Հանրաքվեն ի՞նչ կապ ունի՝ կառավարությունն արդեն որոշել ա

Հանրաքվեն ի՞նչ կապ ունի՝ կառավարությունն արդեն որոշել ա

Կառավարության խելքին կրկին մի «հրաշալի» միտք է փչել՝ խոշորացնել համայնքները: Ասում են՝ դրանով համայնքների համար լավ է լինելու, բայց հստակ չէ, թե ինչով է լավ լինելու: Բայց ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը, դրա համար էլ մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ եւ Սյունիք, կանցկացվի համայնքների խոշորացմանը կողմ կամ դեմ լինելու հարցով հանրաքվե: Խոշորացման իրենք գնալու են փունջ-փունջ տարբերակով, ինչպես ներկայացրեց վարչապետը կառավարության նիստի ժամանակ:



Հիմնական նպատակն այն է, որ փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքները միավորվեն մեկ ընդհանուր համայնքում եւ մեկ կենտրոնից կառավարվեն, որն էլ թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել համայնքային բյուջեն, ինչից էլ, ենթադրվում է, կշահի համայնքը, օրինակ՝ փողոցները կասֆալտապատվեն, ինչպես նշեց համայնքապետերից մեկը: Խոշորացման վերաբերյալ դժգոհություններից մեկն այն է, որ մի հասարակ տեղեկանքի համար գյուղացիներն ստիպված են լինելու հասնել նոր ստեղծված համայնքային կենտրոն, հետո էլ՝ արդյոք համաչափ ու արդյունավետ մոտեցում կցուցաբերվի՞ նորընտիր համայնքապետի կողմից իր ենթակայության բոլոր համայնքների խնդիրների նկատմամբ: Այս եւ բազմաթիվ այլ հարցեր որոշակի մտավախություններ են առաջացրել մի շարք գյուղապետերի ու գյուղական բնակչության մոտ: Լոռու մարզում, օրինակ, նախատեսվում է միավորել Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի եւ Ահնիձորի համայնքները Թումանյան կոչվող մեկ համայնքի ներքո՝ Թումանյան կենտրոնով:



Հանրաքվեի ու խոշորացման վերաբերյալ գյուղապետերի ու գյուղացիների տրամադրությունները հասկանալու համար զրուցեցինք վերոնշյալ համայնքների ղեկավարների հետ: Նշենք, որ բոլոր գյուղապետերը ՀՀԿ անդամ են:
Մարց համայնքի ղեկավար Ռոբերտ Գալստյանը, ով 2005-ից ի վեր գյուղապետ է, մեզ ասաց, որ իրենց համայնքում բնակչության մեջ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ, իսկ ինքն անձամբ, եթե վստահ լինի, որ խոստացված գյուղական զարգացման ծրագրերն իսկապես իրականություն են դառնալու, դեմ չի լինի: Բայց խոշորացման դեպքում Դուք այլեւս գյուղապետ չեք լինի, Ռ. Գալստյանն ասաց, որ եթե գյուղի համար դրական բան է արվելու, հոգ չէ, թող ինքը գյուղապետ չլինի, կարեւորը՝ գյուղի համար լավ բան արվի: Իսկ այդ լավ բաները, ըստ գյուղապետի, ասֆալտապատումն է, ջրագծերի վերանորոգում/հիմնանորոգումը, փողոցային լուսավորությունը: Գյուղացիները հատկապես ո՞ր հարցերում են դեմ, գյուղապետն ասաց. «Խնդիրը հիմնականում էն ա, որ կարող ա ավելի բարձիթողի, արհամարհված վիճակ լինի գյուղում, որ գյուղի մասին մտածող չի լինի»: Նա նշեց, օրինակ, որ գյուղապետերին կարող է մտահոգել նաեւ այն հարցը, որ «ոչ ոք էլ չի ցանկանա իր աշխատանքը կորցնի, 50-60 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, դա էլ չեն ստանա»: Եվ «իհարկե, էդ մարդիկ գոնե իրանք իրանց մեջ դեմ են»: Իր մասով, սակայն, ասաց, որ «դե հո իր ճակատին գրվա՞ծ չի, որ ամբողջ կյանքը գյուղապետ պիտի լինի, բայց դե, գյուղապետի հաստիքն այլեւս չի լինի»:



