ՊՆ-ի պերճանքն ու զինվորների թշվառությունը

ՊՆ-ի պերճանքն ու զինվորների թշվառությունը

Կարեն Աղվանյանն Օձունից է։ Երկու երեխաների հայր։ Հարազատ գյուղում ապրելը նրա համար շքեղություն է։ Ոչ աշխատանք ունի այնտեղ, ոչ տուն։ 10 տարուց ավելի պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագրով հերթագրվածների մեջ է։ «Կողքից-ղրաղից բոլորն ստացան, երեւի իմ նմանների համար չի էդ ծրագիրը»,- ասել է Կարենը կնոջը՝ Մադլենին, երբ երեք տարի առաջ Վանաձորի զինկոմիսարիատից նրան հերթական անգամ խաբել են, ասելով․ «Սպասի, լավ կլինի»։ Այն ժամանակ նա մեկնել է Մոսկվա, արտագնա աշխատանքի, եւ երեք տարի մի կոպեկ փող չի ունեցել, որ տոմս առնի, գա երեխաներին տեսնելու։ Մնացել է Ռուսաստանում, «ռեմոնտի» գործով զբաղվելով, մարդկանց տների պատերին նկարներ է արել, այդտեղ էլ քնել։ «Կարենը նկարիչ տղա է, շնորհք ունի»,- պարծենում է կինը։ Բայց դա էլ արդեն հազիվ է ստացվում Կարենի մոտ։ Խանգարում է ոտքը, որը չկա։



Կարեն Աղվանյանը ոտքը կորցրել է 18 տարեկանում, երբ ժամկետային զինծառայող էր։ Հրամանատարի հանձնարարությունը կատարելիս պայթել է ականի վրա։ Արդեն 18 տարի ծնկից ներքեւ պրոթեզ է կրում, բայց երկար չի կարողանում ոտքի վրա մնալ։ Պրոթեզը, հարելով մաշկը, վերքեր է առաջացրել։ «Եթե երկար է քայլում, մի տեղ նստում է, հանում է պրոթեզը, հանգստանում է, նոր շարունակում ճանապարհը»,- պատմում է հարեւանուհին՝ Սեդան։ Ընտանիքի միակ եկամուտը Կարենի երկրորդ կարգի հաշմանդամության չոր թոշակն է՝ 64 հազար դրամ։ Սրանով ապրում են երկու երեխաներն ու կինը, որն օր է մթնեցնում՝ Մոսկվայից փող սպասելով։ Այդ փողը ոչ միշտ է գալիս։ Միայն՝ երբ Կարենը գործ ունի։ Ինքն ու Բարձրյալը միայն գիտեն, թե ֆիզիկական ինչ տառապանքի գնով է նա ծանր աշխատանք կատարում։ «Նենց հիվանդ ա, որ ամեն անգամ էլ բուժման կարիք է լինում, եթե պրոթեզը մի քանի օր պահում է ոտքին, վերքը բացվում է»։



Բայց Կարենի համար դեղորայք գնել նրա կինը՝ Մադլենը, չի կարողանում։ Վերքերը բուժում է խորովված սոխով, որն ավելի էժան է, քան ապաքինող քսուկները․ «Խորոված սոխը դնում ենք, թարախը քաշում է,- պատմում է Մադլենը,- դա հեչ, յոլա կգնանք, մեզ տուն է պետք, տան հարց է պետք լուծել։ Ես երկու երեխեքիս հետ քեռիներիս տանն եմ ապրում, Կարենը ստեղ չի գալիս։ Ո՞ւր գա։ Առանց այն էլ 5 հոգով ենք մեկ սենյակում»։ Մադլենից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս տարիների ընթացքում պաշտպանության նախարարությունն օգնե՞լ է իրենց ինչ-որ բանով։



Ի վերջո, Կարեն Աղվանյանը ծառայության ժամանակ է ոտքը կորցրել, եւ ով-ով, բայց Սեյրան Օհանյանը նրան պետք է որ լավ հասկանա։ «Ոչ մի հարցով չի օգնել այսքան տարում»,- ասաց կինը, հետո մտածեց ու թե՝ փող-բան մեզ պետք չի, եթե օգնի, թող տուն տա, ուրիշները ո՞նց են ստանում, քայքայվում է մեր ընտանիքը։ Հարեւանուհին՝ Սեդան, կողքից ըմբոստացավ․ «Բայց ինչո՞ւ պետք չի։ Ամեն ինչ էլ պետք ա, փող էլ, օգնություն էլ, դեղ էլ, տուն էլ»։ «Չէ,- ասաց Մադլեն Մարգարյանը,- առաջնայինը տունն է։ Իսկ «Հրապարակը» կարո՞ղ է գրել նամակ Սեյրան Օհանյանին, մեզ համար տուն խնդրել»։ Ոչ, «Հրապարակը» կարող է գրել այսպես․ Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, թանկարժեք շորերով լուսանկարվում են շքեղ ռեստորաններում, ճաշկերույթների ժամանակ, եւ այդ ճաշկերույթների եւ զգեստների գինն օձունցի Կարեն Աղվանյանի եւ նրա կնոջ՝ Մադլեն Մարգարյանի մեկ տարվա ապրուստից թանկ է։



Չենք ասում՝ մի գնացեք ռեստորաններ, մի «փիառվեք», մանավանդ, մի հագնվեք, մի շրջագայեք, մի վայելեք այս աշխարհի բարիքները, մի զեկուցեք, որ ամեն ինչ լավ է, եւ մեկ տարում 74 զինծառայողի բնակարան եք տվել։ Վատն էլ ասեք, ձեր սխալը, ձեր թերացումը, ձեր մեղքն էս աղքատ, հարստահարված ժողովրդի հանդեպ մի թաքցրեք։ Ճաշկերույթների, ճոխ միջոցառումների եւ շրջագայությունների ժամանակ մի պահ լռեք եւ հիշեք Կարենի եւ Մադլենի նման ձեզանից երիտասարդ եւ գուցե գեղեցիկ զույգերի մասին, որոնց համար անգամ հայրենի գյուղում իրար կողքի ապրելն այսօր երազանք է դարձել։ Մանավանդ, որ այս երկրի նախագահն եք ուզում դառնալ։