Թող մամայի մոտ լինի, թեկուզ ոջիլներով

Թող մամայի մոտ լինի, թեկուզ ոջիլներով

Այսօր Ազատության հրապարակում քաղաքապետարանը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ համերգ էր կազմակերպել, գունավոր կավիճներ էր բաժանել, նվերներ, գրենական պիտույքներ ու մարզական պարագաներ։ Այս տոնին մասնակցելու էին եկել նաեւ հատուկ դպրոցների նախկին սաները՝ իրենց ծնողների հետ։ Ընդամենը մի քանի օր առաջ այդ երեխաները գիշերում էին դպրոցում։ Հիմա մայրերը նրանց տուն են տարել, ընտանիք, որտեղ երեխան գուցե այնքան էլ ապահովված կյանքով չի ապրում, բայց գոնե երջանիկ է։ 2014 թվականին ընդունվեց «Ներառական կրթության մասին» օրենքը, եւ սկսվեց հատուկ դպրոցների բեռնաթափման ծրագիրը։ «Հիմա ներառական կրթության 150 դպրոց ունենք, 2000-ից ավելի աշակերտներով, ներառյալ ամբողջությամբ Տավուշի մարզը,- պատմում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։- Հիմա այս դպրոցների թիվը կավելանա, եւ մաս-մաս կգնանք համընդհանուր ներառման։ Այսինքն, եղած 23 հատուկ դպրոցներից շատերը կփակվեն կամ ռեսուրս կենտրոններ կդառնան, կօգնեն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ կրթությունը կազմակերպել»։ Ըստ Նարինե Հովհաննիսյանի, մինչեւ 2022 թվականը կհասնենք նրան, որ կմնա 2-4 հատուկ դպրոց՝ չտեսնող, լսողական եւ խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։



- Տիկին Հովհաննիսյան, հայտնի է, որ ծնողները երեխաներին բերում են հատուկ դպրոցներ ոչ այնքան կրթության առանձնահատուկ պայմաններ ապահովելու, որքան տանը պահել չկարողանալու, այսինքն՝ սոցիալական պատճառներով։ Հիմա այդ երեխաները տուն գնալով, արդյոք փողոց չե՞ն ընկնում։



- Այս տարիների ընթացքում մենք զրույցներ ունեցանք ծնողների հետ, աշխատեցինք ներազդել մտածողության վրա, համոզել, որ երեխաներին տուն տանեն։ Կանչում էինք իրենց, զրուցում էինք, ուսումնասիրում էինք այդ ընտանիքները։ Որոնք որ առավել բարենպաստ էին, տարան երեխաներին։ Հիմա 53 հատուկ դպրոցներից մնացել են 23-ը։ Բացի դա, մենք խստացրել ենք ընտրությունը։ «Ներքեւից» ենք արգելում, որ սոցիալապես անապահովը մուտք գործի դպրոց։ Եթե տեսնում ենք, որ համեմատաբար նորմալ երեխա է, չենք ընդունում։ Բայց կա խնդիր ընտանիքների հետ, մենք դա ընդունում ենք։
Նարինե Հովհաննիսյանը պատմեց, որ Ազատության հրապարակի միջոցառման ժամանակ տեսել է մի քանի օր առաջ տուն գնացած երեխաների, որոնք եկել էին միջոցառման իրենց ծնողների հետ․ «Հատուկ դպրոցի տնօրենը, այն դպրոցի, որտեղից երեխան դուրս էր բերվել, ոջիլներ գտավ։ Իհարկե, սա պրոբլեմ է։ Բայց ամեն դեպքում մտածում ենք՝ թող մամայի մոտ լինի, թեկուզ ոջիլներով, մի օր էլ այդ ոջիլները կվերանան»։



Ըստ Նարինե Հովհաննիսյանի, կրթության նախարարությունը որեւէ դրամական օգնություն չի տրամադրում այն ծնողներին, որոնց երեխաները դուրս են բերվում հատուկ դպրոցներից, եւ սա սոցապնախարարության խնդիրն է։ «Պետք է որ աջակցեն, որ ընտանիքների վիճակը բարելավվի»,- ասաց նա։