Քաղաքի կարգավիճակ ունեցող Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանն ասաց, որ ծագիրը նոր է, պիլոտային, նպատակն այն է, որ թույլ համայնքներն ուժեղանան. միավորվելով ու համատեղ ուժերով խնդիրներն ավելի հեշտ լուծեն: Նա համաձայն չէ, թե հնարավոր է անտեսվեն որոշ համայնքներ ու անուշադրության մատնվեն համայնքապետի կողմից. «Ոչ, որովհետեւ ամեն համայնքից ավագանի ա լինելու, այսինքն՝ էդ հարցերը միանձնյա չեն լուծվի, ավագանիների որոշմամբ ա բյուջեն բախշվելու»: Զավարյանը նույնիսկ զարմացավ, թե ինչու են մարդկ դժգոհում. «Ի՞նչ ա եղել որ: Մտավախություն կա բոլորի մեջ, թե խոշորացումով եսիմինչ կլինի, բայց դուք եթե համայնքները գնաք, կտեսնեք, որ ոչ լուսավորություն ունեն էդ համայնքները, ոչ ճանապարհ ունեն, ոչ համայնքային կենտրոններ ունեն, ոչ նորմալ ջրամատակարարում, ոչ աղբահանություն ունեն: Որ խոշորանան, օրինակ՝ Թումանյանում աղբահանություն ա կատարվում, կարո՞ղ ա ես էդ աղբահանությունը մենակ նորից Թումանյանում կատարեմ, ուզած-չուզած, արդեն պիտի նորից ընդլայնվենք, որ գյուղական էլ կատարվի»: Ըստ նրա՝ կառավարությունն ուզում է, որ գյուղերի վիճակը մի փոքր բարելավվի, ճանապարհները բարեկարգվեն, համայնքային կենտրոններ ստեղծվեն: «Իսկ ժողովրդի մեջ մտել ա միայն մի բան, թե բա էդ տեղեկանքը ո՞նց պիտի տանեմ, չեն մտածում, որ հիմի 21-րդ դարն ա, մի հատ կամպյուտերով «սքան» են անում, ուղարկում, էնտեղից տպում տանում են իրանց որտեղ որ պետք ա»: Իր աթոռը կորցնելու վտանգի վերաբերյալ էլ պարոն Զավարյանն ասաց, որ ոչ մի համայնքի ղեկավար էդ աթոռի վրա չի ծնվել, ու մի օր էլ ինքն է թողնելու այդ աթոռը, ու իրեն այդ հարցն ընդհանրապես չի մտահոգում:



2002 թվականից Լորուտ համայնքի ղեկավար Հրաչյա Սահակյանն այն գյուղապետերից է, որ միանշանակ կողմ է եւ վստահ է, որ շատ լավ կլինի, եթե խոշորանան համայնքները: Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը մեզ հետ զրույցում ամենաանկեղծը գտնվեց՝ հավանաբար, մի փոքր էլ լոռեցու միամտությամբ ասաց. «Այ ցավդ տանեմ, դե ասեմ՝ կողմ եմ, ուրիշ բան ա նշանակում, ասեմ՝ դեմ եմ, ուրիշ բան ա նշանակում… համայնքի խնդիրն ա, ժողովրդի խնդիրն ա, ես կարող ա մի ոչ պիտանի գյուղապետ եմ, էսօր հազար ձեւի բան եմ մտածում, կա՛մ ստեղ կլինեմ, կա՛մ ընդեղ կլինեմ, ժողովրդի գործն ա, կգան հանրաքվե կանեն, ոնց կընթանա, նենց էլ կանեն, իրանց էգուցվա ապագայի հարցն ա: Չնայած դե էդ հանրաքվեն էլ չի էդքան դեր խաղալու, քանի որ, ասում են, չլինի էլ, առանց դրա էլ պիտի անեն, կառավարության խնդիրն ա դա, կառավարության որոշումն ա... Ասում են՝ ճանապարհները սարքելու են, հիմա որ իմանանք՝ էդ ճանապարհները սարքելու են, ջրագծի մոմենտներ կա, որ կլուծվի, որ իմանանք՝ համայնքը խնդիրներ չի ունենալու, բալքի մարդիկ էլ փոխվեն, կարող ա ասեն՝ դե որ տենց ա, դե որ ճամփեքը սարքում եք, մենք էլ կողմ ենք»:



Շուրջ 250 բնակիչ ունեցող Ահնիձոր համայնքի ղեկավար Վանիկ Քառյանն էլ ասաց, որ մի քիչ ճիշտ չի լինի միանշանակ ասել՝ կողմ է կամ դեմ, բայց նաեւ նկատեց, որ ինքն իր համայնքի խղճուկ բյուջեով, որը տարեկան 2 մլն դրամ է կազմում, ոչ մի ծառայություն չի կարողանում մատուցել: «Էստեղ մի պահով հասկանալի ա, որ խոշորի հետ կարող ա ինչ-որ հարց լուծվի, դե, բնականաբար, էնտեղ խոստանում են ճանապարհներ, ջրագծեր, չգիտեմ ինչ, որը ես չեմ կարողանում անել»,-ասաց Քառյանը՝ նշելով, որ Ահնիձորում այս հարցում տրամադրությունները 50/50 են: Նրան եւս չի անհանգստացնում այն հարցը, որ կարող է զրկվել իր պաշտոնից, քանզի ինքը պատրաստ է էդ պաշտոնն էլ, կնիքն էլ թողնել, եթե դա պետք է բխի իր ժողովրդի շահերից:



Լոռու մարզպետարանի վարչության նախկին պետերից մեկն էլ, ով չցանկացավ անունը նշել, մեզ հետ զրույցում նախ ասաց, որ խոշորացման ենթակա համայնքներից ամենամոտը Քարինջն է, ամենահեռուն՝ Ահնիձորը, եւ այդ համայնքներում ճանապարհները չափազանց վատ վիճակում են, որ եթե մեկ ընդհանուր համայնք դառնա, գյուղացիների վիճակը կծանրանա, մի տեղեկանքի համար ստիպված են լինելու այդ անբարեկարգ ճանապարհներով գնան հասնեն Թումանյան, հետ գան: Նա նաեւ նշեց, որ խոշորացման դեպքում գյուղերում 5-7 աշխատատեղ կկորցնեն, փոխարենը՝ մի հոգու կնշանակեն համայնքային կենտրոնում, որպես տվյալ գյուղի ներկայացուցիչ, եւ գյուղի հարցերը կփորձեն լուծել այդ մեկի միջոցով: Նա նաեւ նշեց, որ գյուղացիների 90 տոկոսը դժգոհ է այս ծրագրից եւ չի ցանկանում, որ գնան խոշորացման: