Օճառային օպերայից դեպի թատրոն

Օճառային օպերայից դեպի թատրոն

Զրույց «սերիալային դերասանուհի» Արևիկ Գևորգյանի հետ




ՀՀ վաստակավոր արտիստներից մինչև տարրական կրթություն ունեցող երիտասարդներ, ամենաշնորհալիներից մինչև դերասանական վարպետության աղավաղողներ. այսօր օճառային օպերաների դռները բաց են ցանկացած դերասանի համար: Պարտադիր չէ ունենալ կրթություն կամ դերասանական փորձ նմանատիպ նախագծերին մասնակցելու համար, սակայն, մյուս կողմից, օճառային օպերան կարող է դառնալ հարթակ դերասանական կարիերա սկսելու համար՝ ճանապարհ բացելով դեպի թատրոն և մեծ կինո:



Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) դերասանական ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Գևորգյանը նույնպես իր ճանապարհը սկսել է օճառային օպերաներից: Մինչև հեռուստանախագծերին մասնակցելը՝ դեռ դպրոցական տարիքից, զբաղվել է մոդելային կարիերայով, սակայն շուտով մասնակցել է օճառային օպերաներից մեկի դերասանների ընտրությանը և, ինչպես ինքն է ասում՝ «և գնաց...»:



Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերին մասնակցելուց հետո («Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը») որոշել է մասնագիտանալ դերասանական ոլորտում և ընդունվել է ԵԹԿՊԻ:
«Զգում էի դրա անհրաժեշտությունը, ցանկությունս մեծ էր մասնագիտանալու,- ասում է Արևիկը:



Չնայած դերասանական փորձը հիմնականում կապվում է հեռուստատեսության հետ, ամեն դեպքում առաջնային է համարում թատրոնը: Ըստ նրա՝ թատրոնը հոգեվիճակ է, որը չի կարելի փոխել ոչնչի հետ: Կինոն նույնպես հոգեհարազատ է, սակայն մեծ տարբերություն է տեսնում արվեստի այդ երկու ոլորտների միջև:



«Ժամանակին կարդացի մի գրառում, որը շատ դուրս եկավ,- հիշում է դերասանուհին:- Գրառման մեջ ասվում էր, որ խաղալ նշանակում է քայլել պարանի վրայով: Բեմում այդ պարանը շատ բարձր է հատակից, և ընկնելը շատ ավելի ցավոտ է, իսկ ֆիլմում այն շատ մոտ է հատակին»,- ասում էԱրևիկը:



Քանի որ Արևիկն ավելի ճանաչված է օճառային օպերաներում իր խաղացած դերերով, հետաքրքրվեինք նաև, թե ինչպես է վերաբերվում դրանց հադեպ բացասական կարծիքներին, որոնք երբեմն ծայրահեղության են հասնում:



«Առողջ քննադատությանը նորմալ եմ վերաբերվում: Քննադատության և վեճերի ընթացքում երբեմն ծնվում են շատ կենդանի դիտողություններ: Չպետք է մերժել ոչ բացասականը, ոչ էդ դրականը: Ինքս դեմ չեմ օճառային օպերաներին: Կան նյութեր, որոնք պարզապես անհնար է բացել երկու ժամվա ընթացքում: Այդպիսի նյութերը փոքր-ինչ ծավալուն են և ավելի երկար ժամանակ են պահանջում հանդիսատեսին մատուցելու համար»,- նշեց Արևիկը:



Նա համոզված է, որ Հայաստանում օճառային օպերաների մեծ ծավալները կապված են նաև թատրոնի անմխիթար վիճակի հետ: Ըստ նրա՝ եթե թատրոնի դերասանը բավականաչափ վարձատրվեր, ապա երբեք չէր նկարահանվի հեռուստատեսային նմանատիպ նախագծերում:



«Ինձ թվում է, որ այս իրավիճակից ելք կա,- ասում է նա,- մեր մասնագիտության դրական կողմերից մեկն էլ այն է, որ այն սովորեցնում է ելք գտնել ամեն իրավիճակից»:



երասաններին թատրոնից «խլող» օճառային օպերաները շարունակում են այսօր էր լցնել հայկական հեռուստաեթերը: Կփոխվե՞ն արդյոք պատկերացումները դրանց մասին, երբ նմանատիպ նախագծերը իսկապես հարթակ դառնան երիտասարդ դերասանների համար: Արևիկ Գևորգյանը անում է ամեն ինչ, որպեսզի ցույց տա, որ դա հանարավոր է:



Ռաֆայել Զարբաբյան