Հեպատիտ B-ով հիվանդներին տանում են բանակ

Հեպատիտ B-ով հիվանդներին տանում են բանակ

Հեպատիտ B-ով հիվանդներին զարգացած երկրներում, նույնիսկ Ռուսաստանում բանակ չեն տանում: Այն վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը բերում է դեղնախտի կամ այլ ծանր պաթոլոգիաների, իսկ քրոնիկական ընթացքի ժամանակ առավել վտանգավոր հետեւանքներ է ունենում՝ ընդհուպ լյարդի ցիրոզն ու քաղցկեղը: Բայց Հայաստանը, ինչպես հայտնի է, զարգացած երկիր չէ, եւ մեր զինապարտների համար նորմալ երկրների պայմանները չեն գործում, ինչն առաջացնում է հավաքագրված հիվանդների եւ նրանց ծնողների դժգոհությունը: Մեր տեղեկություններով, նրանցից մեկն առաջիկայում դատի է տալու պաշտպանական գերատեսչությանը հեպատիտ B-ով հիվանդին զորակոչելու համար:



Ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2013 թվականի ապրիլի 8-ի հրամանի, որով սահմանվում է «Զինապարտների եւ զինծառայողների առողջական փորձաքննության կարգը», հեպատիտ B-ն թեթեւ հիվանդություն է համարվում, որով տառապողները չեն ազատվում ժամկետային զինվորական ծառայությունից: Այս օրենքի 18-րդ հոդվածում գրված է, որ հեպատիտ B-ի անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելու համար, եւ որ «Հեպատիտ A-ի միջին եւ ծանր, հեպատիտ B-ի հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում՝ բուժման ավարտից հետո տրամադրելով վերականգնողական արձակուրդ»:



Վտանգավոր չէ՞ արդյոք հեպատիտով հիվանդներին ժամկետային զինծառայությունը: Այս հարցն ուղղեցինք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության թերապեւտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լյուդվիգ Նանիջանյանին, որը ժամանակին մասնակցում էր կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին: «Ես ինքս, որպես թերապիայի ամբիոնի վարիչ, դեմ եմ, որ հեպատիտ B-ով հիվանդներին տանեն բանակ:



Պետք է փոխել օրենքը։ Լրացուցիչ մեկ այլ հիվանդություն, հեպատիտ B-ով հիվանդի դիետայի խանգարումը կամ խմիչքի օգտագործումը կարող են սրել եւ բարդացնել այս հիվանդությունը»,- պատասխանեց պրոֆեսորը:



- Նախարարի հրամանով սահմանված է, որ այս հիվանդության հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում: Զինվորական հոսպիտալներում կա՞ն այդպիսի բաժանմունքներ:



- Նման բաժանմունք միայն Նորք-Մարաշի հիվանդանոցն ունի, որն զբաղվում է այդ պաթոլոգիայով: Իհարկե, միշտ չէ, որ հեպատիտ B-ն ծանր հետեւանքների է բերում: Կարող է եւ ոչինչ չլինել, եթե հետեւողականորեն զբաղվեն, հետեւեն հիվանդության ընթացքին, դիետան պաշտպանեն: Բայց դիետայի նույնիսկ թեթեւ խախտումը կարող է բերել լուրջ բարդությունների։



- Ի՞նչ բարդությունների մասին է խոսքը, եւ արդյոք վտանգավո՞ր են դրանք:



- Ոչ ոք չի կարող ասել։ Մինչեւ լյարդի ցիրոզի կարող են հասցնել։
Ահա այսպիսի կարկանդակներ: Իսկ թե ինչ «իդեալական» տեղ է հայկական բանակը խիստ սննդակարգ (դիետա) պահելու համար, կարելի է տեղեկանալ արդեն ծառայած եւ վերադարձած զինվորներից: Նրանցից մեկի մայրը պատմում էր, որ որդուն կարտոֆիլի փոշի են տվել, եւ երբ «պրիսյագի» օրը գնացել է տեսնելու, այնքան է նիհարած եղել տղան, որ հազիվ է նրան ճանաչել: