Իշխանության համար նշանակություն չունի՝ հոսանքը միլիո՞ն կարժենա, թե՞ 100 դրամ

Իշխանության համար նշանակություն չունի՝ հոսանքը միլիո՞ն կարժենա, թե՞ 100 դրամ

էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ալիքը մի քանի օր է՝ չի դադարում։ Իսկ պատճառն այն է, որ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմումով: Նախապես ՀԷՑ-ը ներկայացրել է 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը միանգամից մոտ 17 դրամով թանկացնելու հայտ: Պարզվում է՝ դրա պատճառն էլ այն է, որ ՀԷՑ-ն ունի կուտակված պարտքեր։ ՀԷՑ-ին պատժելու համար քաղաքացիները նախօրեին 2 ժամ հրաժարվեցին էլեկտրաէներգիայից, իսկ երեկվա բողոքի ցույցին, Երեւանից բացի, միացել էին նաեւ հանրապետության 15 քաղաքներ եւ մարզային կենտրոններ՝ Գյումրի, Սիսիան, Վանաձոր, Աշտարակ, Ապարան, Իջեւան, Մասիս։



Երգահան, երաժիշտ Արտավազդ Բայաթյանը, անդրադառնալով քաղաքացիների բողոքի ալիքին, նշեց, որ մարդիկ պարտավոր են իրենց իրավունքների համար պայքարել, թե ինչքանով դրանք արդյունք կտան, դժվար է ասել, բայց պետք է դիմակայել եւ ցույց տալ, որ կա ուրիշ կարծիք, որի հետ պետք է հաշվի նստի իշխանությունը։ Բայաթյանը կասկածում է, որ կառավարությունն ականջ կդնի ու կփորձի ըմբռնել խնդիրը, որովհետեւ ամեն տեսակի անհասկանալի ֆինանսական գործողությունների առնչությամբ դեռ ոչ մի անգամ ոչ մեկից բացատրություն չի լսել, ավելին՝ պատասխանատու պաշտոնյա անձը կամ ելույթ է ունենում եւ համոզում է, որ ամեն ինչ ճիշտ է, կամ էլ մուննաթ է գալիս, ուրիշ ոչ մի բան։
ՀԷՑ-ի կուտակած պարտքերի հետ կապված՝ Բայաթյանն ընդգծեց, որ նախ պետք է պարզել, թե ինչ ժամկետում եւ ինչ պատճառով են դրանք կուտակվել, եւ ով է մեղավոր․ «Այստեղ մի կարեւոր բան կա՝ կամ ցանկություն չկա հասկանալ, թե դա ում պատճառով եւ ինչպես է եղել, կամ էլ համաձայնենք, որ այդպես եղել է, լավ է, թող այդպես էլ լինի, ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ, եթե մի քաղաքացի պետությունից 10 դրամ հափշտակի, նրան կարող է 10 տարով նստացնեն։ Եթե պետությունը չգիտի, որ ինչ-որ մի բան հափշտակվել է, ուրեմն նա իրավիճակը չի կարողանում վերահսկել, եթե գիտի, բայց լռում է, դա էլ ուրիշ բան է նշանակում։ Մեզ մոտ ամեն մի փոփոխություն ուղեկցվում է գաղտնիքներով։ Մեր տնաքանդությունն այն է, որ ժողովրդից ինչ-որ բաներ ուզում են թաքցնել, թե ինչ գաղտնիքներ են, չեմ հասկանում, երբ մեր տունը թալանվում է»։



Այն, որ եթե էլեկտրաէներգիան թանկացավ, մնացած ամեն ինչն էլ կթանկանա, ու սա արդեն կլինի վերջին կաթիլը ժողովրդի համբերության բաժակի մեջ։ Բայաթյանի կարծիքով, ցեղասպանություն տարած ժողովրդի համար դա վերջին կաթիլից էլ այն կողմ է․ «Նույնիսկ մինուս է, մեր համբերությունն ուղղակի անսահման է, եւ բոլոր իշխողներն էլ դա շատ լավ հասկանում են եւ հասկանում են, որ կարելի է շահագործել այդ համբերությունը ու գերշահույթներ կորզել։ Մենք գուցե ճշմարտասեր ժողովուրդ ենք, բայց ինչ-որ մի տեղ անհետեւողական ենք եւ մի քիչ էլ՝ վախկոտ։ Իսկ այն, որ մարդիկ պարտավոր են իրենց իրավունքների համար պայքարել, միանշանակ է, ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է՝ ոչ մի իշխանություն հենց այնպես ոչ մի բան չի տալիս, բոլորը պայքարով են վերցնում, որովհետեւ իշխանության համար նշանակություն չունի՝ իր հոսանքը միլիո՞ն կարժենա, թե՞ 100 դրամ, իրենք բավարարված են, իսկ ժողովրդի համար դա կարեւոր է, եւ այդ թանկացումը կարող է մի նոր խթան լինել արտագաղթի, որովհետեւ, եթե մարդը հուսահատ է, նա լքում գնում է երկիրը»։
Բայաթյանի կարծիքով, իշխանությունները ոչ մի անգամ էլ զիջման չեն գնում․ «Զիջման գնում են ծայրահեղ դեպքում, երբ այդ խնդիրն այլեւս ոչ մի ձեւ փակել չի լինում, իսկ իշխանությունը փափուկ բարձ չի, ու իրենց կոշտությունը, այսպես թե այնպես, մի ձեւ պետք է ցույց տան։ Մարդկանց բողոքը մնում է միակ ձեւը»։