր մոտեցումներ, ապա անգամ էդ տարբեր մոտեցումնեչրը կներկայացվեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