Սեյրան Օհանյանի, դատավորի ինքնաբացարկի եվ «մզած լիմոնի» մասին

Սեյրան Օհանյանի, դատավորի ինքնաբացարկի եվ «մզած լիմոնի» մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հայցն ընդդեմ «Հրապարակի»՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ, մայիսի 26-ին մակագրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտնել, համարելով, որ այս գործով կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ։ «Ես ընդամենը գրել եմ, որ պաշտպանության նախարարի եւ իմ երեխաները համադասարանցի են, եւ սա կարող է անկողմնակալ դիտորդին անաչառության կասկածների տեղիք տալ։ Սրա մասին է խոսքը»,- պարզաբանեց դատավորը։ Հայցը քննվելու է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ։



Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Հրապարակը» տպագրել է «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի եւ Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությանը, նաեւ 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել։ Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, եւ այդ հերքումը նույնպես տեղ է գտել նշված հոդվածում։ Սակայն Օհանյանի կնոջ փաստաբան Կարեն Մեջլումյանը համարում է, որ «Հրապարակը» զրպարտել է իր վստահորդ Ռուզաննա Խաչատրյանին եւ չի ճշտել նրանից այս տեղեկությունը։ Հետեւողականությունն ու ճշմարտության բացահայտմանը հետամուտ լինելու ձգտումը թերեւս հասկանալի լիներ, եթե Ռուզաննա Խաչատրյանը, բացի իր անձնական հարցերով իրավապահներին դիմելուց, նաեւ մտածեր բանակում վնասված, հիվանդ վիճակում զորակոչված տղաների առողջության մասին, պահանջեր ՊՆ համակարգում կատարվող զարհուրելի հանցագործությունների անաչառ քննություն, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործերի արդար վերանայում, այն, ինչ տարիներով պահանջում են սեւազգեստ մայրերը։



Լավ կլիներ, եթե Ռուզաննա Խաչատրյանը գնար կանգներ բանակում մահացած հիվանդների դագաղների գլխին, այն տղաների, որոնց անօրեն պաշտոնյաներն ապօրինի բանակ են տարել։ Այդ տղաներից էին Խդր Սարոյանը՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որի դին հողին հանձնեցին կիրակի։ Նրա առողջական վիճակն ստուգող բժիշկներից եւ ոչ մեկը չէր նկատել, որ տղան քաղցկեղ ունի, եւ այդ վիճակով տարել էին բանակ։ Ահա այսպիսի դեպքերի համար պետք է աղմուկ բարձրացնեն «Ռազմական բժիշկների ասոցիացիան» ու Ռուզաննա Խաչատրյանը եւ իրենց վարկանիշով ու ազդեցությամբ օգնեն հասարակ մարդկանց։ Այ, սա կարող էր լինել նրանց պատվի եւ արժանապատվության հարցը։ Բայց ոչ։ Ոչ Ռուզաննա Խաչատրյանը, ոչ էլ նրա ղեկավարած «Ռազմական բժիշկների ասոցիացիան» նման բաներով չի զբաղվում։



Փոխարենը նա «Հայ զինվորին» սրտաճմլիկ հարցազրույցներ է տալիս այն մասին, որ իր ամուսինը հասարակ մարդ չէ․ «Ես երբեք չեմ կարողացել Սեյրան Օհանյանին վերաբերվել որպես սովորական մարդու՝ ամուսնու»։ Սեյրան Օհանյանի հերոսությունը նա դիտարկում է Ֆրանսիայում, դեսպանատանը, սեղանապետություն անելու շրջանակներում, իսկ ինտելեկտուալությունը դիտարկում է «լիմոնի» թեմայի շուրջ։ «Հիշում եմ,- գրում է Խաչատրյանը նախարարի հետ իր առաջին հանդիպման մասին,- երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո, հատկապես վրան մզած լիմոնը»։ Հուզիչ է հարցազրույցի այն հատվածը, որտեղ Ռուզաննա Խաչատրյանը պատմում է, թե ինչպես է Ֆրանսիայում կատարելագործվել որպես բժիշկ։



Մասնագիտական գիտելիքներից առավել նրան հետաքրքրել են արդուզարդը եւ շքեղությունը․ «Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերեւից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս)։ Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից ու ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով…»։